Շուտով տեղի կունենա հայտնի հաղորդավարուհի Սևան Քելեշյանի հեղինակային «Համեմունքով հայը» ֆիլմի պրեմիերան։ Այս ֆիլմը տարբեր երկրներում ապրող եւ այլ մշակույթների միջավայրում հասակ առած հայերի տարբերությունների, նրանց լեզվի՝ բարբառների առանձնահատկությունների «համի ու հոտի» մասին է։ Մասնավորապես ներկայացվում են նաեւ Գյումրիի, Գավառի, Արցախի եւ Հայաստանի այլ շրջանների բարբառները։
«Համեմունքով հայը» ֆիլմում նկարահանվել են հանրությանը քաջածանոթ մշակութային գործիչներ՝ հայտնի հաղորդավարներ, երգիչ-երգչուհիներ, իսկ գլխավոր անակնկալը աշխարհահռչակ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի մասնակցությունն է, ով նաև հատուկ այս ֆիլմի համար երգ և երաժշտություն է գրել, որը հնչում է ֆիլմի ընթացքում։ Ֆիլմում նկարահանվել է նաեւ պոլսահայ հանրածանոթ երգչուհի Սիբիլը։ Ինչպես նշում է ֆիլմի հեղինակը, ֆիլմը մտածելու առիթ կտա յուրաքանչյուր հայի՝ ցույց տալով, թե որքան հարուստ ենք մենք մեր մշակույթով, բարբառներով և մարդկային տեսակով։
Հիշեցնենք, որ Սեւան Քելեշյանը Հանրային հեռուստատեսությամբ արդեն ցուցադրել է իր հեղինակային «Ի՞նչ Կ՚ըսեմ, Ի՞նչ Կ՚ըսես» հաղորդաշարը, որը լավագույնս լուսաբանում էր արեւմտահայերի եւ հայաստանցիների լեզվական տարբերություններն ու անհասկացողությունները, ավելի ընկալելի էր դարձնում առօրյա խոսակցական լեզուն, տալիս դրա մեկնաբանություններն ու բացատրությունները, եւ այդ ամենը ներկայացվում էր ոչ միայն մասնագետների կողմից, այլեւ՝ բեմադրված կարճ պատմությունների օգնությամբ։
orer.eu