Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 ԱԺ-ում ՔՊ-ն կունենա մեծամասնություն և կձևավորի կառավարություն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու  Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանի քաղաքացին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել է, և ժամանակն է վերականգնել հանրային և ազգային միասնությունը:

«Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը խոսեց, և ժողովուրդը կայացրեց իր որոշումը, և այդ որոշման բովանդակությունը պարզ է. այն ձևակերպվել էր դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց արձանագրենք, որ տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսվում էր: Իսկ կանխատեսվում էր, որ ՀՀ քաղաքացին այս ընտրություններում  անխուսափելիորեն հաղթելու է: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ  շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել ՀՀ բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով մենք կրկին վերգտանք իրար որպես մի ամբողջություն, և ահա հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քացաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում համակիրների հետ հանդիպմանը նշեց Փաշինյանը:

 

 Նա ընդգծեց, որ Հայաստանի ժողովուրդը վերջին երեք տարվա մեջ արեց երկրորդ հեղափոխությունը, և եթե առաջինը ոչ բռնի, թավշյա ժողովրդական, հեղափոխությունն էր, 2021 թվականին տեղի ունեցավ կրկին ոչ բռնի, կրկին ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատյա հեղափոխությունը: «Եվ ինչ պայմանավորվել ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն, որովհետև այդ բոլոր պայմանավորվածությունները, որ իրականացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում, այլևս ժողովրդի կամքն են, և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի:

Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն: «Իհարկե, այս ընթացքում մեր իրավապահ մարմինները կարողացան բավականին  արդյունավետ գործել ընտրակաշառքների և այլ ընտրակեղծիքների դեմ: Ես ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ ոստիկանությանը, ԱԱԾ-ին այդ դժվար առաքելությունը իրականացնելու համար: Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ երևույթները իսպառ վերացնել և չեզոքացնել, բնականաբար, հնարավոր չի եղել, և այնուամենայնիվ, դրանք որոշակի ազդեցություն ընտրությունների արդյունքների վրա ունեցել են: Բայց, ընդհանուր առմամբ, որ ՀՀ-ում անշրջելիորեն փակված է ընտրությունների կեղծման էջը, և Հայաստանում իշխանությունն այլևս ձևավորվելու է միայն ու միայն ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, կարծում եմ աներկբա և հասկանալի է բոլորիս»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ եկել են մի հանգրվանի, երբ պիտի զբաղվեն ազգային և հանրային միասնությունը վերականգնելու խնդրով: «Ուզում եմ ասել, որ հենց առաջիկա օրերից մենք քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին: Մենք նաև քայլեր կձեռնարկենք մեր երկրում գործարար, մշակութային, գիտական առողջ ուժերը կառավարության շուրջ համախմբելու և մեր երկրի և պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը ներգրավելու հարցում: Սա շատ կարևոր արձանագրում է,  որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ՔՊ-ին տվել է մանդատ առաջնորդել երկիրը, բայց էլի եմ ասում՝ մենք առավելագույնը կանենք քննարկելու և մեր մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները և ՀՀ-ում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և ազգային համաձայնություն ձևակերպելու համար»,- նշեց Փաշինյանը:

 

«Այսպիսով՝ ԿԸՀի կողմից հրապարակված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում

 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն

 (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից) եւ իմ գլխավորությամբ կձեւավորի կառավարություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ

«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը: