ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԻ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին, գործում է համապատասխան օրենքի հիման վրա ու հետևողականորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանի ու Արցախի հարկատուների ամսական պարտադիր վճարումներից (ըստ եկամուտների չափի), կամավոր նվիրաբերություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից, ինչպես նաև ակտիվների կառավարման արդյունքում ստացված եկամուտներից։ Կայքէջն է՝ www.1000plus.am
-Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գերծանրաբեռնված իրավիճակում հայտնվեց 44-օրյա պատերազմից հետո։ Ձեր կանխորոշած վճարման ժամանակացույցը բնականաբար փոխվեց։ Ինչպիսի՞ վերջնական թվերի մասին է խոսքը, կցանկանայի մեր ընթերցողներին ներկայացնեք, թե մինչեւ հիմա ի՞նչ ձեւով եք վճարումներ կատարել, եւ ի՞նչ նոր խնդիրներ են ի հայտ եկել, որ պետք է արագ լուծել։
- Պատերազմի մարդկային զոհերի, անհետ կորածների եւ հաշմանդամության հետեւանքները անդառնալի են, եւ 44 օրվա համար չափազանց բարձր են։ Այս պահին ես ձեռնպահ կմնամ վերջնական ինչ-որ թիվ հրապարակելուց, բայց կարող եմ ասել, թե որքան հատուցումներ ենք մենք կատարում։ Եթե պատերազմի արդյունքներով պայմանավորված թվերին անդրադառնանք, ապա փաստացի զոհված զինծառայողների մասով կատարել ենք 3,340 հատուցում։ Անհայտ բացակայող զինծառայողների եւ հաշմանդամություն ունեցող զինծառայողների մասով կա որոշակի յուրահատկություն։ Զինհաշմանդամի կարգավիճակ ստանալու համար զինվորը նախ պետք է անցնի բուժման ընթացք, ապա՝ փորձաքննություն, որոշվի նրա հաշմանդամության աստիճանը, որից հետո նա կարող է դառնալ մեր շահառուն։ Որոշ զինծառայողներ անցել են այդ փորձաքննությունը, իսկ որոշները դեռեւս մնում են այդ գործընթացում։ Բայց քանի որ գիտեինք, որ դա այդպես է լինելու, մենք նախաձեռնեցինք մի ծրագիր, որ կոչվում է «Կամուրջ» հատուցման ծրագիր, որի համաձայն վեց ամիս շարունակ 300 հազարական ՀՀ դրամ ենք հատուցում, մինչեւ որ այդ զինծառայողները կստանան զինհաշմանդամի կարգավիճակ։ Նույնը վերաբերում է անհետ կորած զինծառայողների ընտանիքներին։ Անհայտ բացակայող զինծառայողի կարգավիճակը իրավական է, որը դատարանն է տալիս՝ ընտանիքի դիմումի համաձայն, ինչից հետո այդ ընտանիքը կարող է դառնալ մեր շահառուն։ Փետրվարի 10-ից հետո ընտանիքները կարող էին դիմել, բայց քանի որ գիտեինք, որ դա երկար կարող է տեւել, իրենց ընտանիքներին նույնպես վեց ամիս շարունակ տրամադրում ենք ամսական 300 հազարական դրամ։ Մեկնարկի պահից «Կամուրջ» ծրագրով հատուցում են ստացել 393 ծանր վիրավոր զինծառայողներ և 1,071 անհետ կորած զինծառայողի ընտանիքներ։ Այժմ «Կամուրջ» ծրագրով շարունակում ենք հատուցումներ տրամադրել 282 ծանր վիրավոր զինծառայողների եւ 218 զինծառայողի ընտանիքների, որոնց գտնվելու վայրը հայտնի չէ։ Այս թիվը պետք չէ նույնականացնել անհետ կորածների թվի հետ․ քանի դեռ զինծառայողը չի հուղարկավորվել, նա համարվում է անհետ կորած։ Այս թվերը ամեն շաբաթ նվազում են, քանի որ մասունքների ԴՆԹ փորձաքննության արդյունքները հայտնի են դառնում եւ նույնականացում է տեղի ունենում, շատերին հուղարկավորում են, ստանում են մահացածի կարգավիճակ եւ դուրս են գալիս անհետ կորածի կարգավիճակից։ Այսինքն՝ մի ցուցակից անցնում են մյուս ցուցակ։ Այս պահին ավելի քան 4,500 ընտանիքի տարբեր հատուցումներ ենք տալիս։ Հիշեցնեմ, որ մեր հիմնական ծրագրի շրջանակներում մենք կատարում ենք միանվագ հատուցում՝ 10 միլիոն ՀՀ դրամի չափով զոհված եւ անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին եւ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, 5 միլիոն ՀՀ դրամ երկրորդ կարգի հաշմանադմություն ունեցող զինծառայողներին, այնուհետեւ քսան տարի շարունակ ամսական 100-300 հազար դրամ այդ զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին՝ ելնելով զինծառայողի զինվորական աստիճանից։
-Բնականաբար նման հետեւանքներ չէիք սպասում պատերազմից, հետեւաբար, որքան ինձ հայտնի է, նաեւ ֆինանսական առումով պատրաստ չէիք։ Որքա՞ն գումարի կարիք ունեք դուք, որպեսզի լիովին փակեք բոլոր շահառուների պահանջները։
-Այս պահին արդեն շուրջ 70 միլիոն եվրոյի հատուցում ենք արել 2017 թվականից սկսած, որից այս պատերազմի արդյունքներով՝ շուրջ 60 միլիոն եվրոյի։ Դա ահռելի մեծ գումար է, բայց ժամանակին, երբ այս հիմնադրամը ստեղծում էինք, հենց այդ նպատակով էինք ստեղծում, որ լինի ազգային հիմնադրամ, որը նման արհավիրքների դեպքում, կկարողանա դիմակայել։ Պարզվեց, որ դա ճիշտ որոշում էր։ Իհարկե, ավելի լավ կլիներ, որ չլիներ այդ ամենը, բայց, այնունաամենայնիվ, լավ էր, որ հիմնադրամը կա եւ իր նպատակին ծառայեց։ Իհարկե, ֆինանսական կորուստները չափազանց մեծ են, համեմատած մեր նախնական հաշվարկների հետ, բայց պատերազմի առաջին իսկ օրվանից ակտիվ դրամահավաք նախաձեռնեցինք, եւ անցած ամիսների ընթացքում կարողացանք ամբողջ աշխարհից 13․4 միլիոն եվրո նվիրաբերություններ հավաքել։ Նաեւ ունեինք տարիների ընթացքում մեր կուտակած միջոցները, եւ այդ բոլորը օգտագործեցինք այդ հատուցումները կատարելու համար։ Եթե մինչեւ 2021 թվական Հայաստանի ամեն մի քաղաքացի վճարում էր ամսական 1,000 ՀՀ դրամ՝ որպես պարտադիր վճար, այժմ ԱԺ ընդունած օրենքի փոփոխությունների համաձայն, մտցվեց սանդղակային վճարումներ, այսինքն՝ ելնելով աշխատավարձի չափից, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է փոխանցի 1,500-ից մինչեւ 15,000 ՀՀ դրամ։ Իհարկե, այդ ավելացրած գումարները միջինացված 1,000 ՀՀ դրամը 3,000 են դարձնում, ենթադրվում է, որ մեր մուտքերը տարեկան 7,5 միլիարդ ՀՀ դրամից կամ 15 միլիոն եվրոյից պետք է աճեն եւ դառնան շուրջ 45 միլիոն եվրո։ Այդ դեպքում մենք կկարողանանք մեր ամսական վճարումները կատարել քսան տարի շարունակ։ Ինչ վերաբերում է հարցին, թե որքան լրացուցիչ միջոցների կարիք կունենանք, հստակ չեմ կարող ասել, բայց մենք միշտ ունենք լրացուցիչ միջոցների կարիք մի քանի պատճառներով. նախ՝ մեր հատուցումները երկարաժամկետ են, եւ մենք չենք կարող ասել, որ ինչ որ մի պահի դադարեցնում ենք, քանի որ գումար չկա։ Դա մեզ համար կարմիր գիծ է, եւ դա թույլ չենք տալու։ Մեր ծրագիրը երկարաժամկետ է, հարատեւ է։ Իսկ լրացուցիչ միջոցներ պետք է միշտ կուտակել, քանի որ Հայաստանը հայտնվել է վայրագ հարեւանների միջավայրում, եւ այդ իսկ պատճառով չեմ կարող բացառել զոհերի կամ վիրավորների նոր դեպքեր։ Ասեմ նաեւ, որ նոյեմբերի 9-ից հետո նոր դեպքեր էլ ենք ունեցել։ Նույնիսկ 2017 թվականի սեպտեմբերից հետո մինչեւ 2020թ սեպտեմբերի 27-ը մենք տարեկան շուրջ 40-45 դեպք էինք ունենում։ Եվ երրորդ հանգամանքն այն կլինի, թե մենք պաշտպանության նախարարության մեր գործընկերներից քանի նոր դեպքերի մասին տվյալներ կստանանք։ Իմ գնահատմամբ, առյուծի բաժինը, 4,500 ընտանիքիների արդեն հատուցում ենք տրամադրում այս պահին։ Նրանք, ովքեր «Կամուրջ» ծրագրի ներքո էին, կտեղափոխվեն հիմնական ծրագիր։ Հնարավոր է, 100-200 նոր դեպքերի մասին հաղորդագրություն ստանանք եւ ինձ թվում է դրանով կսահմանափակվենք։
- Այստեղ մի նուրբ խնդիր կա։ Իսկ նախատեսե՞լ եք ինչ որ ձեւով հատուցում տրամադրել այն ռազմագերիներին, որոնք ամիսներ շարունակ գտնվում են Ադրբեջանում եւ ըստ էության իրենց ընտանիքիները նույնպես զրկված են աջակցողից։ Նրանք չգիտեն էլ հետ կգան, թե՝ ոչ։ Ի՞նչ կարգավիճակ է նրանց տրվում։
- Եթե զինծառայողի գտնվելու վայրը անհայտ է, նման մարդկանց ցուցակը Պաշտպանության նախարարությունից ստանում ենք եւ համապատասխան վճարում ենք կատարում։ Դրա համար Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սերտորեն աշխատում է Պաշտպանության նախարարության հետ, եւ մեր մոտ չկա առանձնացում՝ ռազմագերի է, թե անհետ կորած։ Այսինքն, «Կամուրջ» ծրագրի ներքո հատուցումներ ստացող ընտանիքների թվում են նաեւ նրանք, որոնց որդիները գտնվում են գերության մեջ։ Թե քանիսն են, նման թվի չեմ տիրապետում։ Հիմնադրամի տեսանկյունից եթե զինծառայողը Հայաստանում չէ եւ չգիտենք նրա գտնվելու վայրը, ապա հատուցվում են։
- Իսկ եթե հայտնի են նրանց անունները, եւ հաստատ գիտեք, որ գերության մեջ են։
- Ես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն եմ ներկայացնում, մենք բոլոր անհայտ բացակայողներին նույն հատուցումն ենք կատարում՝ տարանջատում չանելով։
- Իսկ կամավորներին հատուցում տալիս ե՞ք։
- Այո, իհարկե, տարբերություն չկա։ Մեր ցուցակներում կան մարդիկ, որոնք կամավոր են մեկնել ռազմաճակատ եւ նրանց էլ ենք հատուցում, նույնիսկ այն կամավորներին, որոնք այլ երկրների քաղաքացի են, օրինակ Ռուսաստանի կամ Ուկրաինայի։ Իհարկե, նման դեպքերը քիչ են։
- Մի այլ խնդիր, որ կապված է ոչ միայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։ Պատերազմի ընթացքում եւ հետո այլ հիմնադրամներ էլ ստեղծվեցին, բայց հիմնական աջակցությունը սփյուռքահայերը եւ հայաստանցիները ուղղեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Հիմա քանի որ կառավարությունը փոխանցված այդ 105 միլիոնի հետ կապված որոշակի անվստահություն է ստեղծվել նաեւ սփյուռքում, հարց է ծագում. Որքանո՞վ է այս հիմնադրամը զերծ կառավարական ինքնակամ որոշումներից, որպեսզի այս հիմնադրամի գումարներն էլ այլ նպատակներով չօգտագործվեն։ Եվ երկրորդը՝ որքան գումար փոխանցեց «Հայաստան» հիմնադրամը ձեր հիմնադրամին, որպեսզի վատ վիճակում չհայտնվեք եւ կարողանաք փոխանցումները կատարել։
- Առաջինը, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը քաղաքական գործընթացներից եւ զարգացումներից անկախ է։ Դա վերահաստատվեց նաեւ այն հանգամանքով, որ մենք հոգաբարձուների խորհրդի կազմն ամբողջությամբ փոխեցինք։ Այսօր ԶԱՀ հոգաբարձուների խորհրդում բոլորն անկախ մարդիկ են, պետական պաշտոնյաներ չեն, եւ մեծամասնությունը սփյուռքահայեր են։ Նրանց կենսագրությունները տեղադրված են մեր կայքէջում, ցանկացած ոք կարող է ծանոթանալ։ Հոգաբարձուների խորհրդի անդամները մարդիկ են, ովքեր հեղինակություն ունեն իրենց համայնքներում, քաղաքականպես անկախ են, եւ ազդեցությունը նրանց վրա, թե ով է այդ պահին քաղաքական իշխանությունը, կարող եմ ասել գրեթե բացակայում է։ Ադամ Կաբլանյանը ամերիկահայ գործարար է, բարձր տեխնոլոգիական ընկերությունում գործադիր տնօրեն է, Իրինա Սեյլանյանը՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենն է, ամերիկահայ Ժոզեֆ Սիմոնյանը Autonomous Investment Technologies ընկերության հիմնադիրն է և ՏՏ գծով տնoրենը, Անահիտ Ադամյանը ռուսասատանահայ բիզնես խորհրդատու է, Դավիթ Հակոբյանը միջազգային զարգացման մասնագետ է։ Քաղաքական որեւէ անձ այստեղ հաստատված չէ։ Դրա համար նաեւ կառավարությունն էլ մեզ հետ այդ քայլին գնաց, հասկանալով, որ ԶԱՀ պետք է անկախ լինի։ Երկրորդ հանգամանքը տնօրենի պաշտոնն է, որը նույնպես պետք է լինի անկախ մարդ, եւ զերծ լինի իշխանությունների ազդեցությունից։ ՀՀ կառավարության մեր գործընկերներն էլ շատ լավ հասկանում են, որ քսան տարվա հատուցումներ է կատարում ԶԱՀ, որեւէ ոտնձգություն հիմնադրամի ֆինանսական միջոցների նկատմամբ չի կարող լինել եւ որեւէ քաղաքական ուժ այդ քսան տարվա պատասխանատվության տակ չի կարող մտնել։ Այնուամենայնիվ, չորս տարիների փորձը ցույց տվեց, այդ թվում թե պատերազմի թեժ օրերին եւ թե դրանից հետո, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը մնացել է թափանցիկ աշխատող կառույց։ Ես կարող եմ հպարտորեն պնդել և ամենայն պատասխանատվությամբ ասել, որ Հայաստանում, սփյուռքում եւ Արցախում, այսինքն՝ հայ իրականության մեջ, մեր հիմնադրամը ամենաթափանցիկ եւ հաշվետու հիմնադրամն է։ Մեր ամբողջ ֆինանսական եւ այլ տեղեկատվությունը տեղադրված է կայքում եւ մենք թաքցնելու բան չունենք։ Ստեղծման օրվանից այնպես է նախագծվել ամբողջ համակարգը, որ գրեթե անհնար է միջամտել։ Եթե որեւէ մեկը փորձի միջամտել, ապա բացասաբար կանդրադառնա նրա վրա։ Չորս տարվա փորձը ցույց տվեց, որ հիմնադրամն այլ ծախս չի արել, քան փաստացի հատուցումը։
«Հայաստան» համահայկական հիմնադրամից մենք ստացել ենք մեկ միլիոն ԱՄՆ դոլար, որից 920 հազար ԱՄՆ դոլարը ՕneArmenia-ի դրամահավաքից էր, իրենք խնդրել էին, որ մեզ փոխանցեն, իսկ մնացածը՝ 60-80 հազար էլ տարբեր համայնքների տարբեր մարդիկ որ փոխանցումներ էին արել, հետագայում խնդրել էին, որ իրենց գումարները մեզ փոխանցեն։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր հայթայթած գումարից մեզ գումար չի հատկացրել։
- Իսկ արդեն հայտարարել եք որ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը պետք է վճարովի լինի, եւ դուք ցանկություն եք հայտնել թողնել գործադիր տնօրենի պաշտոնը, եւ անցած չորս տարիներին անվճար աշխատել եք։ Ինչպե՞ս կարող եք երաշխավորել, որ նոր տնօրենը նույն կերպ կարող է շարունակել ձեր գործը, վերահսկման մեխանիզմներ կան, որպեսզի շեղումների դեպքում կասեցվեն։
- Միանշանակ։ Դրա համար մեր առաջին քայլը եղավ ոչ թե նոր տնօրեն նշանակումը, այլ նոր խորհուրդ կազմավորելը, որպեսզի խորհուրդը կրի այդ մշակութային եւ արժեքային համակարգը՝ թափանցիկության եւ ժողովրդավարության, հաշվետվության, եւ նաեւ վերահսկի եւ ուղղորդի տնօրենի գործունեությունը, անկախ նրա ով լինելուց։ Պահպանել այն ամբողջ ժառանգությունը, որը կա։ Նոր տնօրենի ընտրության առաջին պայմանը, բացի ֆինանսական գիտելիքների մակարդակից, դրամահավաքի փորձից, ներկայանալի լինելու հանգամանքից, նաեւ կարեւոր է, որ լինի այնպիսի մարդ, որ եթե անհրաժեշտ լինի, եթե դա խախտում է ԶԱՀ կայունությունը, մերժել ցանկացած առաջարկ եւ կենտրոնանալ միայն ԶԱՀ գործառույթների եւ առաքելության վրա, եւ պահպանի արդեն իսկ ստեղծված ժառանգությունը։
- Իսկ ապագայում, նկատի ունենալով 44-օրյա պատերազմի արդյունքները, հնարավոր է նոր ծրագրեր մշակեք՝ հասարակության մոտ հիմնադրամի նկատմամբ վստահությունը ավելացնելու առումով։
- Առաջին հերթին, պետք է ամեն ինչ անենք, որ մենք ունենանք ոչ միայն կամավորների թիմ, այլ մարդկանց թիմ, որոնք ամբողջական դրույքով կաշխատեն ԶԱՀ համար, որոնք կարող են աշխատել օրական ութ ժամ։ Պատերազմից հետո բոլորս աշխատում էինք օրական 8-12 ժամ։ Բայց անվճար երկար ժամանակ չես կարող աշխատել։ Այժմ պրոֆեսիոնալ աշխատակազմ ունենք՝ թվային մարքեթինգի մասնագետ, ֆոնդահայթայթման եւ դոնորների հետ կապերի, մամուլի հետ կապերի մասնագետներ։ Թիմը խորացրել է իր աշխատանքները, որ հասարակության մեջ ավելի ճանաչելի լինի։ Անհամեստորեն կարող եմ ասել, որ հպարտանում եմ մեր թիմով, քանի որ մեր թիմը կարողացավ պատերազմի ամենածանր օրերին ամեն ինչ անել եւ հասնել մեր զինվորներին։ Հայաստանում եւ սփյուռքում ձեռք բերեցինք մեծ ճանաչելիություն եւ վստահություն։ Դա էր վկայում նաեւ այն, որ շատերը անցաթ յոթ-ութ ամիսներին Հայաստան համահայկական հիմնադրամի հետ կապված դեպքից հետո իրենց նվիրաբերություններն ուղղեցին մեզ։ Մարդիկ եղան, ովքեր ընդհանրապես հիասաթափվեցին եւ դադարեցրին նվիրաբերությունները։ Բայց մենք դրանով չենք բավարարում եւ շարունակում ենք աշխատել։ Տարբեր համայնքներում ավելի խորացրել ենք հիմնադրամի ճանաչելիությունը։ Քովիդ 19-ի սահմանափակումները թուլացնելուց հետո մեր ֆոնդահայթայթման մասնագետը աշխատում է նաեւ սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ։ Նա կարող է այցելել համայնքներ, ներկայացնել մեր աշխատանքը, որը մինչ այդ կատարվել է նաեւ առցանց։ Նաեւ պետք է արդեն իսկ ձեւավորված հարաբերությունները պահպանել համայնքների հետ, որոնք արդեն իսկ գումարներ են փոխանցել։ Չափազանց կարեւոր է այդ կապը պահել, որպեսզի աջակցությունը լինի շարունակական, իմանան, որ Զինծառայողնրեի ապահովագրության հիմնադրամը միշտ կանգնած է լինելու զինվորի կողքին, նրանց ընտանիքիների կողքին։
- Եվ վերջին հարց. Ե՞րբ է տեղի ունենալու նոր տնօրենի ընտրությունը։
- Հայտարարությունը տրված է, դիմումներն ենք հավաքում։ Առաջիկայում կուսումնասիրենք։
Orer.eu