Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ։
«Հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին նախազգուշացնում է, որ սահմանային ցանկացած սադրանք արժանանալու է կոշտ արձագանքի, և իրադրության սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը փաստահավաք աշխատանքների նպատակով գտնվում է Երասխում (ՀՀ Արարատի մարզ):
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը:
Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում ադրբեջանական պարբերական դարձած կրակոցներից հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող:
Այցի արդյունքները կամփոփվեն` արձանագրելով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Առանձին զեկույցով մանրամասները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին:
orer.eu