Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

2020 թվականի Արցախյան պատերազմից հայերի քաղած բազմաթիվ դառը դասերից մեկը միջազգային մամուլում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տարածվող կատաղի ապատեղեկատվության դեմ կուռ և հզոր հակազդեցություն ապահովելու անկարողությունն էր: Ըստ ամենայնի, դա հանգեցրեց ակնհայտ կողմնակալության՝ հօգուտ Ադրբեջանի և Թուրքիայի, ընդ որում, ոչ միայն օտարերկրյա մամուլում, այլև աշխարհաքաղաքական և դիվանագիտական հանրույթի շրջանում:

ՀԲԸՄ Երիտասարդ արհեստավարժների (ԵԱ) Մադրիդի (Իսպանիա) խումբը Հայաստանում կազմակերպեց վեցօրյա աշխատաժողով՝ «Սթորիթելինգը լրագրության մեջ. անհերքելի փաստերից մինչև բարդ բովանդակություններ» խորագրով:

 

Լուսանկարում՝ Ronak Press-ի համահիմնադիր Կառլոս Սուրութուսան Հայաստանից և Արցախից ժամանած թղթակիցներին ծանոթացնում է իրենց գործի նրբություններին:

ԵԱ Մադրիդի խմբի ղեկավար Տիրան Կիլիկեանն այսպես է պատճառաբանում. «Հայաստանը, միանշանակ, Արցախում տանուլ տվեց տեղեկատվական պատերազմը: Պատճառն այն էր, որ չունեինք պատերազմի ընթացքում մեր ջանքերը համակարգելու կուռ ռազմավարություն: Պատճառներից մեկն էլ այն էր, որ մենք ժամանակի մեծ մասը վատնեցինք միմյանց հետ խոսելու համար` արտաքին աշխարհի հետ խոսելու փոխարեն: Չիմանալով, թե ինչպես է հարկավոր մոտենալ հարցին, հաշվի առնվեց օտարերկրյա լրագրողի մեզ տրված խորհուրդը, այն է՝ հանդես գալ վերապատրաստման ծրագրով»:

 

Վերապատրաստումն անցկացվեց օգոստոսի 2-ից 7-ը Հայաստանի հարավում գտնվող Գորիս քաղաքում. Ronak Press գործակալության աշխույժ թիմը մեկ սենյակում էր հայտնվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող խոստումնալից և գործող լրագրողների հետ՝ վերջիններիս սովորեցնելու, թե ինչպես կարող են հայրենի պատմությունները ներկայացնել միջազգային լսարանին:

 Ronak-ը Իսպանիայի Բասկերի երկրում տեղակայված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը միավորում է 33-րդ զուգահեռականի ողջ երկայնքով՝ Աֆրիկայում գտնվող Արևմտյան Սահարայից մինչև Արևմտյան Ասիայում գտնվող Արևելյան Բելուջիստան, պատերազմական իրադարձությունները լուսաբանող՝ համաշխարհային համարում ունեցող տպագիր, ֆոտո և վիդեո լրագրողների: Հինգ հոգանոց խումբը նաև մեդիա աշխատաժողովներ է անցկացրել Ալժիրի, Լիբիայի և Իրաքյան Քրդստանի տեղացի թղթակիցների համար:

 

Լուսանկարում՝ Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը (կենտրոնում)՝ Ronak Press-ը ներկայացնող Անդոնի Լուբակիի (ձախից), Կառլոս Սուրութուսայի (աջից՝ երրորդը) և Ջուան Աբդիի (աջից՝ երկրորդը), ԵԱ Մադրիդի խումբը ներկայացնող Տիրան Կիլիկեանի (ձախից՝ երկրորդը) և Լևոն Գրիգորյանի (աջից), ինչպես նաև ՀԲԸՄ մեդիա վերապատրաստման մասնակից լրագրողների հետ:

«Արցախում պատերազմի ընթացքում ես նկատեցի, որ տեղացի բազմաթիվ լրագրողներ զբաղված են ինքնագրաքննությամբ և քարոզչությամբ՝ ի նպաստ հայերի ընդհանուր շահի», - ասում է Ronak Press-ի համահիմնադիր Կառլոս Սուրութուսան, որը նախ Կիլիկեանին առաջարկել էր Գորիսում անցկացվելիք ծրագիրը, ապա ստանձնել տպագիր լրագրության բաղադրիչի ղեկավարումը: «Միևնույն ժամանակ այստեղ աշխատում էին պատերազմներում թրծված օտարերկրյա թղթակիցներ, որոնք, տեղում գտնվելով հանդերձ, անհրաժեշտ չափով չէին տիրապետում պատմական և մշակութային մանրամասներին, որպեսզի հակամարտությունը լուսաբանելիս տեղ չթողնեին կլիշեների համար: Հենց խնդրի մասին քաջատեղյակ, բայց միևնույն ժամանակ անկողմնակալ ձևով խոսելու ունակ հայ թղթակցի բացակայության հանգամանքը դրդեց ձեռնարկել «Սթորիթելինգը լրագրության մեջ» վերապատրաստումը», - պարզաբանում է բասկ լրագրողը, որի թղթակցություններն Իրաքի, Սիրիայի և այլ պատերազմներից՝ զբաղեցրել են Deutsche Welle, Al Jazeera և Middle East Eye պարբերականների գլխագրերը:

 

Աշխատաժողովը կազմակերպված էր երկու մասով. օրվա առաջին կեսը նվիրված էր տպագիր, ֆոտո և վիդեոլրագրության տեսությանը, այդ թվում՝ պատմությունները միջազգային մամուլին ներկայացնելու և լուսանկարչական կամ տեսանկարահանող խցիկից օգտվելու հարցերին: Երկրորդ հատվածում վերապատրաստվողները դուրս են եկել Գորիսի փողոցներ՝ «որսալու» պատմություններ տեղի համայնքի մասին, որը ստիպված է առերեսվել Ադրբեջանի ներկայությանն իր դարպասների մոտ՝ նախկինում հայկական հսկողության ներքո գտնվող Լաչինի շրջանի հանձնումից հետո: Այս վարժությունը հանդիսացավ ծրագրի ավարտական հանձնարարությունը մասնակիցների համար:

 Երրորդ օրը նշանավորվեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի անակնկալ այցով, ով պատասխանեց հարցերի՝ կապված տարածաշրջանում տիրող իրավիճակի և Արցախ մուտք գործելու առնչությամբ լրագրողների մոտ առաջացող խնդիրների վերաբերյալ: Լրատվամիջոցների հետ կապված մասնակի սահմանափակումները նախարարը հիմնավորեց տեղեկատվական հոսքերի վտանգով, որոնք, ըստ նրա, կարող են է՛լ ավելի վտանգել տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն անվտանգությունը:

 27-ամյա Անահիտ Մարգարյան-Անտոնյանը դոկտորանտ է, որը Իսպանիայի հարավում գտնվող Կադիսի և Գրանադայի համալսարաններում իսպանալեզու աղբյուրների օգնությամբ հետազոտում է ցեղասպանությանն առնչվող հարցեր: Իր թեզի համար Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվներն ուսումնասիրելու նպատակով Հայաստան այցելելու ընթացքում նա դիմել է վերապատրաստման ծրագրին, «որպեսզի սովորի, թե ինչպես կարող է արտաքին աշխարհին ներկայացնել Հայաստանի բազմաթիվ հետաքրքրական պատմությունները»՝ որպես տեղական լրագրի արտահաստիքային թղթակից: «Դասընթացն ինձ սովորեցրեց երկրիս պատուհասած խնդիրները դիտարկել նվազ հուզականությամբ և առավել օբյեկտիվ դիտանկյունից, որպեսզի դրանց լուսաբանումն առավել համապատասխան լինի միջազգային ընթերցողի չափորոշիչներին», - ասում է նա:

 

Լուսանկարում՝ Դոկտորանտ Անահիտ Մարգարյան-Անտոնյանը հարցեր է ուղղում Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանին (ձախից):

Արցախի հանրային հեռուստաընկերության 33-ամյա հաղորդավար Անուշ Ղավալյանին այդ ամենը շատ ավելի քիչ հավանական էր թվում: «Երբ սկզբից միացա ծրագրին, հավատս չէր գալիս, թե հայ լրագրողի կողմից պատրաստված արցախյան պատմությունը կարող է ներկայացվել օտարերկրյա լսարանին: Ես համոզված էի, որ դրանք կմերժվեն՝ որպես սուբյեկտիվ կարծիք՝ անկախ հակառակն ապացուցելու ուղղությամբ մեր գործադրած մեծագույն ջանքերից», - խոստովանեց նա:

 

Վերապատրաստման հինգերորդ օրը Ղավալյանը մտքի հեղափոխություն վերապրեց: «Նրանք օգնեցին ինձ հասկանալ, որ խնդիրը թղթակցի ազգային պատկանելության մեջ չէ, այլ ներկայացված աշխատանքի որակի», - ասում է նա: «Եվ մենք այստեղ ենք հենց դրան հասնելու համար», - հավելում է դասընթացի ժամանակ ֆոտոլրագրություն դասավանդող Անդոնի Լուբակին, ով 2016 թվականին Սուրութուսայի հետ համահիմնադրել է Ronak Press-ը, և որի աշխատանքները հայտնվել են Associated Press, Newsweek և The New York Times պարբերականների էջերին:

 

Լուսանկարում՝ «Սթորիթելինգը լրագրության մեջ» ծրագրի և Ronak Press-ի թիմը՝ վիդեոլրագրության վերաբերյալ աշխատաժողովի ժամանակ:

Հեռանկարի այդ փոփոխությունն առավել ակներև դարձավ բոլոր մասնակիցների համար, ըստ BBC-ի օպերատոր և պրոդյուսեր Ջուան Աբդիի, որը վարում էր վիդեոլրագրության վերաբերյալ դասընթացը: Նա նշեց, որ վերապատրաստման ավարտին սովորողների մեծ մասը ցուցաբերեց «աշխատելու և Հայաստանի լրատվական ասպարեզում ինչ-որ բան փոխելու տենչ»: «Ես վստահ եմ, որ կարճ ժամանակ անց մեր վերապատրաստվողներից ոմանց անունները կտեսնենք խոշոր հրատարակությունների հեղինակային սյունակներում», - ասաց նա:

 

Ծրագիրն ավարտվեց հավաստագրերի շնորհման արարողությամբ, որին միացան ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանն ու ԵԱ երևանյան խմբի ղեկավար Հայկազ Նահապետյանը, ովքեր մասնակցեցին նաև նույն երեկոյան կազմակերպված հրաժեշտի ընթրիքին: «ՀԲԸՄ-ն մշտապես ձգտել է գտնել գործուն միջոցներ հայկական սփյուռքին ներգրավելու Հայաստանի զարգացմանն ուղղված իր ծրագրերում: «Սթորիթելինգը լրագրության մեջ» ծրագիրը սփյուռքի՝ ի դեմս ԵԱ Մադրիդի խմբի, միավորման հիանալի օրինակ է, որն ապացուցում է, որ նրանք մշտապես փորձում են գտնել միջոցներ, իրենց գործունեության ասպարեզներում, նպաստելու երկրի բարելավմանը», - ասում է Յակուբյանը:

 

Հայաստանում այս փորձնական ծրագրի մասին դրական լուրն անկասկած կտարածվի տեղի լրագրողների շրջանում, որոնք համակարծիք են իրենց սփյուռքյան գործընկերների հետ այն հարցում, որ Հայաստանի և Արցախի մասին աշխարհին պատմելու հմտությունների կատարելագործումն ազգային առաջնահերթություն է:

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի ազդեցություն ունենալով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքի վրա:

 

ՀԲԸՄ-ի և իր աշխարհասփյուռ ծրագրերի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել՝ www.agbu.org: