Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 17-ին Պրահայի «Սլովենսկի դում»  հայտնի կենտրոնի տասը կինոդահլիճներում բացվեց  Ֆեբիոֆեստ միջազգային 28-րդ փառատոնը, որը պետք է լիներ դեռ ապրիլ ամսին, սակայն համավարակով պայմանավորված հետաձգվել էր։ Այս տարի կցուցադրվեն 100-ից ավելի ֆիլմեր, որոնց թվում կլինեն համաշխարհային, եվրոպական ու չեխական պրեմիերաներ։ Այդ ֆիլմերը կընդգրկեն գլխավոր մրցութային ծրագիրը, կատակերգությունների ծրագիրը, Ամնեստի Ինթերնեշընլ կազմակերպության մրցանակային ծրագիրը, այլ ավանդական ծրագրեր, ինչպես նաեւ ոչ մրցութային ՝ «Դելիկատեսներ Արեւելքից»  ծրագիրը, որի շրջանակներում  կցուցադրվի  ֆրանսահայ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի ֆիլմը։  Հիշեցնենք, որ  Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe/ Should Thr Wind Drop) ֆիլմը 2020 թվականին ընտրվել էր  Կաննի միջազգային 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ծրագրի «Առաջին լիամետրաժ ֆիլմ» (The First Features) անվանակարգում ։ Այս ֆիլմը կցուցադրվի բացման օրը ժամը 17-ին, շաբաթ օրը՝ ժամը 10.30-ին եւ սեպտեմբերի 19-ին 14.30-ին։

Հիշեցնենք, որ «Երբ որ քամին հանդարտվի» համատեղ կինոարտադրության (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա) ֆիլմը ֆինանսական աջակցություն է ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։

Ֆիլմը պատմում է Ալենի՝ ազգությամբ ֆրանսիացի օդանավակայանների աուդիտորի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության՝ բոլորովին նոր կառուցված օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետությամբ շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այդ երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյո՞ք վերաբացվելու համար այդ օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով:

 

Հաջորդ հայկական մասնակցությունը վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում է։ Այս ծրագրում սեպտեմբերի 17-ի երեկոյան կցուցադրվի ամերիկյան  «Ամբողջովին հսկողության տակ»  ( Totally under control) ֆիլմը՝ նվիրված Քովիդի համավարակին  եւ դրա հետ կապված բացահայտումներին, որի հեղինակներն են Ալեքս Գիբնեյը, Օֆելյա Հարությունյանը եւ Սյուզան Հիլինգերը։

Ֆիլմը կցուցադրվի նաեւ սեպտեմբերի 18-ին 16.30ին։

Այս տարվա գլխավոր ժյուրին կգլխավորի նախորդ տարվա հաղթանակած ֆիլմի ռեժիսոր Իվան Օբտրոխովսկին, իսկ կատակերգությունների ժյուրին կգլխավորի  հայտնի դերասան Միխայիլ Կոցաբը՝ 33 այլ հանդիսատեսների հետ։

Փառատոնը կբացվի Վուդի Ալենի «Պարոն Ռիֆկինի փառատոնը» ֆիլմով, եւ կփակվի Օսկարակիր «Հայրը»  ֆիլմով, որի գլխավոր դերում  Էնթընի Հոփկինսն է։

Կցուցադրվեն նաեւ մի քանի նոր չեխական ֆիլմեր, որոնցից ամենասպասվածը Զդենեկ Յիրասեկի «Քրիշտոֆ» ֆիլմն է։ Փառատոնի ծրագրում այս տարի ընդգրկվել նե նաեւ ճապոնական ֆիլմեր։

Կինոյում ունեցած վաստակի համար Քրիստիան մրցանկը կտրվի չեխ դերասան Յիրժի Լաբուսին, սլովակ դերասանուհի Բոժիդարա Տուրզոնավային եւ պրոդյուսեր Մայք Դոունեյին։

Փառատոնին կից կլինեն նաեւ այլ հետաքրքիր ծրագրեր, որոնց կարող եք ծանոթանալ www.febiofest.cz կայքէջում։