Տ. ՏԱԹԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՎԱՌՆԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԲՈՒԼՂԱՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՎԱՍԻԼ ԼԵՎՍԿԻԻ ԱՐՁԱՆԻ ԲԱՑՄԱՆԸ, ՈՐԸ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
22.09.2021 – Տարվույս Սեպտեմբերի 22-ին, Հայաստանի և Բուլղարիայի Անկախության տոների առիթով, Վառնա քաղաքում, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող քաղաքային այգում, որտեղ տեղադրված է նաև Հայոց ցեղասպանության հուշարձանը, տեղի ունեցավ բուլղար ազգային հերոս, «Ազատության Առաքյալ» կոչումը կրող Վասիլ Լեւսկիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին իր բարձր մասնակցությունը բերեց նաև Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ, Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը: Վասիլ Լևսկիի արձանը Բուլղարիայի Հայերի Միության նվերն է Վառնա քաղաքին և ողջ բուլղար ժողովրդին՝ որպես երախտիքի նշան Հայոց ցեղասպանության տարիներին Բուլղարիայի կառավարության և բուլղար ժողովրդի կողմից ցուցաբերված անգնահատելի օգնության համար: Այն պատրաստվել է Հայաստանում, տուֆ քարից հայ նշանավոր քանդակագործ Արտակ Համբարձումյանի կողմից՝ հովանավորությամբ Բուլղարիայի Հայերի Միության ատենապետ դոկտոր Հարություն Հովսեփյանի, ինչպես նաև Միության պատվավոր անդամներ Իգոր Սիմոնովի և Օլեգ Կուվարդինի:
Բացման արարողության ժամանակ ընթերցվեց Բուլղարիայի Հանրապետության նախագահ տիար Ռումեն Ռադևի շնորհակալական գիրը, որում նա իր խորին երախտագիտությունն է հայտնել Բուլղարիայի հայ համայնքին նման անգնահատելի նվերի համար:
Այնուհետև ընթերցվեցին Վառնայի քաղաքապետ Իվան Պորտնիխի, ինչպես նաև այլ բարձրաստիճան բուլղար պաշտոնյաների շնորհակալագրերը, որոնք միաժամանակ շնորհավորում էին Բուլղարիայում ապրող հայությանը՝ Հայաստանի Անկախության 30-ամյակի առիթով:
Միջոցառման միջնամասում Բուլղարիայի Հայերի Միության անունից ուղերձ հղեց միության գլխավոր քարտուղար տիար Ներսես Կետիկյանը, ով իր խոսքում ընթերցեց նաև Սրբազան Հոր Օրհնության գրից հատված՝ նշելով. «Մենք՝ հայերս, սիրում և պատվում ենք մեր ազգային հերոսներին: Սակայն նույն սիրով և պատվով ենք վերաբերվում բոլոր այն օտարազգի հերոսների հանդեպ, ովքեր իրենց անժխտելի ներդրումն են ունեցել մարդկության ազատության և ազգամիջյան խաղաղության գործում: Իսկ Վասիլ Լևսկին մեր ժողովրդի, մանավանդ այն հատվածի, որ մեկ դարից ավել այլևս ապրում, աշխատում և արարում է Բուլղարիայի հողի վրա, բացարձակ արժեք է, ազատության, խաղաղության և հանդուրժողականության խորհրդանիշ»:
Միջոցառման վերջում Միության ատենապետ դոկտոր Հարություն Հովսեփյանը ԲՀՄ Պատվոգրեր հանձնեն բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Ազատության Առաքյալ Վասիլ Լևսկիի արձանի գաղափարի իրագործման գործում:
Միջոցառման ողջ ընթացքում հնչում էին զինվորական, հայրենասիրական և ազգային երաժշտություն և բանաստեղծություններ:
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան