Հոկտեմբերի 18-ին Պրահայի հանրահայտ Ռուդոլֆինում համերգասրահում մեր ժամանակների հռչակավոր ջութակահար 35-ամյա Սերգեյ Խաչատրյանը հերթական անգամ գերեց չեխ հանդիսատեսին, Չեխական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ վարպետորեն կատարելով Բրամսի Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտը։ Դահլիճը տասնյակ րոպեներ հոտնկայս ծափահարություններով բաց չէր թողնում անվանի հայ ջութակահարին, մինչեւ որ Սերգեյն իր շնորհակալությունը հայտնեց կոմիտասյան «Հավուն հավունի» չքնաղ կատարումով, որն առանց փշաքաղվելու անհնար էր լսել։ Սերգեյի հետ ելույթ ունեցավ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը Ալեքսանդր Լիբղայխի փայլուն ղեկավարությամբ։
Ինչպես հետո մեզ խոստովանեց Սերգեյը, Բրամսի ընտրությունն ինքն է կատարել դեռեւս մեկ տարի առաջ, երբ նույն նվագախմբի հետ Պրահայում կատարել է Շոստակովիչի ջութակի կոնցերտը։ «Ինչպես մյուս ստեղծագործությունները, այս կոնցերտն էլ մեծ նշանակություն ունի ինձ համար, այլապես չէի նվագի։ Բրամսն ինձ համար խորհրդանշում է մարդկային ամենամաքուր եւ բացառիկ զվացմունքների արտահայտման ձեւը՝ երաժշտության միջոցով։ Եվ ոչ միայն մարդկային, այլեւ՝ բնության։ Եթե կարելի է գեղեցիկ բառն այստեղ օգտագործել, ապա Բրամսի այս կոնցերտն ինձ համար ամենագեղեցիկն է»,- ասաց Խաչատրյանը։
Առաջիկայում սպասվում են անվանի ջութակահարի ելույթները Եվրոպայի տարբեր քաղաքներում եւ ոչ միայն նվագախմբերի հետ։ «Իսկ նոյեմբերին քրոջս՝ դաշնակահար Լուսինե Խաչատրյանի հետ շրջագայելու ենք Իտալիայում համատեղ համերգներով եւ մեկ համերգ էլ ունենք Իսպանիայում»,- ասաց նա։
Նշենք, որ դեռ անցյալ տարի Սերգեյ Խաչատրյանը իբրեւ Չեխիայի ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կատարող ապրիլ ամսին ծրագրված երկու համերգ ուներ Պրահայում, բայց համավարակի պատճառով այդ համերգները չեղյալ համարվեցին։ Այդ ընթացքում ինչպես երաժիշտն է ասում, անցել են բոլորին բնորոշ զգացմունքային փուլերը, ժամանակը հիմնականում անցկացրել է ընտանիքի հետ։
Մեծ ծրագրեր կան նաեւ Հայաստանի հետ կապված, ուր ցանկություն ունի կատարելու ժամանակակից հայ կոմպոզիտորի գործ, ինչպես նաեւ այլ նախագծեր, որոնց մասին դեռեւս չի ցանկանում հայտնել։
Վերջում նշենք, որ համերգային ծրագիրը նվիրված էր Հայաստանի անկախության 30-ամյակին, եւ անցկացվեց Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի բարձր հովանու ներքո։ Վերջինս համերգի կազմակերպիչներին եւ անվանի երաժիշտներին իր շնորհակալությունը հայտնեց համերգից հետո հրավիրված ընդունելությանը։
Նշենք նաեւ, որ համերգային ծրագրի առաջին մասում սիմֆոնիկ նվագախմբի եւ Պրահայի ֆիլհարմոնիկ երգչախմբի կատարմամբ հնչեցին Մենդելսոնի եւ Ստրավինսկու ստեղծագործությունները։
Հ.Ա.
ՕՐԵՐ
Լուսանկարները՝ Vojtěch Brtnický եւ Հ.Ասատրյանի