Հուլիսի 26-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացել է Սարիկ Սևադայի «Հայրենադարձի աչքերով» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսը տեղի է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային սրահում: «Գրքի հայաստանյան շնորհանդեսը տեղի էր ունեցել 2020 թվականի փետրվարին, որից հետո հայկական յոթ համայնքներից հրավեր ստացա իրենց մոտ գիրքը ներկայացնելու։
Սակայն կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով չկարողացանք իրագործել այդ ծրագրերը։ Եվ ահա, Կիպրոսը առաջին երկիրն է Հայաստանից հետո, որտեղ ներկայացրեցինք «Հայրենադարձի աչքերով» գիրքը, կարծում եմ, որ տարեվերջին մեկ այլ համայնքում ևս կկարողանանք ներկայացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Սարիկ Սևադան։
Հեղինակի խոսքով՝ գիրքը սփյուռքի տարբեր համայնքներում ներկայացնելը նպատակ ունի խրախուսելու մեր հայրենակիցներին հայրենադարձվելու։ Գրքի ներկայացմանը հաջորդել է ակտիվ քննարկում Հայաստանի ներկա մարտահրավերների, այդ մարտահրավերների լուծման հարցում սփյուռքի ներգրավվածության և հայրենադարձության հետ կապված խնդիրների վերաբերյալ։
Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչները իրենց մտահոգություններն են արտահայտել Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգության և այլ հարցերի վերաբերյալ։ Նշենք, որ «Հայրենադարձի աչքերով» գիրքը հարցազրույցների ժողովածու է, որը ներկայացնում է թվով 30 հայրենադարձվածների պատմությունը։ Գրքի հերոսները Հայաստան են վերադարձել անկախությունից հետո և տարբեր ոլորտներում իրենց ներդրումն են ունեցել Հայրենիքի զարգացման գործում։
orer.eu