Հոկտեմբերի 5-ին Պրահայի համալսարանի գլխավոր մասնաշենքի՝ Կարոլինիումի Վլաստենեցկի սրահում բացվեց առաջին հայագիտական գիտաժողովը, որը նվիրված է համալսարանում Հայագիտական ամբիոնի\Armenian Chair-ի ստեղծմանը եւ Հայաստանի անկախության 30-ամյակին։
Գիտաժողովը վարեց Հայագիտական ամբիոնի համակարգող Հանուշ Նիկլը։
Ներկա հայագետներին եւ գիտնականներն ողջույնի խոսքով դիմեց Կարլի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Տոմաշ Զիման, որը նշեց, որ հայագիտական ուսումնասիրությունների ավանդույթները շարունակվում են, եւ ոչ միայն կարեւորեց նման ամբիոնի ստեղծումը, այլեւ հայ ժողովրդի պատմության, մշակույթի ավելի մասնագիտացված հետազոտությունը։ Նա հույս հայտնեց, որ այս նոր նախաձեռնությունը, որը կյանքի կոչվեց Հայաստանի դեսպանության եւ համալսարանի համատեղ ջանքերով, նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ բարեկամությանը եւ գիտնականների միջեւ համագործակցությանը։
Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանն իր ողջույնի խոսքում նույնպես շնորհակալություն հայտնելով համագործակցության համար, նշեց, որ պատմական օր է ոչ միայն Չեխիայի, այլեւ ողջ հայագիտության համար, որը ազդարարում է հայագիտական ուսումնասիրությունների վերածնունդը Կարլի համալսարանում։ Այս գիտաժողովը առաջին փորձն է համախմբելու Չեխիայի տարբեր քաղաքներում աշխատող հայագետներին։ Նա հույս հայտնեց, որ ապագայում նման գիրտաժողովները կունեան պարբերական բնույթ։ Վերջում դեսպանը կարեւորեց, որ Հայաստանի համար այս ծանր եւ դրամատիկ ժամանակաշրջանում, ավելի մեծ նշանակություն է ստանում հայագետների կատարած աշխատանքը։
Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Միխալ Պուլմանը նույնպես ողջունելով հայագիտական ուսումնասիրությունների վերսկսման փաստը, նշեց, որ հպարտ են, որ իրենց ֆակուլտետում ուսումնասիրելու են ոչ միայն հայ ժողովրդի պատմությունը, այլեւ արդի ժամանակների հայ կյանքը, մշակույթը եւ զարգացումները։
Փիլիսոփայության ֆակուլտետի Հարավեվրոպական ուսումնասիրությունների բաժնի ղեկավար Ստանիսլավ Թունիսն իր խոսքն սկսեց Պրահայում ծնված հայտնի գրող Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գրքի նշանակության մասին դիտարկումներով, խոսելով Հայոց ցեղասպանության մասին։ Նա ընդգծեց, որ դեռ 1990ականներին գործող հայագիտական ամբիոնն այսօր կրկին վերսկսում է իր գործունեությունը, եւ Հայկական ամբիոնի \Armenian Chair-ի ղեկավար Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ հայկական պատմությունն ու մշակույթը լավագույնս կփոխանցի ուսանողներին։ Նա հաջողություն մաղթեց հայագիտական աշխատանքներին, շնորհակալություն հայտնելով ռեկտորին, Հայաստանի դեսպանին եւ դեկանին այս նախագծին ցույց տված աջակցության համար, իսկ տաղանդավոր հայ ժողովրդին մաղթեց խաղաղություն եւ բարգավաճում։
Այնուհետեւ նիստին ներկա հայագետները ներկայացրեցին իրենց զեկուցումները, նախեւառաջ լսելով հայկական ամբիոնի ղեկավար դոկտոր Հայկ Ութիջյանի զեկույցը մինչ այսօր կատարված հայագիտական աշխատանքների եւ ապագայի ծրագրերի մասին։ Նշենք նաեւ, որ Հայկ Ութիջյանը Կարլի համալսարանի նվագախմբի եւ երգչախմբի հիմնադիր գլխավոր դիրիժորն է։
Մեկօրյա գիտաժողովի ընթացքում ելույթներ կունեան եւ հայագիտության ամենատարբեր թեմաներին կանդրադառնան Բռնոյի Մասարիկի համալսարանից Իվան Ֆոլետին, Օստրավայի համալսարանից Վալդեմար Յոզեֆ Դեգուլան, Կարլի համալսարանից Վրատիմլավ Կոզակը, փիլիսոփայության ֆակուլտետից Պետրա Կոշտալովան, Մարեկ Յանդակը, Միլադա Կիլյանովան եւ Աննա Կարապետյանը, Հրադեց Կրալովե քաղաքի համալսարանից Միխալ Ռոուտիլը, Բուդապեշտի Պազմանի Պետր Կաթոլիկ համալսարանից Բալինտ Կովաչը։
Գիտաժողովը կազմակերպվել է Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի եւ Չեխիայում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով, եւ անցկացվում է ռեկտոր Տոմաշ Զիմայի, դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ դեկան Միխալ Պուլմանի հովանու ներքո։ Նշենք նաեւ, որ Հայկական ամբիոնի գործունեությանը ֆինանսական աջակցություն է ցույց տալիս Հայաստանի գիտության եւ կրթության, մշակույթի, սպորտի նախարարությունը։
Orer.eu