Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի առավոտից  պատրաստվում է խորհրդակցություններ սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական  ուժերի հետ, նաև՝ երկխոսության կոչ է անում հոգևոր առաջնորդներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց  Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

«Վաղը առավոտից քաղաքական խորհրդակցություններ եմ սկսում խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, որոնք երկխոսելու, քննարկելու հակվածություն ունեն: Եվ ես նաև հույս ունեմ, որ ժողովուրդն այս մանդատը տալիս է ինձ, որովհետև, մենք պիտի մեր երկրի և ժողովրդի պատմության այս փուլում գնանք մեր մշակութային, գիտական, տնտեսական, բիզնես, հանրային և քաղաքական լավագույն ներուժի համախմբմանը և մեր ժողովրդի, Հայաստանի և Արցախի անվտանգությանը և բարեկեցությանը ծառայեցնելու»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ կառավարությունը, ժողովուրդը կան ու կլինեն Արցախի կողքին. Փաշինյանը կոչ արեց արմատախիլ անել հակադրության որևէ փորձ

Նա նման երկխոսության կոչ արեց նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում իրենք բանավեճ և հակադրություն է ունեցել: «Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ սակայն դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ իրենց քաղաքական ուժի ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և ՀՀ-ում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա:

«Ես հոգևոր և կազմակերպչական երկխոսության կոչ եմ անում նաև մեր երկրի հոգևոր առաջնորդներին, որովհետև հավատում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երեկ, խորհրդարանական  ընտրություններում, ես դեռ Արարատի մարզում քարոզչական հանդիպումներից մեկի ժամանակ էի ասել, «ձայն բազմաց, ձայն Աստծո»: Եվ Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի:  Եվ մենք պետք է նորոգենք մեր երկրի հոգևոր կյանքը նույնպես, որովհետև մեր երազանքները կյանքի կոչելու համար, ըստ տեսության, մեզ ընդամենը մի բան չի հերիքել՝ մանանեխի հատիկի չափ հավատ:Եվ մենք մեր սրտում, գիտակցության մեջ պետք է ստեղծենք այդ հավատը: Եվ, երբ ունենանք այդ հավատը, մենք սարեր շուռ կտանք միասին»,-ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ ժամանակ կունենանք ազատ և երջանիկ երկիր, ազատ և երջանիկ հայրենիք:

 

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց արմատախիլ անել Հայաստանի և Արցախի հայության միջև հակադրություններ սերմանելու ցանկացած փորձ՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը, ժողովուրդը Արցախի, նրա ժողովրդի կողքին են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց  Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

«Ցավոք՝ ոմանք փորձեցին նորից իրենց նեղ քաղաքական նպատակների համար հակադրություններ սերմանել Արցախի և Հայաստանի հայության միջև: Ես ուզում եմ ասել, որ դա անթույլատրելի է: Հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի կառավարությունը եղել է, կա ու կլինի Արցախի կողքին, Արցախի ժողովրդի կողքին»,-ասաց Փաշինյանը:

 
 Նա առաջարկեց բարձր ծափերով հավաստել, որ Հայաստանն անմնացորդ նվիրված է Արցախի իր եղբայրներին և քույրերի, նվիրական երազանքներին և Արցախի խնդրի արդարացի կարգավորմանը ՝ անջատում հանուն փրկության բանաձևի շրջանակներում:

Փաշինյանը հավելեց, որ աղետից հետո ՀՀ կառավարությունը տասնյակ միջոցառումներ է իրականացրել, Արցախի որևէ բնակիչ չի մնացել առանց ՀՀ կառավարության աջակցության:

«Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը կանգնել են արցախցիների կողքին, և մենք միասին պետք է արմատախիլ  անենք մեր միջև հակադրություններ սերմանելու որևէ փորձ»,-նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ ՀՀ կառավարությունը, սփյուռքը, Արցախի կառավարության հետ համատեղ մեկնարկել են Արցախում բնակարանաշինության ու ենթակառուցվածքների 100 մլրդ դրամի ներդրումային ծրագիր: Նա նշեց, որ դա ավելին է, քան 1990 թվականից ի վեր Արցախում կատարված բոլոր ներդրումները միասին վերցրած:

Նա նաեւ ասաց, որ ապօրինի գույքի գործարկման գործընթացը սկսված է։ 

Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին երկու առաջարկ-կոչ արեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց  Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին:

Փաշինյանը կոչով դիմեց քաղաքական  և հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին: «Հայաստանի ժողովուրդը կայացրել է իր որոշումը: ՀՀ ժողովուրդը ստեղծել է նոր քաղաքական իրադրություն և իրավիճակ: Եվ այդ իրավիճակի առաջին կետն ու հանգրվանը հետևյալն է՝ ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, բոլոր քաղաքական, հանրային մասնակիցներին սկսել մի պարզ կետից՝ վերջ դնել հայհոյախոսությանը: Եվ ես առաջին հերթին մեր քաղաքական համախոհներին, կողմնակիցներին եմ կոչ անում, որ մենք վերջ դնենք հայհոյախոսությանը, որովհետև Հայաստանի և Արցախի պատմության մեջ նոր էջ է բացվում, և մենք պետք է այդ էջը սկսենք ազգային և հանրային ներուժի համախմբմամբ, նոր արժեքների, իրապես ժողովրդավարական արժեքների, պետական և ազգային արժեքների վերահաստմամբ»,-ասաց Փաշինյանը:

 ՀՀ կառավարությունը, ժողովուրդը կան ու կլինեն Արցախի կողքին. Փաշինյանը կոչ արեց արմատախիլ անել հակադրության որևէ փորձ

Նա ընդունեց, որ ինքն էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, գուցե՝ ստիպված, գուցե՝ կամա, գուցե՝ ակամա, չի խուսափել այդ տրամաբանությունից: «Բայց ես առաջինն ինքս եմ ստանձնում այդ պարտավորությունը և կոչ եմ անում մեր բոլոր կողմնակիցներին՝ վերջ դնել հայհոյախոսությանը, անհարկի ագրեսիվությանը, անհարկի թշնամանքին, որովհետև մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք, և պետք է պետականության կառուցման այս նոր և հրաշալի էջը բացենք»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ սա չի նշանակում, որ նախկինում ժողովրդի առաջ ստանձնած որևէ պարտավորությունից կհրաժարվեն՝ հավելելով, որ Հայաստանում լինելու է անառարկելի օրինականություն, կարգ ու կանոն և պատասխանատվության անխուսափելիություն:

Նա հնչեցրեց երկրորդ առաջարկը հանրային, քաղաքական կյանքի մասնակիցներին: Փաշինյանը հիշեցրեց, որ ժողովրդից գողացվածի վերադարձը իրենց կառավարության հրատապ օրակարգն է միշտ եղել: Նա շեշտեց, որ նախորդ 3 տարիների ընթացքում ոչ ոքից ոչինչ չեն խլել, ցանկացել են, որ երկրում գործեն ինստիտուտներ, որոնք դուրս կլինեն անձերի և անհատների քմահաճույքից:  Փաշինյանը հիշեցրեց, որ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմը գործարկված է, այն անխուսափելիորեն գործելու է:

«Իմ նախորդ առաջարկի տրամաբանության մեջ ուզում եմ առաջարկել բոլոր այդօրինակ մարդկանց և հիշեցնել, որ մեր ընդունած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այդ մարդիկ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, կարող են բանակցել պետության հետ՝ գողացվածն ինքնակամ վերադարձնելու վերաբերյալ: Եվ ես բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել: Կոչ եմ անում անհապաղ սկսել բանակցություններ՝ գողացվածը վերադարձնելու վերաբերյալ, որը կծառայի ՀՀ սոցիալ-տնտեսական օրակարգի սպասարկմանը»,-ասաց Փաշինյանը: