Քուիրինալի պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը
Այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցն Իտալիայի Հանրապետություն:
Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Իտալիայի պետական օրհներգերը: Քուիրինալի պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Հայաստանի և Իտալիայի նախագահները կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:
Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջո Մատարելլան կրել են երկու երկրների բարձրագույն պետական պարգևների՝ Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանի և Իտալիայի Հանրապետության Մեծ խաչի ասպետ ժապավենակիր շքանշանի շերտաձողիկները: Այդ պարգևներին նրանք արժանացել էին 2018թ. երկու երկրների միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Հայաստանի և Իտալիայի նախագահների մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-իտալական բարձր մակարդակով բանակցություններ
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Իտալիայի նախագահին՝ պետական այցի հրավերի և ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ վերջին տարիների փոխայցելություններն ու երկու նախագահների պետական այցերը վկայում են հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: «Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի։ Վերջին երկու հազար տարին դա նաև քրիստոնյա Հայաստանի և քրիստոնյա Իտալիայի հարաբերություններն են: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում, և հույս ունեմ, որ այս այցելությամբ կդնենք նոր՝ գուցե հաջորդ 2000 տարվա հարաբերությունների հիմքերը»,- ասել է նախագահ Սարգսյանը։
Անդրադառնալով 44֊օրյա պատերազմին, դրա հետևանքներին և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, իսկ լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցային ճանապարհն է. «Մենք նայում ենք ապագային՝ հուսալով, որ զինադադարը մի օր կդառնա խաղաղություն, և մեր բարեկամների՝ մասնավորապես, Իտալիայի հետ կզբաղվենք ստեղծագործ աշխատանքով՝ ամրացնելով մեր հարաբերությունները քաղաքական, իրավական, ֆինանսական, նոր տեխնոլոգիաների և ընդհանրապես մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում: Այդ նպատակով եմ այցելել Իտալիա»։
Ողջունելով Հայաստանի նախագահի և նրա գլխավորած պատվիրակության այցը Իտալիա՝ նախագահ Սերջիո Մատարելլան մասնավորապես նշել է, որ 2018թ. Հայաստան կատարած իր այցից ջերմ հիշողություններ ունի։
«Վստահ եմ, որ այս այցը նոր լիցք է հաղորդելու դրանց շարունակական զարգացմանը։ Հայաստանը մեզ համար առաջնահերթ երկիր է: Մենք այսօր COVID 19-ի դեմ պատվաստանյութի 45 հազար դեղաչափ ենք առանձնացրել Հայաստանի համար: Մենք կարողացանք փոխադարձ օգնության հասնել միմյանց այդ ողբերգական իրադարձության ժամանակ»,-ասել է նախագահ Մատարելլան:
Իտալիայի նախագահը ցավ է հայտնել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ զոհերի համար: «Մենք միանգամայն համոզված ենք, որ վերջնական լուծում կարելի է գտնել բանակցային գործընթացի միջոցով,- ասել է նա: -Անհրաժեշտ է, որ երկկողմ կառուցողական մթնոլորտ ստեղծվի, որպեսզի իրավիճակը կարգավորվի։ Շատ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերը իրավիճակի կայուն լուծման համար: Մեզ համար Հայաստանը վստահելի գործընկեր է տարածաշրջանում»:
Նախագահ Սարգսյանի պետական այցի շրջանակում երկու երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ փաստաթղթեր կստորագրվեն կրթության, արդարադատության, առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։
Կարդալ ավելին՝ https://bit.ly/3Fm8Tg6
Հետևեք մեզ նաև Telegram-ում՝ https://t.me/PressPresident