Գրախոսության փոխարեն
Այնպես է ստացվել, որ ընթերցել եմ նոր-նոր լույս տեսած Ռոբերտ Քոչարյանի <<Կյանք և ազատություն>> ինքնակենսագրություն-հուշապատումը և ամեն մի էջը թերթել եմ ինչ-որ տեղ զամանքով ու հիացմունքով, քանի որ ամեն մի էջում տեսել եմ ինքնաբացահայտվող արցախցուն, հայրենասեր-նվիրյալին, ազատագրական պայքարի անհատականությանը, հզոր պետական գործչին, որի մեջ մեկտեղվել են երկիր կառուցող-շինարարը, ճկուն դիվանագետը, միշտ դեպի առաջ նայող ազգային գործիչը։
Եվ պատահական չէ, որ հեղինակը սկսելով իր կենսագրության յուրօրինակ հուշապատումը, ձգտում է, գուցե առաջին անգամ ետ նայել դեպի իր ակունքները և պարզ ու հասարակ պատումով ներկայացնել իր արմատները, մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, ինչ որ տեղ նաև հասունության ճանապարհը, երբ խորհրդային ժամանակներում երիտասարդը ձգտում է ինքնուրույնություն ձեռք բերել և ընտրել կյանքի իր ճանապարհը։ Թերևս, հեղինակի պատմությունները պարզ, իրական ու հասկանալի են, երբ փորձ է արվում ոչ միայն անցյալը հիշել, այլև գնահատել։
Դա նրա համար իր կենսագրության ամեն մի հատված է՝ ուսումը, Ղարաբաղ վերադարձը, կոմերիտական փորձառությունը և ազատագրական շարժման սկիզբը և զարգացման հետագա ընթացքը, որի առաջամարտիկներից մեկը կոչված էր լինելու հենց ինքը Ռոբերտ Քոչարյանը։ Դա էլ երևի այն մեկնակետն է, որը թույլ է տալիս հեղինակին ոչ միայն արձանագրել այդ ժամանակ փոփոխվող իրավիճակները, այլև ընկալելի դարձնել այն ամենը, ինչ կատարվեց արցախյան պատերազմի ու դրա ընթացքում, երբ առանձին դեպքերում հայտնվել էին «Էյֆորիայի ու հուսահատության միջև և որին հաջորդեց «Բեկում պատերազմի մեջ»։ Դա էլ բացեց «Պատերազմից դեպի խաղաղություն» ճանապարհը։
Թերևս, այս պատմությունների ընթացքում զուգորդվում են Ռոբերտ Քոչարյանի սթափ ու իրական մոտեցումները։ Նա անգամ երբեմն ակամայից կերպարներ է ստեղծում, որը կարելի սպասել միայն նրա գրչից։ Այս առումով կուզեի հիշեցնել գրքի «Եղբայրս» հատվածը, որը նվիրված է նռնակի փորձարկումից վիրավորված իր եղբորը՝ Վալերային։ Այնքան նուրբ ու ջերմ է գրված, որ այն դառնում է էսսե իր վաղամեռիկ եղբոր հիշատակին։
«Ես ու Վալերան պարզապես եղբայրներ չէինք, այլ նաև մտերիմ ընկերներ, չնայած բնավորությամբ տարբեր էինք»,-գրում է հեղինակը ու շարունակում բացահայտել եղբոր կերպարը։ Այստեղ, երևի թե տեղին է ավելացնել, որ Ռոբերտ Քոչարյանը անգամ իր փոքր շարադրանքով կարողանում է ներկայացնել տիպական կերպարներ։
Օրինակ ուշագրավ է «Գաղտնի հանդիպում Հեյդար Ալիևի հետ» հատվածը, երբ պատմում է առաջին տպավորությունները մի քաղաքական գործչի հետ հանդիպումից, որի հետ բանակցություններ պիտի վարեր մինչև Քի Ուեսթ, ուր խաղաղության համաձայնագիրն այդպես էլ չստորագրվեց։ Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեության կիզակետերում միշտ արցախյան գոյամարտն էր ու խաղաղության հաստատումը՝ դրանով իսկ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները, որոնք նոր որակ պիտի ստանային Արցախի նախագահությունից Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրված քաղաքական գործչի համար, որը կոչված էր Հայաստանում բազմաթիվ խնդիրներ լուծել և անցնել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետևանքների հաղթահարման դժվարին ուղիով, երբ այլևս այլընտրանք չունեին, քանի որ հույժ հրամայական էր համակարգային փոփոխությունները կյանքի բոլոր ոլորտներում։
Այս ամենը իր բնականոն, բայց դժվարություններով իր ընթացքը պիտի ունենար մինչև նոր ընտրությունները, կոալիցիոն կառավարության ձևավորումը, երբ որակական թռիչք պետք է ապահովվեր տնտեսության զարգացման մեջ։ Իրականություն բերվեց կոնկրետ ծրագրերով զարգացման աշխատելաձևը, որի արդյունքում ինչպես հուշագիրն է արձանագրում. «Այդ տարիներն ամենաարդյունավետը եղան իմ նախագահության ամբողջ շրջանում։ ՀՆԱ-ի միջին տարեկան աճը 13 տոկոս էր։ Հայաստանն աճի տեմպերով մտավ աշխարհի ամենից արագ զարգացող հնգյակի մեջ։ Բարեփոխումներն ընթանում էին բոլոր ոլորտներում, մենք մի շարք խոշոր ու հետաքրքիր նախագծեր իրականացրինք, տեղի ունեցան Հայաստանի համար կարևոր բազմաթիվ իրադարձություններ»։
Ուշագրավ է, հեղինակը առանձնացնում է Քըրք Քըրքորյանին։ «Հայաստանի տնտեսության մասին խոսելիս անհնար է չհիշել մի մարդու, ում շնորհիվ կարողացանք իրականացնել բազմաթիվ ծավալուն ու երկրի համար խիստ անհրաժեշտ նախագծեր»,-գրում է Ռոբերտ Քոչարյանի իր գրքում։
Հեղինակը տնտեսական ծրագրերից առանձնացնում է Հյուսիսային պողոտան, աղետի գոտու վերականգնումը, Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, մարզական և զբոսաշրջային Ծաղկաձորի զարգացումը, օդանավակայանի վերակառուցումը, գինեգործության զարգացման խթանումը, այս և նման ասպարեզումներում էդուարդո էռնեկյանի բիզնես քայլերը և ներդրումները շինարարությունը, ում շնորհիվ կարողացան իրականացնել բազմաթիվ ծրագրեր։
«Ամեն այցելության նա ինձ մի արկղ լավ արգենտինյան գինի էր նվիրում,-գրում է Ռոբերտ Քոչարյանը։ Այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ ասացի. «Էդուարդո, մեզ մոտ՝ Հայաստանում, լավ խաղող է աճում, լավ կոնյակ ունենք, բայց, չգիտես ինչու լավ գինիներ չկան։ Կկարողանանք այստեղ այսպիսի գինի արտադրել։ Նա ժպտաց ու ասաց, որ արդեն մտածում է ու շուտով պատրաստ կլինի խոսելու իր ծրագրերի մասին»։ Այսօր առնվազն կարող ենք արձանագրել, որ Հայաստանը ունի զարգացող գինեգործություն, այն դարձել է տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը։
Ինչ խոսք, որ երկրի ծրագրային զարգացման աշխատաձևը կառավարման համակարգ ներմուծեց Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ այդ ամենի արդյունքում ունեցանք զարգացող ու առաջընթաց ունեցող երկիր, չնայած անհրաժեշտություն եղավ սահմանադրական փոփոխությունների, կոալիցիոն կառավարության վերաձևում, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական առումներով հստակեցումներ կատարելու, ավելի խորացնելու փոխհարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ «Մոտավորապես 2007 թվականին վերլուծելով երկկողմ կապերի վիճակագրությունը, ուրախությամբ տեսա, որ Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունները այնքան են ամրապնդվել, որ այլևս հատուկ հոգածության կարիք չունեն. բավական էր ուղղակի չխանգարել, որ դրանք շարունակեն զարգանալ և դա ամենակարևոր ձեռքբերումն էր»,-գրում է գրքի հեղինակը։
Ռոբերտ Քոչարյանը իր շարադրանքի այս հատվածում նկարագրում է իր հանդիպումները Վլադիմիր Պուտինի հետ, գնահատելով ջերմ, անկեղծ ու բարեկամական։ Ընդհանրապես գրքի շարադրանքում անցնում է մարդկային փոխհարաբերությունների գործոնը, որոնք կարող են դուռ բացել անգամ չլուծվող խնդիրների համար։ Եվ պատահական չէ, որ նա ձգտել է հասկանալ հայոց եկեղեցու, կաթողիկոսների ու հոգևորականների գործունեությունը պետականության կայացման գործում։ («Պետականության բացակայության շրջանում քրիստոնեության տաճարները դարեր շարունակ հայերի համար եղել են համայնքային կյանքի կենտրոն՝ կատարելով ինքնության, լեզվի և ավանդույթների պահպանման կարևոր գործառույթ»)։
ՈՒշագրավ են հեղինակի կողմից նեկայացված հաջորդ գլուխները, որը մի կողմից բացահատում է նախագահ Քոչարյանի կենսակերպը և աշխատաոճը, մյուս կողմից էլ բացահայտում անսպառ եռանդ ու աշխատասիրություն ունեցող մարդ-անհատականության կերպարը, երբ չգրված վարքականոններ են գործում։ Այս ամենը ինչ խոսք ավելի էր հեշտացրել, որ նա քաղաքականությունից հեռանալու գիտակցված որոշում կայացնի՝ իրեն փոխարինողների հնարավոր թեկնածուներով ու մարտի 1-ի անսպասելի իրադարձություններով, որը հեղինակը ողբերգական է անվանում։ Այն մեկ անգամ չէ, որ վերլուծել է նախագահ Քոչարյանը՝ ներկայացնելով մեղադրանքների անհիմն լինելը։
Այս ամենը նա ավելի է մանրամասնել «Տեր Պետրոսյանի վերադարձի փորձը», «Դիմակայություն Թատերական հրապարակում», «Բախում», «Ողբերգության քննությունն ու պատճառները» ենթավերնագրերի ներքո, իհարկե գալով շատ տրամաբանական եզրակացության. «...Այնցալի այդ ողբերգությունից առաջին հերթին պետք է ճիշտ հետևություններ անել՝ հանուն ապագայի»։
Հանուն ապագայի էր և Ռոբերտ Քոչարյանի գործունեությունը հետնախագահական տարիներին և նաև իր համար անսպասելի որոշումը վերադառնալ քաղականություն հանուն Հայաստանի Հանրապետության փրկության ու վերածննդի («Ես մտադիր չէի քաղաքանություն վերադառնալ։ Համարում էի, որ շրջել եմ այդ պատմության վերջին էջը ու վերջակետ դրել։ Բայց ինչպես պարզվեց, երբեմն քաղաքականությունն ինքն է վերադառնում քեզ մոտ»)։
Այս օրերին մենք հաղորդակից ենք լինում «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի մտքերին ու խոհերին, որ նա արտահայտել է իր «Կյանք և ազատություն» գրքում։ Գրքի ողջ բովանդակությունը վկայում է, որ ընտրելով Ռոբերտ Քոչարյանին ու նրա գլխավորած թիմին մենք կփրկենք Հայաստանի պետականությունը, ինքնությունը, դարերով մեզ փոխանցված ազգային արժեքները։
Սերգո Երիցյան
ՀՀ ԿԳ նախկին նախարար,
ՀՀ նախագահի նախկին խորհրդական, բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր։
Հ.Գ. Ավելի քան վստահ ենք տարիներ անց պատիվ ենք ունենալու լինելու Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» ինքնակենսագրական հուշ-հիշողությունների շարունակության ընթերցողը, որի առանցքում կլինի պետական նվիրյալ գործչի հայրենիքի եզերքի փրկությունը, Արցախ աշխարհի ցավերի մեղմումն ու դարմանումը և իհարկե, հայոց աշխարհի վերածնունդը դեպի հավերժություն։