Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ներկայացուցչություն Արցախում եւ հայտերի ընդունման եւս մեկ կոչ

2021 թ. օգոստոսի 19, Ստեփանակերտ, Արցախ - «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը եւ հանդես է եկել նախագծերի հայտերի ընդունման եւս մեկ կոչով: Այսօր, երբ նշվում է Մարդասիրության համաշխարհային օրը, «Ավրորան» ուրախությամբ տեղեկացնում է, որ գրասենյակ է բացել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ ավելի արդյունավետ դարձնելու տեղում «Ավրորայի» մարդասիրական գործունեությունը, ամրապնդելու տարածաշրջանում իր ներկայությունը եւ նպաստելու Արցախի դիրքերի ամրապնդմանը միջազգային ասպարեզում։

«ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի միջոցով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն օգնում է Արցախի ժողովրդին, որը 2020 թ. Արցախյան պատերազմից հետո հայտնվել է հումանիտար ծանր ճգնաժամի մեջ: Ծրագիրը, որն սկզբում ուղղված էր պատերազմից տուժած մարդկանց հրատապ օժանդակություն տրամադրելուն, այսօր աջակցում է նախագծերի, որոնք խթանում են տարածաշրջանի սոցիալական երկարաժամկետ զարգացմանը: Այս բնագավառում աշխատող եւ տեղում օգնության կարիք ունեցող ցանկացած կազմակերպություն կարող է հայտ ներկայացնել:

«Ստեփանակերտում «Ավրորայի» գրասենյակ ունենալը վկայում է այն մասին, որ մենք այստեղ ենք երկար ժամանակով: Տասնյակ տեղական եւ միջազգային գործընկերներ են միացել մեր ծրագրին, եւ շատ կարեւոր է, որ այդ նախագծերը տեղ գտնեն գլոբալ համատեքստում ու կապվեն Արցախի ներկա իրավիճակի հետ: Սա պարզապես գրասենյակ չէ, այլ շահագրգիռ կողմերի համար մի տարածք, ուր իրենք կարող են գալ եւ ներկայացնել իրենց փորձը՝ վստահ լինելով, որ ոլորտի բոլոր հումանիտար ջանքերը լավ համակարգված են: Համագործակցության նման բանաձեւը կարող է ոչ միայն օգնել Արցախին, այլեւ ամբողջ աշխարհում օրինակ դառնալ բոլորի համար», - նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն այս ամսվա սկզբին Ստեփանակերտում էր:

Արցախի մարդասիրական օգնության ծրագրի մեկնարկից ի վեր «Ավրորան» ավելի քան 900.000.000 ՀՀ դրամ (1․740․000 ԱՄՆ դոլար) է հատկացրել՝ աջակցելու տեղական ու միջազգային 55 գործընկերոջ կողմից իրականացվող 80 նախագծի, այդ թվում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու Արցախի ժողովրդին: Ավելի քան 130․000 մարդ արդեն իսկ օգտվել է այդ նախագծերից: «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագիրը նաեւ ներառում է աշխարհի առաջատար մարդասերներին տարածաշրջան հրավիրելը․ 2020 թ․ պատերազմից հետո Արցախ են այցելել եզդի ակտիվիստ Միրզա Դինային եւ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնարդ Քուշները՝ տեղացիներին օգնելու նոր հնարավորություններ եւ արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:

««Ավրորան» շարունակում է անցում կատարել զարգացման ծրագրերին, եւ այս առումով այստեղ գրասենյակ ունենալը թույլ կտա մեզ համահունչ լինել տեղի բնակչության երկարաժամկետ կարիքներին: Կոչ ենք անում բոլոր կազմակերպություններին, որոնց  նախագծերը բարելավում են տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանները, խթանում են երիտասարդների մասնագիտական հմտությունները, նպաստում են մարդկային կապիտալի զարգացմանը եւ որեւէ այլ ձեւով ապահովում են կայուն փոփոխություններ, դիմեն ծրագրին: Մենք վստահ ենք, որ դա կնպաստի տեղական համայնքների ու մեր հայրենիքի հզորացմանը», - ասաց «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրի ղեկավար Նարինե Աղաբալյանը, որը Արցախում «Ավրորայի» գրասենյակի պատասխանատուն է:

Ֆինանսական աջակցության կարիք ունեցող կազմակերպությունները կարող են դիմել  «ԱՎՐՈՐԱՆ՝ Արցախին» ծրագրին․ հայտերն ընդունվում են առցանց մինչեւ 2021 թ. օգոստոսի 31-ը: Լրացված դիմումաձեւը (հայերեն կամ անգլերեն) անհրաժեշտ է ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեին։ Գործընկերները պետք է բավարարեն վերը նշված չափանիշները:

* * *

 

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման:

 

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը: 

Այս ութամյա հանձնառության (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):