Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ:

Զրուցակիցները քննարկել են բարեկամական և բարիդրացիական բնույթ ունեցող հայ-վրացական հարաբերությունների լայն օրակարգի հարցեր, պատրաստակամություն հայտնել՝ ջանքեր գործադրելու փոխգործակցության առավել խորացման ուղղությամբ, մասնավորապես՝ քաղաքական, տնտեսական, հաղորդակցության, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում:

Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ երկու երկրների միջև երկխոսության ակտիվացումն ու համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Վրաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության խորացումը՝ այս համատեքստում առանձնացնելով ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի դերը:

Զրուցակիցները քննարկել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցք ստեղծելու մասին համաձայնագրին վերաբերող հարցեր և դրա շրջանակում նոր հնարավորությունները:

Տարածաշրջանում կայուն զարգացման և անվտանգության ամրապնդման համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը, ինչը նաև նոր հնարավորություններ կընձեռի Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ 15 հայ ռազմագերիների հայրենադարձման գործում ներդրած միջնորդական ջանքերի համար։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Ադրբեջանը մինչ օրս շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունների խախտում է:

ՀՀ ԱԳ նախարարն իր վրաց գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակը, ինչը խաթարում է տարածաշրջանային կայունությանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը:

 

orer.eu