Օշականում գտնվող Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանին տեղադրված տապանաքարի մարմարե միջուկը, որտեղ գրված էր նրա անունը, ծննդյան ու մահվան տարեթվերը, տասնյակ տարիներ առաջ վանդալների կողմից ջարդվել էր ու չէր վերականգնվել: Անտարբեր վերաբերմունքնի արդյունքում արդեն մոռացության էր մատնվում մեծն Կոմիտասի առաջին ուսուցչի, մանկավարժ, գիտնական-բանասեր, ձայնագրագետ, շարականագետ, բառարանագիր, Էջմիածնի միաբանության անդամ Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանի տեղը:
«Նիդերլանդական օրագիրը» այս հարցի մասին՝ երկու տարի առաջ, ահազանգել էր ամենաառաջին հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Արագածոտնի հոգևոր թեմին, որոնք, որքան էլ տարօրինակ է մինչև այսօր պահպանեցին խորը լռություն: Խնդրին տեղյակ պահվեցին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, խորհրդարանի համապատասխան հանձնաժողովին, ավելի ուշ սփյուռքի հանձնակատարի գրասենյակին, նույնիսկ մեր մտահոգությունը հայտնեցինք Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին, Արևմտյան Եվրոպայի հոգևոր պատվիրակին, շահագրգիռ այլ կազմակերպություններին: Վերջիններս քչից-շատե քայլեր ձեռնարկեցին, բայց հարցը գործնական լուծում չունեցավ:
Ավելի շահագրգիռ ու հետևողական դուրս եկան «Նիդերլանդական օրագրի» ընթերցողներն ու բարեկամները: Օշականից` Աշոտ Կոշեցյանը մեզ է ուղարկել Սահակ վարդապետ Ամատունու տապանաքարի համապատասխան գրությամբ վերականգնած միջուկի լուսանկարը: Նա ևս սպասել է, որ պատկան մարմինները հարցն արագ կլուծեն: Երբ տարիներ են անցել ու տեսել է, որ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, խորհրդակցել է Սահակ Ամատունու ազգականների հետ ու պատրաստել բազալտե միջուկը` անվան ու տարեթվերի գրություններով, այն ինչ պահանջվում էր անել:
Հարցին գործնական լուծում էր առաջարկել նիդերլանդահայ քանդակագործ Էդուարդ Հարությունյանը (Eduard Broon Arutjnian)։ Նա արդեն ընտրել էր միջուկը և պատրաստվում էր փորագրության աշխատանքներին: «Նիդերլանդական օրագրին» իր անհատույց օգնությունն էր առաջարկել իտալացի վարպետ Ջովանի Ֆավորիտոն: Նա առաջարկել էր Էթնայի հրաբխային բնական քարին փորագրել Սահակ Ամատունու տարեթվերը:
Մեր երեք մասնակիցներին հավասարապես մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում:
Այնուհանդերձ «Նիդերլանդական օրագիրը» հարցն ավարտված չի համարում: Գերեզմանը պետք է վերցնել պետության հոգածության ներքո, տեղադրել ցուցանակ, որտեղ ներկայացվի Սահակ վարդապետ Ամատունու համառոտ կենսագրությունը:
Այս թեմայով գրված մեր նախորդ հոդվածները
Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված
Արձագանք` «Սահակ վարդապետ Ամատունու գերեզմանը վանդալիզմի ենթարկված» հոդվածին
Թումանյանը, Կոմիտասն ու Սահակ Ամատունին
Ե՞ՐԲ Է ՄԱՀԱՑԵԼ ՍԱՀԱԿ ՎԱՐԴԱՊԵՏ ԱՄԱՏՈՒՆԻՆ
Սահակ վարդապետ Ամատունի. նոր էջեր կյանքի տարեգրությունից