Սեպտեմբերի 13-ին Լայպցիգի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Երեւան և Լայպցիգ քաղաքների միջև համագործակցության հաստատման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանն առցանց ձևաչափով մասնակցեց նաև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը։
Ելույթներով հանդես եկան Լայպցիգի և Երևանի քաղաքապետեր Բուրկհարդ Յունգը և Հայկ Մարությանը։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։ Իր ելույթում դեսպանը կարևորեց, որ այս փաստաթուղթը հնարավորություն կընձեռի երկու քաղաքներին տնտեսական, գիտական, մշակութային ու քաղաքականոլորտներում համագործակցության նոր եզրեր գտնել, ինչը կծառայի երկու ժողովուրդներիմիջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը։
Միջոցառման շրջանակներում տրվեց նաև Սաքսոնիա երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի (նստավայրը` Լայպցիգ) պաշտոնավարման պաշտոնական մեկնարկը։
Պատվավոր հյուպատոս պրոֆ. Լուկաս Ֆլյոթերն իր հերթին նշեց, որ ամեն ջանք կգործադրի Երևան և Լայպցիգ քաղաքների միջև բարեկամական կապերի զարգացման համար։
Բախի, Կոմիտասի և Ռախմանինովի կատարումներով հանդես եկավ հռչակավոր թավջութակահար Միքայել Հախնազարյանը։
Պատվավոր հյուրերի թվում էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Լայպցիգում գտնվող Բախ-արխիվ հիմնադրամի նախագահ Միխայել Մաուլը։ Ներկա էին նաև Լայպցիգում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քաղաքային խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, Սաքսոնիա երկրամասի գիտամշակութային ոլորտի և Լայպցիգի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլք։