Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 

Չեխ լրագրողներ Լենկա Կլիցպերովան եւ Մարկետա Կուտիլովան չեխահայությանը հայտնի դարձան հատկապես Արցախի  44-օրյա պատերազմի առաջին օրերից։ Նրանք առաջիններից մեկն էին, որ չեխ հասարակությանը տեղեկացրեցին, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ Մարկետան Արցախում եղել էր պատերազմից առաջ, իսկ Լենկայի հետ նաեւ պատերազմի ընթացքում եւ հետո։ Բացի ուղիղ եթերում տրվող ռեպորտաժներից, հարցազրույցներից,  նրանք այդ օրերին հոդվածներ տպագրեցին չեխական տարբեր թերթերում եւ ամսագրերում։

 

Պատերազմից տասը ամիս անց նրանք ընթերցողի դատին հանձնեցին իրենց տպավորությունների ու ապրումների գիրքը՝ «Վերջինը հրկիզում է գյուղը. Պատերազմը Լեռնային Ղարաբաղում», որի  շնորհանդեսը տեղի ունեցավ հուլիս 22-ին Պրահայի Սուրբ Աննայի եկեղեցական համալիրի պարտեզում։ Գիրքը լույս է ընծայել  «Ունիվերսում» հրատարակչությունը՝ 3000 տպաքանակով։ Ըստ էության, եթե չեմ սխալվում սա օտար լեզվով լույս տեսած առաջին գիրքն է՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմին։

Բնական կանաչով ողողված բեմում գրքի հեղինակները նախ պատասխանեցին օրվա ձեռնարկը վարող Լեննի Տրչկովայի հարցերին։

Մարկետան հիշեց, որ դեռեւս 2018-ին իր կյանքի լավագույն արձակուրդն անցկացրել էր Լեռնային Ղարաբաղում, հիացել ոչ միայն բնությամբ, լեռներով, այլեւ մարդկանց բարությամբ։

«Զարմանալի էր, որ մարդիկ մնացել են մաքուր, ոչ միայն իրենց հյուրասիրությամբ, այլեւ իրենց հոգով»,- ասաց Մարկետան։ Այնուհետեւ Արցախի դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիայի մասին լսելուց հետո, անմիջապես զանգել է Լենկային եւ մեկնել են Արցախ։ Նրանք չեն թաքցնում, որ արցախցիների հետ հավասար հուզվել են, ապրել են վախի ու սարսափի օրեր, երբ Ստեփանակերտի վրա ռումբեր էին գցում եւ իրենք չգիտեին, թե ինչ կլինի հաջորդ օրերին։ Լենկան ասում է, որ ի տարբերություն Իրաքի, Սիրիայի եւ Լիբիայի, ուր կարողանում էին առաջնագիծ գնալ, Ղարաբաղում չեն հասցրել եւ մայրաքաղաքում հայտնվել են կրակի տակ։

 Չեխ լրագրողները փաստում են, որ սա անհավասար կռիվ էր, քանի որ հայկական կողմը շատ վատ էր զինված, իսկ ադրբեջանական կողմից ռազմական տեխնիկայի վերջին միջոցներն էին օգտագործում, հատկապես՝ դրոնները։ Հետեւաբար, Մարկետայի ասելով՝ «նկատի ունենալով Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական առավելությունը եւ հայկական կողմի հին տեխնիկան, հասկացանք, որ հայերը հաղթելու հնարավորություն չունեին»։ Հրադադարից հետո կրկին մեկնել են եւ ականատես դարձել պարտության հետեւանքներին, մարդկային անասանելի ցավին ու տառապանքին։ Նրանք էլ շատերի նման լրագրողական սառնասրտություն չեն կարողացել պահպանել եւ հուզվել են բոլոր այն մարդկանց հետ, որոնց ճանաչում էին նախորդ այցերից։ Պատերազմից հետո աղջիկները գիշերները չեն կարողանում հանգիստ քնել, օգտագործում են քնաբեր, որպեսզի հանգստանան։

Լրագրողների համար, որոնք մեկնում են պատերազմական գոտի, միշտ էլ ռիսկի պահը անխուսափելի է։ Սակայն իրենց համար ամենամեծ շոկը առաջին ռմբակոծության ժամանակ էր, երբ չգիտեին ինչ անել։ Նման պահերին նրանց օգնության է եկել սեւ հումորը։ Բայց այսօր էլ իրենց գործը համարում են լրագրողական աշխատանքը, որ պարտավոր էին կատարել։

Երկու ամիս առաջ նրանք կրկին գնացել են Արցախ, բայց ռուս զինվորները չեն թույլատրել Հայաստանից անցնել Ղարաբաղ։ Մարկետան եւ Լենկան նշում են նաեւ, որ շատ աննշան է նաեւ միջազգային մարդասիարական կազմակերպությունների օգնությունը, իսկ շատ երկրներ իրենց օգնությունը կապում են Թուրքիայի հետ հարաբերություններով։

Ձեռնարկի ընթացքում Կլիցպերովային եւ Կուտիլովային ողջունեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։

Դեսպանը օգտվելով առիթից,  ոչ միայն շնորհավորեց Լեռնային Ղարաբաղում վերջին պատերազմի վերաբերյալ գրքի հրատարակման կապակցությամբ, այլև իր անկեղծ երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց այս ամիսների ընթացքում կատարած աշխատանքի ու նվիրվածության համար, ինչպես նաեւ ճշմարտությունը աշխարհին հասցնելու և հայ ժողովրդի հանդեպ նրանց համերաշխության և կարեկցանքի համար:

«Պատերազմի ընթացքում և դրանից հետո դուք մի քանի անգամ եղել եք Հայաստանում և Արցախում, գտնվում էիք էպիկենտրոնում և հանդիսանում էիք տեղեկատվության հուսալի աղբյուր ոչ միայն չեխական լրատվամիջոցների, այլ նաև հասարակության լայն շրջանակների համար, որոնք կարող էին հետևել ոչ միայն ընթացիկ զարգացումներին, այլև արցախահայերի անասելի տառապանքներին»,- ասաց դեսպան Հովակիմյանը։  

 Նրա ասելով, Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիան, որին աջակցում էին նաեւ միջազգային ահաբեկիչները, ոչ միայն նախապես պլանավորված էր, այլ ուղեկցվում էր բազմաթիվ ռազմական հանցագործություններով և զինված բախումների օրենքների ու ավանդույթների կոպիտ խախտումներով, որոնք մի նպատակ ունեին՝ ոչնչացնել հայ բնակչությանը:

Չնայած ռուսական կողմը ջանք չի խնայել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմը հաստատելու համար և այդ նպատակով խաղաղապահներ է տեղակայել Արացախում, բայց Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը,  նաեւ ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորվածների փոխանակումը: Ադրբեջանն այժմ ձգտում է օրինականացնել ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ բոլոր առումներով և ամրապնդել հակամարտության ուժային լուծման իր պահանջները ՝ միաժամանակ ոտնձգություն կատարելով Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում՝  ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և վերջերս հրահրելով սադրիչ գործողություններ նաեւ Երասխի հարակից տարածքներում:

Հայաստանի դեսպանի ասելով, այսօր առավել քան կարեւոր է տարածաշրջանային անվտանգության հաստատումը  եւ խնդրի լուծումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

 

«Ռեֆլեքս» ազդեցիկ ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Բոհումիլ Պեչինկան իր խոսքում անդրադարձավ գրքի հեղինակների հետ համագործակցությանը, ապա խոսեց Եվրոպական Միության կողմից կիրառված երկակի ստանդարտների մասին, իհարկե, նշելով նաեւ, որ հայկական կողմն էլ մեծ սխալներ է թույլ տվել։ Ադրբեջանի բանտերում շարունակում են մնալ հայ ռազմագերիներ ու քաղաքական բանտարկյալներ, շարունակում են կաշառել եվրոպական քաղաքական գործիչներին, ֆուտբոլի առաջնություն են անցկացնում, եւ այդ ամենին Եվրոպան հանգիստ հետեւում է։

Բոհումիլ Պեչինկան նշեց նաեւ, որ հեղինակները գիրքը գրել են ազնվորեն եւ խորհուրդ տվեց ընթերցել։

Վերջում համերգային բաժնում ելույթ ունեցավ սոպրանո  Մագդանելա Ֆրիեդել  Մալան եւ Արիո Նուո Տրիոն։  

Այժմ մի քանի խոսք գրքի մասին։ Գիրքը բաղկացած է 30 տարբեր գլուխներից, սկսվում է առաջաբանով եւ ավարտվում շնորհակալական խոսքով, եւ քաղաքագետ Տոմաշ Շմիդի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված պատմական ակնարկով։

20 տարի լրագրությամբ զբաղվող Լենկան եւ Մարկետան գրում են, որ հիմնական մարտերը ընթանում էին Ղարաբաղում, այդ պատճառով որոշեցին մեկնել Ստեփանակերտ եւ չգնալ Ադրբեջան։ Բացի այդ, նրանց կարծիքով Ադրբեջանը դեմոկրատական երկիր չէ եւ դժվար կլիներ աշխատել, քանի որ այնտեղ իշխում է դիկտատուրան։ Իսկ Եվրոպայի լռության քաղաքականությունը համարում են հանդարտեցման կամ խաղաղեցման  փորձ, որը հայտնի է, որ ոչ մի լավ բանի չի հանգեցնում, ինչպես դա տեղի ունեցավ Երկրորդ աշխարհամարտից առաջ։ Հեղինակները նաեւ չեն ձգտում պատմության դատավաորի դեր կատարել՝ որոշելու, թե որ կողմին է պատկանում այդ տարածքը, այլ ցանկացել են լինել տեղում եւ տեղացիների աչքերով նայել խնդրին։ Իրենք չեն ցանկացել դառնալ մեդիախաղերի մաս եւ տրվել տարբեր մանիպուլյացիաների, բայց Արցախում հայտնվելուց հետո Ադրբեջանն իրենց անցկալի անձ է հայտարարել այդ երկրում, եւ ֆեյսբուք սոցիալական ցանցում իրենց անուններով կեղծ էջեր են բացվել եւ ներկայացվել են իբրեւ պոռնոաստղեր։

Լենկան եւ Մարկետան նաեւ նշում են, որ թեեւ Ղարաբաղը դե յուրե գտնվել է Ադրբեջանի կազմում, սակայն այդ որոշումը կայացրել է դիկտատոր Ստալինը, որի կայացրած որոշումները արդյո՞ք կարող են ուժի մեջ լինել 2020 թվականին։ Այդ պատճառով են նաեւ հակամարտության պատմության մասին գրքի վերջում  գրել  է կովկասագետ Տոմաշ Շմիդը։ Ղարաբաղում իրենք կատարել են լրագրողական աշխատանք, գրել են հասարակ մարդկանց, նրանց խնդիրների մասին  եւ ամենակարեւորը անտարբեր չեն մնացել  մարդկանց տառապանքների հանդեպ։

 

Հ .Գ . - Գրքին ավելի մանրամասն կանդրադառնանք ՕՐԵՐ եվրոպական ամսագրում, տպագրելով նաեւ հեղինակների հետ հարցազրույցը։ Նախապես միայն նշեմ, որ Լենկան եւ Մարկետան հիրավի մեծ աշխատանք են կատարել, հատկապես արժեքավոր են նաեւ գրքում տեղ գտած լուսանկարները։ Գրքի վերջաբանում նրանք շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց՝ այդ թվում  Արցախում Կարեն Օհանջանյանին եւ Հայաստանում  Կարեն Պետրոսյանին, ինչպես նաեւ Չեխիայում Գեղեցիկ Աֆունցին, Ալբերտ Ղազարյանին, Մարիամ Ալոյանին եւ Արփինե Սահակյանին։ Վերջում մի դիտարկում եւս.  չեխահայերը, որոնք զլացել էին ներկա գտնվել շնորհանդեսին, կարող են գնել գիրքը եւ նվիրել իրենց չեխ բարեկամներին։

 Հակոբ Ասատրյան

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր 

Պրահա

orer.eu