Գերմանաբնակ հայ անվանի գեղանկարիչ Արչի Գալենցի 50 ամյակի առիթով Բեռլինի Private Club / Geschlossene Gesellschaft «Մասնավոր ակումբ»/ Wolf & Galentz, Wollankstraße 112a | 13187 Berlin/ օգոստոսի 20-ին բացվեց նրա անհատական ցուցահանդեսը, որն ամփոփում է անվանի արվեստագետի անցած ստեղծագործական ուղին։
Արչի Գալենցը զավակն է հայտնի գեղանկարիչ Սարո Կալենցի, եւ թոռը՝ Հարություն եւ Արմինե Կալենցների ու հռչակավոր քանդակագործ Նիկողոս Նիկողոսյանի։ Ծնվել է Մոսկվայում, կրթությունը ստացել է Երեւանում եւ Բեռլինում, ուր տեղափոխվել , ապրում եւ ստեղծագործում է 1992 թվականից։ Այս ընթացքում Արչի Գալենցը մասնակցել է մոտ 80 ցուցահանդեսների, որոնցից 12-ը` անհատական։
Հայաստանի ու Արցախի պատերազմից ու դրանից հետո ստեղծված խայտառակ իրավիճակից հետո Գալենցն այլեւս հոբելյան նշելու տրամադրություն չուներ եւ որոշել էր անհատական ցուցահանդես բացել, որը կամփոփեր իր ստեղծագործական տարբեր շրջանների գործերը, թե՛ հին՝ 1991 թվականից սկսյալ, եւ թե՛ բոլորովին նոր՝ 2021-ի գործերը։
Ցուցահանդեսը ներկայացված է պատկերասրահի երեք դահլիճներում եւ ըստ էության Գալենցի անցած ստեղծագործական ճանապարհի հետահայաց ցուցադրությունն է։ «Այս ցուցահանդեսը ոչ թե հաշվետվություն է, այլ ծանոթություն է այն ծրագրերի հետ, որոնցից կազմված է ժամանակակից արվեստագետի ստեղծագործական առօրյան։ Ես ընտրեցի այն գործերս, որոնք ինձ համար շատ հարազատ են, բայց հազվադեպ են ցուցադրվել եւ ընդգրկում են 8 կարեւորագույն նախագծեր։ Այդ թվում՝ 1991-ի վաղեմի նկարս՝ հազվադեպ ցուցադրվող լուսանկարչական նախագծով և ներկայացմամբ»,- մեզ հետ զրույցում մանրամասնում է Արչի Գալենցը։ Նրա ասելով, նկարչությունը տեսողական արվեստի թագուհին է: Պատկերասրահի փոքր տարածքն ամբողջությամբ տրամադրել է փոխաբերական ստեղծագործություններին:
2001 թվականի Wall Cut-Outs շարքի առարկան ողջունում է այցելուներին ցուցափեղկում:
Իսկ առաջին սրահի ցուցադրությունն սկսվում է դեռեւս 1991թվականին Երեւանում ստեղծված նկարչի անմենավաղ շրջանի «99 անգամ Dao եւ մեկ Stels Ռմբակոծիչ» գործով։
«Իմ անձնական փրկօղակը»/ Sirvival Kit/ շարքը, որը մինչ այդ միայն երկու պատկերասրահներում է ներկայացվել /2005 թ.-ին Situated Self ցուցահանդեսում Բելգրադի Ժամանակակաից արվեստի թանգարանում եւ Հելսինկի քաղաքի թանգարանում /, 2005թթ. մի շարք թանգարաններում իրականացված աշխատանք է, որը կազմված է այլ արվեստագետների գործեր միասին համադրելով։ Իրականում այս գործերը կախված են Գալնեց արվեստագետի անկողնու վերեւում, եւ ցույց է տալիս նրա առօրյա կապվածությունը այդ հեղինակների արվեստին։
«Սա սկիզբն էր այն գործունեության, որ հաջորդ տարիներին իրականացրեցի, կազմակերպելով այլ արվեստագերիերի ցուցադրություններ, սկսեցի գրել նրանց մասին, եւ ցույց տվեցի իմ կապվածությունը խմբակային աշխատանքին։ Ես միայն իմ մասին չեմ խոսում, այլ ընդհանուր զարգացող ուղղությունների ու համակարգերի մասին եւ մեծ ջանքեր եմ թափում այդ ուղղությամբ»,- մեկնաբանում է նկարիչը։ Այս «կոլեկտիվ ստեղծագործությունը» ներառում է թե՛ հայ, եւ թե՛ օտար ստեղծագործողների։ Հայ արվեստագետներից ներկայացված են՝ ԱՄՆ-ից Արշակ Նազարյանը, Գեղամ Կաչերյանն ու Նիշան Կազազյանը, Ֆրանսիայից՝ ՎԱԶՕ-ն եւ Աշոտ Աշոտը, Գերմանիայից՝ Սիլվինա Տեր-Մկրտչյանը, Արմեն Վանեցյանն ու Սեմ Գրիգորյանը, Հայաստանից՝ Գարիկ Կարապետյանն ու Համլետ Հովսեփյանը եւ այլք։
Հաջորդը՝ «Ուստա ունես աստառ» շարքն է, որտեղ պատկերված են այն զգեստները, որ հայ դերձնակների հետ է արվել։ «Սա բարձրացնում է արվեստագետի կերպարի հարցը, թե ինչպես պետք է ներկայանա հայ արվեստագետը։ Կոստյումներով նախագիծը ներկայացրել եմ նաեւ Երեւանի հայտնի «Ակումբ»-ում»,- ասում է Արչի Գալենցը։
Հաջորդը՝ «Ոչ կարմիր դրոշներ» / «Not Red Banners»/ շարքն է, որը ցուցադրվել է ոչ միայն Գերմանիայում, այլեւ՝ 2009-ին Վենետիկում եւ 2017թ-ին՝ Երեւանում, այդ շարքի նմունշներ կան նաեւ ՆՓԱԿ-ում։ Այս շարքը դրոշների գեղարվեստական ուսումնասիրություն է՝ ներկայացնելով գունափոխության երևույթը։ Նկարիչն օգտագործել է մետաքսե գործվածքներ այն գույներով, որոնք տատանվում են մանուշակագույնի, նարնջագույնի և մաքուր կարմիրի միջև:
Յուրաքանչյուր դեպքում գերակշռող գույնը կախված է դիտողի ընտրված դիրքից:
Ցուցասրահի երկրորդ սենյակում ներկայացված են արվեստագետի վերջին գործերը, որոնք ամենօրյա անշնորհակալ ծանր աշխատանքի վկայությունն են։ Հիմնական թեմա են դարձել այն հետքերը, որոնք մնացել են արվեստագետի համառ ջանքերից հետո։ Ներկայացված է օրինակ է ներկի մնացորդներով այն ստվարաթուղթը, որի վրա Գալենցը երեք տարի շրջանակներ է պատրաստել։ Այդ ամենը ցուցադրվել է արծաթե շրջանակի մեջ, ինչպես օրինակ՝ «Գալակտիկա» գործը։
Պատկերասրահի միջանցքում ցուցադրվում են «Ոտնահետքեր» վերնագրով օբյեկտները, որոնք վերաբերում են ձևակերպմանը և աշխատանքին՝ որպես գեղագիտական կատեգորիաներ:
«Եվ իմ աշխատանքային կոշիկները ապակե տուփով ներկայացրեցի իբրեւ թանգարանային նմուշ։ Նմանապես, 2017-թվականին ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրեցի իմ եւ աներոջս աշխատանքային կոշիկներն իբրեւ քանդակ»,- բացահայտում է նկարիչը։
Այս սրահում ցուցադրվում են նաեւ 2020-ականների սկզբի նրա ամենավերջին օբյեկտները, որոնք ծնվել են պատկերների տեսլականներից և նյութի հետ փորձարկումներից:
Իսկ երրորդ սրահը նվիրված է գեղանկարչությանը։ 1990-ականների զոհերին, ցուրտ ու մութ տարիներին նվիրած գործերից է «Ռեքվիեմը», որը խորհրդանշում է այդ տարիների քաղաքացիական պայքարը։ Ներկայացված է մեծածավալ կտավ՝ «Սիրո ալեգորիան», որը Գալենցի 1998 թվականի ավարտական դիպլոմային աշխատանքն է։
«Այնտեղ կան նաեւ ջրաներկ աշխատանքներ, ալեգորիաներ, եւ ավարտվում է ցուցահանդեսը վերջին փնտրուտուքներով, որը «Մարսիասի մաշկումը» գործն է եւ որի վրա 6 տարի եմ աշխատել։ Այս թեմային շատ արվեստագերներ են անդրադարձել, քանի որ այն հայտնի լեգենդ է։ Մարսիասը պեն էր - այծի ոտքեր ունեցող մարդ էր, որ շատ լավ ֆլեյտա էր նվագում եւ իրեն ժամանակակիցները սկսել էին աստավածացնել։ Ապոլոնին՝ արվեստների թագավորին բնավ դուր չի եկել այսպիսի մրցակիցը, եւ նա Մարսիասին մրցակցության է կանչել մի պայմանով, որ պետք է իրենց երաժշտական գործիքներով շուռ տված նվագեն։ Ապոլոնը տավիղ էր նվագում, որի հառակ կողմը չէր փոխվում, իսկ Մարսիասը գործիքի մյուս ծայրից պետք է նվագեր։ Ըստ տարբեր լեգենդների, անկախ լավ կամ վատ նվագելուց, արդեն որոշված էր մրցակցության ավարտը եւ Մարսիասին մաշկեցին։ Սա ցույց էր տալիս անարդար մրցակցությունը։ Դրա համար արվեստագրետեները սիրում են այդ թեման եւ իրենց ճակատագիրն են տեսնում դրա մեջ»,- պատմում է Արչի Գալենցը։
Ավելացնենք նաեւ, որ լույս է տեսել ցուցահանդեսի կատալոգը, որտեղ մանրամասն ներկայացվում են ցուցադրված աշխատանքները։ Հիշեցնենք նաեւ, որ 2011 թվականին լույս տեսավ Ժամանակակից հայ արվեստին նվիրված ՕՐԵՐ եվրոպական ամսագրի բացառիկ համարը, որի համակարգողներից մեկը նաեւ Արչի Գալենցն էր։
Մեր ընթերցողների համար նշենք, որ ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 3-ը։
ՕՐԵՐ-ի կողմից շնորհավորում ենք մեր գործընկերոջը 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ մաղթում հետաքրքիր ստեղծագործական ընթացք ու նոր ձեռքբերումներ։
Հակոբ Ասատրյան
Պրահա
Orer.eu