Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, հայկական ու քրդական դրոշների ներքո կայացավ Սուլեյմանիայի երգի-պարի ժողովրդական համույթի ելույթը։ Իրաքի Քրդստանից խումբը Երևան է ժամանել մասնակցելու միջազգային փառատոնի, ինչպես նաև լայն հասարակությանը ներկայացնելու քրդական ժողովրդական պարերը։ Դրանք իրենց շուրջը համախմբեցին Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչների, Երևանի բուհերի հայ և քուրդ ուսանողների, հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, անցորդների ու զբոսաշրջիկների։
Համերգի կայացմանն աջակցության համար կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին Երևանի քաղաքապետարանին և «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպությանը, որն իր ներկայացուցչություններն ունի և՛ Երևանում, և՛ Էրբիլում։
«Շատ ուրախ ենք, որ Երևան քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում գեղեցիկ համերգ կազմակերպելու, քրդական ժողովրդական մշակույթը ներկայացնելու հնարավորություն ունեցանք», - ասում է «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպության համանախագահ Հեմն Մամրաշը, որ ժամանել է համույթի հետ՝ Իրաքի Քրդստանի մայրաքաղաք Էրբիլից։
«Վստահ եմ, որ հայ-քրդական մշակութային առնչությունները կզարգանան, իսկ փոխադարձ այցելությունները շարունակական կլինեն։ Այդ մասին հուշում է նաև այսօրվա հանդիսատեսի ոգևորությունն ու հետաքրքրասիրությունը», - նշում է «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպության համանախագահ Ատոմ Մխիթարյանը։
orer.eu