ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահների կողմից ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ օգոստոսի 26-ից փակված Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածները վերաբացելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ հայտնելով, որ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության կողմից հայկական կողմին փոխանցվել է տեղեկություն, որ իրենց ուղեկալներից մեկի վրա հարձակում է տեղի ունեցել:
Ճանապարհի վերաբացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Կապան-Գորիս միջպետական ճանապարհի փակումը հակասում է 2020 թվականի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածություններին (խմբ. Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով): Այս մասին հայտնում է Արմենպրեսը։
Վարչապետը հույս ունի, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի: «Քաղաքական առումով ինձ համար միանշանակ է, որ այդ ակցիան արվել է մեր առաջ քաշած խաղաղության օրակարգին հարվածելու, այդ օրակարգը վարկաբեկելու համար: Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել: Մեր ծառայությունները պետք է ,իհարկե, զգոն լինեն և ուշադիր, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք և մենք մեր ռազմավարական գիծը` խաղաղության օրակարգը պետք է զարգացնենք և առաջ տանենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Փաշինյանը:
Ըստ վարչապետի` Կառավարության համար Սյունիքի ճանապարհների հետ կապված ստեղծված իրավիճակն անկանխատեսելի չէր. այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորելու ուղղությամբ ու շարունակելու են աշխատել, սակայն ճանապարհի բացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ:
Վարչապետի խոսքով` ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող:
«Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ, նաև Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ եթե ադրբեջանական կողմն ունի կոնկրետ տվյալներ, ցանկալի կլինի, որ մեզ փոխանցի: Պատրաստ ենք նաև համատեղ հետաքննության Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ»,- հավելեց Փաշինյանը:
Վարչապետը հրավիրեց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի ուշադրությունը Սյունիքի մարզում միջհամայնքային և հանրապետական նշանակության ճանապարհների նորոգման և հիմնանորոգման ծրագրերի իրականացման վրա:
«Մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պետք է ավարտվի, նախանշված մյուս հատվածների ճանապարհաշինական ծրագրերը նույնպես պետք է ավարտենք, համայնքների անխափան կապը մարզկենտրոնի` միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հետ ավելի որակյալ դարձնելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը 2020 թվականի դեկտեմբերի 19-ին հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Սյունքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափան կազմակերպման նկատառումով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր: Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքերը Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ»:
Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է .