Շուրջ 25 տարի Երեւանում գործում է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը, որն իրականացնում է կրթական, մշակութային եւ սոցիալական ծրագրեր:
2010թ. սկսած «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի ուշադրության կենտրոնում են դպրոցների եւ աշակերտների հիմնախնդիրները: Նախաձեռնելով «Աջակցություն դպրոցներին» ծրագիրը, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը կենտրոնացել է նախ Հայաստանի տարբեր մարզերում եւ Արցախում գտնվող Վահան Թեքեյանի անունը կրող հինգ կրթօջախների, ապա՝ այլ հանրակրթական դպրոցների վրա:
Նշված ծրագիրն ընդգրկում է հետեւյալ ամենամյա ձեռնարկները.
«Թեքեյանական օլիմպիադա» /առարկայական մրցույթ հայոց լեզվից, գրականությունից, անգլերեն լեզվից, մաթեմատիկայից ասմունքից/՝ նպատակն է բարելավել կրթության որակը, հետաքրքրություն առաջացնել ուսման հանդեպ, նպաստել աշակերտների գիտելիքների խորացմանը եւ բարձր առաջադիմությանը:
«Թանգարաններ եւ տեսարժան վայրեր», որի նպատակն է ծանոթացնել հայ դպրոցականներին Հայաստան ու Արցախ աշխարհի պատմությանը, մշակույթին, ազգի նշանավոր մարդկանց կյանքին եւ գործունեությանը:
«Ամառային ճամբար»՝ հնարավորություն է ընձեռում աշակերտներին իրենց ամառային հանգիստն անցկացնել մեր Հայրենիքի գեղատեսիլ վայրերում, դառնալու ինքնուրույն եւ ինքնավստահ, նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններում բնակվող երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, հոգեւոր, մշակութային գիտակցության զարգացմանը:
«Թեքեյանական մարզական խաղեր»՝ հնարավորություն է տալիս երեխաներին հետեւել առողջ ապրելակերպին, զարգացնել իրենց ֆիզիկական եւ մտավոր կարողությունները, արագ որոշումներ կայացնել եւ կոփել կամքը:
«Անվճար դասագրքեր»՝ օժանդակում է առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր՝ մեղմելու ընտանիքի նյութական խնդիրները:
«Դպրոցների վերանորոգում եւ տեխնիկական աջակցություն»՝ ուսման համար նպաստավոր եւ հարմարավետ պայմաններ է ստեղծում եւ ապահովում արժանավայել կրթություն երեխաների համար:
2010-2020թթ. ԹԿՀ «Աջակցություն դպրոցներին» ծրագրի բյուջեն կազմել է շուրջ 245,000 ԱՄՆ դոլար եւ ընդգրկել շուրջ 7,000 շահառու: ԹԿ հիմնադրամն իրականացնում է նաեւ տարատեսակ մշակութային ծրագրեր, մասնավորապես լուսանկարչական եւ գեղանկարչական ցուցահանդեսներ, որոնց թիվը, սակայն, ներկայումս կրճատվել է COVID-19 համավարակի պատճառով:
Իսկ Արցախյան 44-օրյա պատերազմը ցնցեց ողջ հայությանը եւ փոփոխեց նաեւ հիմնադրամի ծրագրերը: Հենց այդ օրերին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի /Tekeyan Trust London/ հետ համատեղ նախաձեռնեց «Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» ծրագիրը՝ ռմբակոծության վտանգի տակ գտնվող քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաեւ բանակին հնարավորինս նպատակային օժանդակություն ցուցաբերելու համար: Համագործակցելով ՀՀ ԱԻՆ հետ՝ ԹԿՀ սննդամթերքի, հագուստի եւ առաջին անհրաժեշտության պարագաների երեք խմբաքանակ /շուրջ 4 տոննա/ ուղարկեց Արցախ՝ ապաստարաններում ժամանակավոր պատսպարված մեր հայրենակիցների համար:
ԼԹԽՄ եւ ԹԿՀ կողմից պարբերաբար կազմակերպվեցին դրամահավաքներ՝ ֆինանսական օժանդակություն տրամադրելու Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիներին:
Պատերազմը չխնայեց նաեւ Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որի աշակերտներն ու աշխատակազմը ստիպված եղան լքել իրենց հարազատ տներն ու դպրոցը՝ հայտնվելով ծանր կացության մեջ։ Դպրոցի բարեկամ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը օգնության ձեռք մեկնեց՝ բոլոր աշակերտների ընտանիքներին տրամադրելով սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության պարագաներ, իսկ ողջ աշխատակազմին՝ միանվագ ֆինանսական օժանդակություն:
ԹԿՀ մարդասիրական ծրագրից անմասն չմնացին նաեւ դպրոցի հերոս-նահատակների եւ վիրավորում ստացած շրջանավարտների ընտանիքները, որոնց տրամադրվեցին կենցաղային տեխնիկա, կահույք եւ այլ անհրաժեշտ պարագաներ:
«Օգնություն Արցախի մեր հայրենակիցներին» վեցամսյա ծրագրի բյուջեն կազմեց շուրջ 45,000 ԱՄՆ դոլար: Պատերազմն ավարտված է, բայց դեռ շատ անելիքներ կան: Չի գործում Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, սակայն բերձորցիների մեծ ցանկությունն է ստեղծել մի նոր կրթահամալիր, որի շուրջ կրկին կհամախմբվեն թե ուսուցիչները եւ թե աշակերտները եւ կվերականգնեն հարազատ դպրոցի ավանդույթները: Իսկ ԹԿՀ այսօր եւս փորձում է իր հնարավորության սահմաններում օգտակար լինել հայ կրթօջախներին եւ արցախցի մեր հայրենակիցներին:
«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը խորին երախտագիտություն է հայտնում իր բոլոր բարերարներին՝ մեծ վստահության եւ նվիրատվությունների համար, որոնց շնորհիվ իրականություն են դառնում հիմնադրամի մի շարք ձեռնարկներ: Կոչ ենք անում բոլոր սրտացավ անձանց եւ կազմակերպություններին աջակից լինել հիմնադրամի ծրագրերին եւ օգնության ձեռք մեկնել հայ դպրոցին եւ մեր երեխաներին: