Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները։

Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը։ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են հայ-վրացական բարեկամական հարաբերությունների օրակարգի լայն շրջանակ։

ՀՀ վարչապետը երախտագիտություն է հայտնել վրացական կողմին և Վրաստանի վարչապետին այն ջանքերի համար, որ Վրաստանը գործադրել է Ադրբեջանից 15 hայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու հարցում՝ ընդգծելով, որ դա նշանակալի նպաստ էր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է Վրաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որը պետք է հիմնված լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների վրա։ Վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը և հակահայկական հռետորաբանությանը, որը սպառնալիք է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։

Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակությամբ արձանագրել են վերջին երեք տարում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի էական ակտիվացումը, ինչը նոր թափ է հաղորդել հայ-վրացական համագործակցությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում ներքաղաքական իրավիճակի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ճանաչվում են ամբողջովին թափանցիկ, ազատ և արդար, և դրանց արդյունքում հնարավոր եղավ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթություններն են՝ օրենքի գերակայության ամրապնդումը, ներառյալ կոռուպցիայի դեմ պայքարը և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար խաղաղության և զարգացման դարաշրջան բացելը։

Զրուցակիցները քննարկել են տնտեսական կապերի հետագա զարգացման ուղիները։ Ընդգծվել է երկկողմ պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու արտաքին առևտրաշրջանառության ծավալը։ Այս առումով կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Վրաստանում՝ այս տարեվերջին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև նոր նախաձեռնություններ մշակել տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։

Կարևորվել է փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի ուղղությամբ շարունակական աշխատանքը։

Երկու երկրների վարչապետները հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հայտարարությունների տեքստի ամբողջական սղագրությունը ներկայացվում է ստորև.


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի –

Պարոն վարչապետ, պատվիրակության անդամներ, ողջունում եմ բոլորիդ։

Ողջունում եմ իմ բարեկամին, իմ գործընկերոջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ինձ համար մեծ պատիվ է նրան հյուրընկալել Վրաստանում։ Մեկ անգամ ևս շնորհավորում եմ պարոն վարչապետին՝ ընտրություններում հաղթելու կապակցությամբ։ Սա, իհարկե, լավ հնարավորություն է, որ նոր դարաշրջան սկսվի Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Ես ծանոթացա պարոն վարչապետի նոր տեսլականին, որը միայն զարգացման հետ է կապված՝ իր երկրի կայուն զարգացման և հայ ժողովրդի բարեկեցության հետ։

Իհարկե, Ղարաբաղյան պատերազմը մեր տարածաշրջանի համար բարդ մարտահրավեր էր, բայց այժմ, ծանոթանալով պարոն վարչապետի նոր տեսլականին, հավատում եմ, որ տվյալ մարտահրավերը կվերածվի նոր հնարավորության։ Հնարավորության, որը բարեկեցություն կբերի Հայաստանին և հայ ժողովրդին։ Ուզում եմ ասել նաև, որ, իհարկե, մեզ համար մեծ կարևորություն ունի Հայաստանի կայունությունը՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, և դա անմիջապես կապված է մեր երկրի և ողջ տարածաշրջանի կայունության հետ։

Համապատասխանաբար մեր ընդհանուր տարածաշրջանային նպատակը կտեղավորեմ 3 բառի մեջ. դրանք են՝ խաղաղություն, կայունություն և բարեկեցություն, որը միավորում է մեր տարածաշրջանի բոլոր երեք երկրներիս։ Վրաստանը, ինչպես հայտնի է, միշտ եղել է Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության և համագոյակցության կողմնակից։ Մենք սա որոշ ժամանակ առաջ գործով ապացուցեցինք. մի քանի ամիս առաջ մեզ հնարավորություն տրվեց Վրաստանի և, մասնավորապես, իմ միջնորդությամբ և պարոն վարչապետի անմիջական մասնակցությամբ և ցանկությամբ, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ջանքերով՝ երեք երկրների առաջնորդներով հասանք հաջողության, որը կապված էր հայ գերիների վերադարձի և Ադրբեջանին քարտեզների փաստաթղթերի փոխանցման հետ։ Այս հաջող նախադեպը մեզ տալիս է լավատեսության հնարավորություն։

Ես վարչապետին ևս մեկ անգամ հավաստեցի իմ պատրաստակամությունը, որ Վրաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դերը, որպեսզի վերականգնվի վստահությունը, որը շատ կարևոր է և հիմքերի հիմքն է մեր հետագա համագործակցության։ Մենք պատրաստ ենք քննարկել համագործակցության նոր գաղափարներ, նոր նախագծեր։ Իհարկե, մենք քննարկեցինք հարցեր, որոնք կապված են տնտեսության, առևտրի, տրանսպորտի, կապի հետ։ Այդ թվում՝ զանգվածային նախագծերի մասին խոսեցինք, որ ունի վարչապետը։ Խոսեցինք զբոսաշրջության, էներգետիկայի, մշակույթի, կրթության մասին։ Սրանք այն հարցերն են, որոնք այսօր քննարկել ենք և որի շուրջ ունենք բացարձակ համընկում։

Ուզում եմ ասել նաև, որ մեր երկիրն ունի հետաքրքիր տարանցիկ ներուժ։ Հենց այդ մասին էլ մենք քննարկում ունեցանք։ Մեր երկրների ունեցած այդ ողջ ներուժը ամբողջությամբ պետք է օգտագործվի և յուրացվի։

Ուզում եմ նշել նաև, որ տարածաշրջանում, որտեղ վերջին 30 տարվա ընթացքում բազմաթիվ հակամարտություններ են եղել և դեռ կան լուծելու, մեր ընդհանուր տեսլականը ու ջանքը պետք է լինի այն, որ փուլերով, այս տարածաշրջանը վերածենք նոր հնարավորությունների, զարգացման ու խաղաղության տարածաշրջանի։ Սա պետք է լինի մեր գլխավոր տեսլականը, և հենց այդ ուղղությամբ կշարունակենք աշխատել։

Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում պարոն վարչապետին ժամանման համար։ Սա մեզ համար մեծ պատիվ է, և ուրախ եմ հյուրընկալել նրան։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան –

Մեծարգո պարոն վարչապետ,

Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար։ Իհարկե, մեր երկրներին, մեր ժողովուրդներին իրար կապում է դարավոր բարեկամությունը, և ես պիտի շարունակեմ վարչապետ Ղարիբաշվիլիի արտահայտած միտքը՝ այսօրվա մեր քննարկումների կարևոր առանձնահատկություններից մեկն այն էր, որ մեր խոսակցության մի հսկայական մասը նվիրված էր մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին, ինչի վերաբերյալ մենք՝ ես և մեր քաղաքական ուժի ներկայացուցիչները, մեր ժողովրդի հետ խոսակցություն ենք ունեցել վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Այո, մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ, ցավոք, մեր տարածաշրջանում բազմաթիվ չլուծված հարցեր, կոնֆլիկտներ և սպառնալիքներ կան, բայց մենք մեր երկխոսության մեջ փորձում ենք ավելի շատ իրար օգնել, որպեսզի կենտրոնանանք հնարավորությունների վրա, որոնք զուգահեռաբար գոյություն ունեն։ Կարծում եմ՝ հնարավորությունների օգտագործման հարցում իրար աջակցելը հենց այդ բանաձևն է, որը պիտի մեզ համար ավելի հնարավոր և հասանելի դարձնի ռիսկերի կառավարումը։

Պիտի ևս մեկ անգամ վարչապետ Ղարիբաշվիլիին շնորհակալություն հայտնեմ հունիսին 15 հայ գերիներին վերադարձի, հայրենադարձման գործում ցուցաբերած աջակցության համար։ Այդ օրերին, երբ մենք քննարկում էինք, երևի մի քանի տասնյակ անգամ իրար հետ հեռախոսով կապվել ենք, և դա նախընտրական քարոզարշավի շրջան էր, ես նույնիսկ հումորով ասում եմ՝ այդ երկու օրվա ընթացքում ես ավելի շատ Վրաստանի վարչապետի հետ էի շփվում, քան մեր ընտրողների։ Կարծում եմ, որ այդ երկու օրերը շատ կարևոր էին նաև մեր անձնական փոխգործակցության նոր մակարդակ ձևավորելու առումով, և այդ օրերին ձևավորված մթնոլորտ շատ լավ հենք է, որպեսզի մեր երկրների և կառավարությունների հարաբերություններն ավելի արդյունավետ և սերտ տրամաբանություն ունենան։

Մենք պայմանավորվեցինք, որ առաջիկայում նորից կակտիվացնենք միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները։ Պիտի ընդգծեմ նաև հետևյալ հանգամանքը, որ նախկինում ընդգծվել է. մեր հարաբերությունների առումով չափազանց կարևոր է, որ մեր երկրները շարունակաբար ի ցույց են դնում իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը և ժողովրդավարական գործընթացներին, և սա, կարծում եմ, նույնպես՝ մեզ համար, մեր հարաբերությունների զարգացման համար ստեղծում է նոր հնարավորություններ։

Այնուամենայնիվ, ես վարչապետ Ղարիբաշվիլիին ներկայացրեցի Կառավարության ծրագրում ի հայտ եկած՝ տարածաշրջանային թեմաների և տարածաշրջանային լուծումների վերաբերյալ այն առաջարկությունները և պատկերացումները, որոնք մենք ունենք, որոնց մասին հայտարարել ենք։ Կարծում եմ՝ այստեղ էլ նոր հնարավորություններ կան, որոնց օգտագործումը, կիրառումը դեռևս փաստ չէ, բայց մենք խոսում էինք այն մասին, որ, այնուամենայնիվ, պետք է ջանքեր գործադրել այդ հնարավորություններն օգտագործելու համար։

Այո, մենք քննարկեցինք նաև տարանցման այն հնարավորությունները, որ գոյություն ունեն։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե առանձին վերցրած Հայաստանի և առանձին վերցրած Վրաստանի տարանցման հնարավորություններին։ Մենք քննարկում էինք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխադարձաբար միմյանց պոտենցիալն ավելի մեծանա։ Այդ առումով հիմա, տեղյակ եք, որ իրականացվում են նախագծեր էներգետիկայի ոլորտում, տրանսպորտային հաղորդակցության ոլորտում նույնպես քննարկում ենք ծրագրեր, և հույս ունեմ, որ հնարավոր լուծումներից մեզ կհաջողվի գտնել ամենաարդյունավետ տարբերակը։

Պիտի արձանագրեմ, որ նաև կորոնավիրուսի համավարակի համատեքստում մեր մասնագետները բավական ակտիվ համագործակցել են և շարունակում են համագործակցել։ Այստեղ էլ մենք պատրաստակամություն ենք հայտնել այդ չարիքի դեմ համատեղ պայքարելու մեր կարողությունները զարգացնելու ուղղությամբ։

Իհարկե, մեր հարաբերությունների համար չափազանց կարևոր գործոն է Վրաստանում հոծ հայկական համայնքի ներկայությունը։ Մեր դիրքորոշումն այն է, որ Վրաստանի հայությունը՝ որպես Վրաստանի լիիրավ և լիարժեք քաղաքացիներ, պետք է շարունակեն ծառայել, լինել կարևորագույն առանցքային գործոն Վրաստանի կայունության, միասնության, զարգացման գործում, և սա այն դիրքորոշումն է, որը մենք ունենք, արտահայտում ենք։ Նաև պիտի շնորհակալութուն հայտնեմ Վրաստանի կառավարությանը՝ այն բոլոր հնարավորությունների համար, որ ստեղծված են Վրաստանի հայության ինքնության պահպանման և զարգացման համար։ Սա մի թեմա է, որը մեզ միավորում է, մեր հարաբերությունները դարձնում է առավել արդյունավետ, առավել հեռանկարային և ռազմավարական։

Մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք, և կարծում եմ՝ նաև ժամանակը դա ցույց տվեց։ Մեր համագործակցության օրակարգը շատ լայն է, և ամենակարևոր արձանագրումը հետևյալն է՝ մենք պայմանավորվեցինք, որ պիտի ավելի շատ կենտրոնանանք արդյունքների վրա, որպեսզի մեր քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը կոնկրետ թվերով արտահայտություն ունենա տնտեսության ամենատարբեր ոլորտներում։

Շնորհակալ եմ։