Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել ՀՀ անկախության 30-ամյակին և հայ-լիտվական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որում հանդես է եկել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանիը հանդիպում է ունեցել Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության զարգացումն ու ամրապնդումը, ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նիկոլ Փաշինյանը և տիկին Չիմիլիտե-Նիելսենն ընդգծել են միջխորհդարանական կապերի կարևորությունը, որոնք կարող են նպաստել երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ փորձի փոխանակմանը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, դրանց արդյունավետ իրականացման գործում փոխգործակցությանը:

Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում ևս նշել, որ դեկտեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ լիտվական կողմը կիրականացնի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտ գործողություններ:

Հանդիպման ավարտին վարչապետ Փաշինյանը գրառում է կատարել Սեյմասի պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև ծանոթացել այնտեղ բացված հայ-լիտվական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լիտվական մամուլում հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հրապարակումների ցուցահանդեսում ներկայացված նյութերին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ:

Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Լիտվա և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի երկկողմ, բազմակողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը: Պարոն Նաուսեդան հույս է հայտնել, որ երկու երկրների կառավարությունների գործակցությունը նոր թափ կհաղորդի տնտեսական և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Լիտվայի նախագահը կարևորել է նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում գործակցությունն ու լիտվական փորձի փոխանակումը:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ հայ-լիտվական բարեկամական հարաբերությունները շարունակաբար կզարագանան ու առաջընթաց կարձանագրեն: Այս համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կարևորել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնումը և առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանը միտված քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում համագործակցությանը, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրո փաթեթի արդյունավետ իրականացմանը, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: Լիտվայի նախագահը իր երկրի աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության ջանքերին:

 

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների կառավարությունների ղեկավարները նախ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը քննարկել են առանձնազրույցի, ապա ընդլայնված կազմերով հանդիպման ընթացքում:

Լիտվայի վարչապետը կարևորել է Նիկոլ Փաշինյանի այցը Վիլնյուս և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացմանը: Ինգրիդա Շիմոնիտեն ողջունել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ուղղված վերջին տարիների քայլերը և նշել, որ ինչպես Եվրոպական միության, այնպես էլ երկկողմ փոխգործակցության շրջանակում իր երկրի կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին: Տիկին Շիմոնիտեն հիացմունքով է արտահայտվել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին և ընդգծել դրանց ժողովրդավարական սկզբունքներին և բարձր չափանիշներին համապատասախանության փաստը: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը ստացել է ժողովրդի լիարժեք մանդատը` ավելի լայն թափով առաջ մղելու բարեփոխումները:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-լիտվական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով: Վարչապետը նշել է երկու երկրների գործարարների միջև կապերի ընդլայնմանը միտված ծրագրերը և համոզմունք հայտնել, որ Երևանի և Վիլնյուսի միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը նոր ազդակ կհաղորդի զբոսաշրջության ոլորտում ընդլայնման և առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել լիտվական կողմին մեր երկրին կորոնավիրուսի դեմ 50 հազար դեղաչափ պատվաստանյութ տրամադրելու համար և նշել, որ միայն համատեղ ջանքերով կլինի արդյունավետ պայքարել համավարակի դեմ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում Լիտվայի հետ սերտ գործակցությունը և հավելել, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդման հաստատակամ քայլերը:

Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացների վերաբերյալ և կարևորել Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձի ապահովումը:

Հանդիպման արդյունքներով վարչապետեր Փաշինյանի և Շիմոնիտեի ներկայությամբ Հայաստանի և Լիտվայի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվել է փոխգործակցության մասին համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Լիտվայի առողջապահության նախարար Արունաս Դուլկիսը:

 

Վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է։