Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

No description available.Արցախեան աղէտից սերած Հայաստանեան այս դժնդակ վիճակը ընդհանուր օրակարգից տարագրում է հարցեր, որոնք նմանապէս զարկերակային բնոյթ ունեն հայութեան համար, սակայն այսօրուայ կացութեան մէջ հանրային ուշադրութեան կիզակէտում չեն։

Սակայն ճիշտ այս բախտորոշ ժամանակներում է, որ անհրաժեշտ է անդրադառնալ նման արմատական հարցերին, որոնք ընդհանրապէս օրակարգների առաջնային կէտերին չեն պատկանում և այն տպաւորութիւնն են թողնում, որ երկրորդական խնդիրներ են ու երկրորդական են ﬓալու, որովհետև օրուայ գերակշռող հարցերը ﬕշտ առաջնահերթ են։ Սակայն յարակարծականը այն է, որ առօրեայի առաջնահերթ հարցերի լուծումը եթէ ոչ լիովին, ապա մասամբ կախեալ է նման առերևոյթ «երկրորդական» հարցերի լուծուﬕց։ Եւ այդ հարցերից մէկը լեզուի հարցն է՝ արևելահայերէնի և նամանաւանդ արևմտահայերէնի։ Այն գլխաւոր պատճառը, որը լեզուն վերածել է «ի ﬕջին այլոց» հարցի այն թիւրըմբռնուﬓ է, որի համաձայն «լեզուն հաղորդակցական ﬕջոց է»։

Ըստ այս ըմբռնուﬕ մարդը ընկալում, զգում և մտածում է և ապա մտածածը, զգացածը և ընկալածը «արտայայտելու» համար ﬕ «ﬕջոց»է փնտրում և քանի որ այդ ﬕջոցը ոչ մուրճն է, ոչ աղը և ոչ էլ օճառը, դիմում է ﬕւս «ﬕջոցին»՝ գրին։ Ուրեﬓ մարդը «գործածում» է գիրը, արտայայտւում և արտայայտուելուց յետոյ այդ «ﬕջոցը» պահարանի մէջ դնում և ﬕնչև յաջորդ «գործածութիւնը» ապահով պահում։ Նման մօտեցումը թերևս կայտառ երևակայութեան արդիւնքը լինի, սակայն մարդաբանութեան հետ որևէ առընչութիւն ունի։

Անշուշտ այս հակիրճ տողերով կարելի չէ հանգամանօրէն անդրադառնալ սոյն հարցին, սակայն ելնելով այն իրադրութիւնից, որ մարդը ընկալում, զգում և մտածում է ոչ թէ լեզուից դուրս, այլ լեզուի մէջ, ապա լեզուի նկատմամբ հոգատարութիւնն ու հոգածութիւնը ﬕաժամանակ մտածման, զգացման և ընկալման խնամք ու մշակում է։ Եւ եթէ ընդհանուր օրակարգի առաջնային կէտերի լուծման համար ﬕտք ու մտածում է պէտք, ապա լեզուի նկատմամբ բծախնդրութիւնը անուղղակիօրէն նպաստում է օրակարգների առաջնային կէտերի լուծմանը։ Հետաքրքրական և օգտաշատ հետազօտութիւն պիտի լինէր քննելը, թէ ինչպէս Հայաստանում արևելահայերէնի անկումը մղել է պետական կարգ ու սարքի թուլացմանը։

Լեզուի նկատմամբ անհոգութիւնը ընկալման, զգացման և մտածման նկատմամբ անհոգութիւն է։

Սակայն եթէ Հայաստանում արևելահայերէնը իմաստային տագնապի ու երերուﬓերի, արևմտահայերէնը գոյութենական տագնապի և հոգևարքի մէջ է՝

ա. Միջին արևելքի հայ գաղութները, մասնաւորաբար Լիբանանը, ուր Պոլսից յետոյ բաբախում է արևմտահայերէնի սիրտը, գնալով հիւծւում է։

բ. Աւանդութիւն ունեցող ուսուﬓական կեդրոնները փակւում են։

գ. Հայաստանցիների հոսքը դէպի Սփիւռք տեղաշարժում է արևմտահայերէնը։

դ. Առցանցային հաղորդակցութիւնը իր յապաւուﬓերով ու կարճապատուﬓերով ﬖասում է թէ արևմտահայերէնին և թէ արևելահայերէնին։

 2 - Ով ﬕայն յապաւուﬓերով ու կրճատուﬓերով է գրում սկսում է նաև կրճատուած մտածել ։

1 Դժբախտաբար քչերն են, որ գիտակցում են արևմտահայերէնի և արևմտահայ մշակոյթի այս սրտաճմլիկ իրականութեան։ Ծիծեռնակաբերդում ﬕայն ծաղկեպսակ դնելն ու նահատակներին յարգանք հաւաստիքը մատուցելը բաւարար չէ։ Ցեղասպանութիւնը կարելի է վերջնականապէս կասեցնել, եթէ կասեցուի ցեղասպանութեան հետևանքը՝ արևմտահայ մշակոյթի դանդաղ ու անշշուկ կործանումը։

«Գնայ ﬔռիր, արի քեզի սիրեմ» լոզունքը չի կարող այլևս գործունէութեան կարգախօս լինել։ Մշակոյթը թանգարանում դնելն ու աշխարհում հնապարծիկ ու սնափառ դեգերելը իմաստութիւն նշան չէ։ Իմաստութիւնը եղածն ու ունեցածը խնաﬔլու և մշակելու մէջ է։ Միայն ունեցածը մշակելով է, որ կարելի է ձեռք բերել նաև ցանկալին ու չունեցածը։ Իսկ ով մշակում է, մշակոյթ ունի։ Խնամուած ու կոփուած լեզուն մշակոյթ ունենալու ցայտուն նշաններից է։ Սփիւռքեան շաբաթօրեայ կամ կիրակնօրեայ վարժարանները ﬔծ նուիրումով ու զօհաբերութեամբ շարունակում են իրենց աշխատանքը, սակայն նման անձնուէր ճիգը հիﬓական լուծում չէ։ «Nice to have»ը անհրաժեշտ է, բայց ոչ բաւարար։

 Ի դէպ համակարգիչով և ոչ ձեռքով գրելը նմանապէս ﬖասում է մտքին։ Ձեռքը ﬕայն իրեր բռնելու գործիք չէ, այլ նաև ըմբռնելու ﬕջոց։ Այդ պատճառով ընտանիքները պէտք է ուշադիր լինեն, որ երեխաները ﬕայն համակարգիչներով չզբաղուեն, այլ իրենց ձեռքերը համապարփակ օգտագործեն։ Ձեռքի շարժումը մտքի ու լեզուի մարզում է։

Ինչ աղէխարշ էր ինձ համար, երբ տարիներ առաջ Միւնհէնի մէջ տեսնում ու լսում էի, թէ ինչպէս պոլսահայ ﬕ ազնիւ մայր ուրախութեամբ ու ժպիտով բոլորին պատմում էր, որ իր թոռը «անանկ աղուոր բարի լոյս մը կ՛ըսէ» և թոռան ոգևորում էր ﬔր առջև էլ բարի լոյս ասէր և թոռը արտաբերում էր «փաղի լոյս»՝ հաւանաբար ﬕակ հայերէն դարձուածքը, որին ծանօթ էր։ Այդ տիկինը, որին ճանանչում էի մանկութիւնիցս ի վեր մէկ ուստր և մէկ դուստր ունէր՝ երկուսն էլ հայախօս։ Ինքն ու իր ամուսինն այդ երկու երեխաներին Գերմանիայում ﬔծացրեցին և ամէն կերպ փորձեցին ամուսնացնել հայերի հետ։ Ուստրը սակայն ամուսնացաւ տեղացիի հետ և ունեցաւ իր հերթին ﬕ մանչ զաւակ՝ այդ անոյշ երեխան, որը ﬔծանում էր գերմաներէնով և ﬕայն երբեﬓ մասնակցում համայնքի շաբաթօրեայ դասընթացքներին։ Ի վերջոյ ի՞նչ ﬓաց այդ ծնողների տասնաﬔակների ջանքից, որոնք վաթսունական թուականներին Պոլսից Միւնհէն հաստատուեցին, երեխաներ ﬔծացրեցին և թոռ ունեցան։ Միայն «փաղի լոյս»՞ը։ Այդ տիկնոջ ժպիտի ու ուրախութեան մէջ ծուարել էր խորը ﬕ թախիծ, ﬕ վէրք, որի ցաւը նա ամոքում էր հաւանաբար ﬕայն գիշերներն իր ննջասենեակում լուռ արտասուքով։

Ի՞նչ անել։ Երեք առաջարկ։

Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը, Մխիթարեան Միաբանութիւնը, Զմառռի Կաթողիկէ Կաթողիկոսութիւնը և գործող արևմտահայ քիչ թէ շատ հաստատուն կազմակերպութիւնները թող ﬕասնաբար մշակեն արևմտահայ մշակոյթը խթանելու ﬕ ծրագիր։ Իսկ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսութիւնը պէտք է սփիւռքեան ծուխերում պաշտօնավարող հոգևորականներին յանձնարարի, որ իրենք յատուկ հոգատարութիւն ցուցաբերեն արևմտահայերի և արևմտահայերէնի նկատմամբ, հայթհայթելով լեզուի ու մշակոյթի ուսուցման ու բանեցման ﬕջոցներ։

Բ. Անհրաժեշտ է վերաբացուեն կամ Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան և կամ էլ Սևրի Մուրատեան վարժարանը, որոնք Եւրոպայի աﬔնագեղեցիկ երկրներում ու քաղաքներում գտնուելով կարող են նոր շունչ ու թափ տալ արևմտահայ մշակոյթին։ Ես Մուրատ-Ռափայէլեանի նախկին սան եմ։ Ինչքան տարիները անցնում են և տեսնում եմ արևմտահայ համայնքների փլուզումը, այնքան աւելի համոզւում եմ նման աւանդութիւն ունեցող վարժարանի վերաբացման անհրաժեշտութիւնն ու առաքելութիւնը։ Ամէն գերմանացի, որին ցոյց էի տալիս ﬔր վարժարանի նկարներն ու կեանքը, հիանում ու նախանձում էր։ «Գնայ ﬔռիր, արի քեզի սիրեմ» լոզունքը այստեղ էլ չի կարող լինել գործունէութեան կարգախօս։

Այս վարժարանը անհրաժեշտ է ոչ ﬕայն արևմտահայ մշակոյթի զարգացման, այլ նաև Եւրոպայի սրտում հայկական ընտրանի վարժարան ունենալու համար՝ մրցունակ ևրոպական բարձրորակ ուրիշ դպրոցների հետ։ Հայութիւնը քանակով ոչ մէկ մրցակցութիւն է շահելու, այլ ﬕայն որակով։

Գ. Նկատի ունենալով, որ Հայաստանում արդեն ﬔծ թւով արևմտահայեր են ապրում, Հայաստանը թող արևմտահայերէնը պաշտօնապէս յայտարարի իբրև պետական երկրորդ լեզու։ Սա թոյլ կը տայ արևմտահայերին, որ Հայաստանում զարկ տան իրենց մշակոյթին ու լեզուին։ Սփիւռքը թուլանալով չէ, որ կը հզօրանայ Հայաստանը։

Հզօր Հայաստանը պէտք ունի հզօր Սփիւռքի։ Այդ պատճառով ժամանակն է, որ Սփիւռքը իր ոյժերը կեդրոնացնի նաև իր զարգացման վրայ, նամանաւանդ արևմտահայ մշակոյթի ամրացմանն ու ծաւալմանը։ Հայութեան հարստութիւնը իր զանազանութիւնն ու երփներանգութիւնն է։

Այդ երփներանգութիւնը պէտք է խնաﬔլ ու մշակել։

 

orer.eu