Հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում: Ընթանում են տեղային մարտեր: Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին։
Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ.
Այս գիշեր Ադրբեջանը հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ՝ կրկին հրահրելով ռազմական գործողություններ և հարձակում հայ-ադրբեջանական սահմանին:
Ցավոք, ադրբեջանական զինված սադրանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Հանրապետության նախագահն իր խորին ցավակցությունն է հայտնում մեր զոհված զինվորականների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում ապաքինում:
Վստահ լինելով, որ մեր երկրի զինված ուժերն ի զորու են համարժեք գործողություններով հակազդել Ադրբեջանի ռազմական սադրանքներին, Հանրապետության նախագահն իր աջակցությունն է հայտնում մեր բանակին, ինչպես նաև երկրի սահմանների ու բնակչության անվտանգության և պաշտպանության հարցերում ներգրավված մյուս բոլոր կառույցներին:
Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՀՀ արտգործնախարարությունը.
ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տվյալների` կան մարդկային կորուստներ։
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։
Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։
Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։
Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: