Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր Միքայելյան հիվանդանոցում մահացել է երգիչ,  երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն՝ Հայկ Հակոբյանը

Նշենք, որ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար։ Նրան միացվել էր արհեստական շնչառություն։ Սակայն, ցավոք,  նրանց չկարողացան փրկել։ 

 

Կենսագրական տվյալներ

Հայկ Հակոբյանը ծնվել է 1977 թվականի օգոստոսի 25ին Երեւանում։ 

Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։

1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 

1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։

1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 

1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։

 2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ 

Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։

Նա նաեւ հայտնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման երաժշտության հեղինակն է։ 

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է հանգուցյալի ընտանիքին ու հարազատներին։ Աստված հոգին լուսավորի։