Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՔՊ-ն 500 հազար դրամ պարգև է խոստանում ՝ ընտրակաշառքի մասին վկայող 
յուրաքանչյուր տեսանյութի համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 500 հազար դրամ պարգև է խոստանում այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառքի մասին փաստող տեսանյութ կներկայացնեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՔՊ-ի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ քարոզարշավի շրջանակում ջերմուկցիների հետ հանդիպմանը:

«Այս պահի դրությամբ արդեն 5 հոգի կալանավորված է՝ ընտրակաշառքների հարցով: Ընտրակաշառքների համար պատժաչափերը մենք էականորեն ավելացրել ենք: Քննիչները 10 մեղադրյալի համար ուրիշ խափանման միջոց են ընտրել: 40 հոգի կասկածյալի կարգավիճակ ունի»,-ասաց Փաշինյանը:

Այսպիսով, նրա խոսքով՝ այս պահի դրությամբ արդեն ընտրակաշառքների գործով անցնող 55 հոգի կա: Փաշինյանը նշեց, որ իրավապահներն առաջիկա օրերին «բավականին առատ բերքահավաք են» խոստանում: Նա հավելեց, որ ուզում է այդ «բերքահավաքն ավելի առատ դարձնել»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև՝ այն քաղաքացիներին, որոնք կամ ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն տեսանյութով, կամ երկրորդը՝ կփաստագրեն պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը»,-ասաց Փաշինյանն ու հավելեց՝ 500 հազար դրամ պարգև կտան ներկայացրած յուրաքանչյուր տեսագրության համար:

Նա այնուհետև ասաց, որ շատ ահազանգեր են գալիս, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունից մարդկանց պարտադրում են գնալ հանրահավաքի կամ պարտադրում են ընտրել որևէ մեկի: Փաշինյանը հույս հայտնեց, որ այդ արձանագրումը չի հաստատվի: «Եթե հաստատվեց, դա շատ ծանր հետևանքներ կունենա: «Գազպրոմ Արմենիա»-ի ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ն առնվազն ազատվելու է աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին»,-ասաց նա:

 

Արմենպրես