Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարևորում է Հյուսիս-հարավ նախագիծը, ինչպես նաև չափազանց կարևոր է համարում երկաթուղային կապի հաստատումը Ռուսաստանի և Իրանի հետ։

Այս խնդիրը լուծելու համար, ըստ վարչապետի, Հայաստան-Ռուսասատան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկվում է կոմունիկացիաների վերաբացման հարցը։

«Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո հասցրել եմ այցելել ԻԻՀ, այսօր էլ մեկնում եմ Վրաստան: Թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման:

Այս համատեքստում կարևորում եմ «Հյուսիս-հարավ» նախագիծը, որն Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին: Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը:

Այստեղ մենք վճռական ենք՝ ջանքեր գործադրել կոնկրետ արդյունքների հասնելու համար՝ գիտակցելով, իհարկե, որ Ադրբեջանն էլ իր հերթին ակնկալում է հաղորդակցություն ստանալ իր արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Փաշինյանն անդրադարձավ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի հայտարարություններին:

«Թուրքիայի նախագահը Հայաստանի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել: Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն: Մենք պատրաստ ենք նման խոսակցության, որը վերը նկարագրվածի ֆոնին կարող է ավելի լայն համատեքստ ստանալ:

Խոսքը մեր տարածաշրջանը արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այս գործընթացին ակտիվորեն աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը:

Միացյալ Նահանգները նույնպես հետաքրքրված են այս գործընթացով, իսկ Չինաստանի և Հնդկաստանի շահագրգռվածությունը կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ հայտնի է»,- ասաց Փաշինյանը:

 

Աղբյուր՝ https://hy.armradio.am/