Երկու շաբաթ առաջ էինք խոսել Ալան Կրուբալյանի հետ, «Օրեր» ամսագրի Շվեյցարահայ համայնքին նվիրված համարում հարցազրույց տպագրելու նպատակով։ Դեռ Գերմանիայում էր, եւ չէր վերադարձել Շվեյցարիա։ Եվ ահա ահավոր բոթը…. Սեպտեմբերի 4-ին Բազելում իր տանը վախճանվել է Ալանը։ Քրոջ՝ Մելանիի ասելով, ամենայն հավանականությամբ մահացել է սրտի կաթվածից, բժշկական հետազոտությունը դեռեւս շարունակվում է։
Ալանը ծնվել էր 1964 թվականին Մոնրեալում, հայ հոր ու շվեյցարուհի մոր ընտանիքում։ Հետագայում տեղափոխվել էին Ժնեւ, իսկ ամուսնանալուց հետո ապրում էր Բազելում եւ աշխատում շվեյցարական ռադիոյում՝ ֆրանսերենով վարելով առավոտյան լուրերի ծրագիրը, որն այս տարի արժանացել էր Շվեյցարական ռադիոյի գլխավոր մրցանակին։
Չորս լեզվով ազատ խոսում էր եւ ստեղծագործում, Maniacs եւ The dead Brothers ռոք խմբերի հիմնադիրն է։ Վերջին խումբը մինչ օրս հանդես էր գալիս համերգներով, 16 ալբոմ էին թողարկել։ 50 տարեկանում առաջին անգամ գնացել էր Հայաստան եւ նկարահանել «Արմենիա» ֆիլմը՝ բացահայտելու իր հայկական ինքնությունը։
Նրա հետ զրույցին դեռ կանդրադառնամ, միայն նշեմ, որ պատասխանելով իմ հարցին նա ասաց՝ «Ես ինձ մշտապես հայ եմ զգում»։ Ու թեեւ նա չգիտեր հայերեն, բայց իրոք հպարտանում էր հայկական մշակույթով ու հայկական ինքնությամբ։
Աստված հոգին լուսավորի։ Շատ ափսոս, որ մեր տաղանդավոր հայրենակիցներն այսպես հանկարծակի գնում են մեկը մյուսի հետեւից։ Հայկական աշխարհը դատարկվում է։
Հակոբ Ասատրյան
Պրահա