Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2021 թվականի ընթացքում Չեխիայի տասը քաղաքներում կներկայացվեն Հայաստանի նյութական եւ ոչ նյութական ժառանգությանը նվիրված ցուցահանդեսներ եւ մշակութային ձեռնարկներ։ Այս ծրագրի հեղինակ եւ համակարգող Յիրժի Կրալիկը ընտրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող հայկական հուշարձանները։ Նշենք, որ այս ծրագիրը իրականացվում է 2013 թվականից, եւ ամեն տարի ներկայացվում է երկու երկրի ժառանգություն։ Պարոն Կրալիկի ասելով, այս տարի ներկայացվում են չորս երկիր՝ Հայաստանը, Բելառուսը, Ավստրիան եւ Չեռնոգորիան։
Հունիսի 11-ին Բռնոյում տեղի ունեցավ դեռեւս մայիսի սկզբին բացված ցուցահանդեսի հանդիսավոր փակումը։ Հայկական մշակույթին նվիրված ձեռնարկն անցկացվեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հարավմորավական մարզի մարզպետ Յան Գրոլիխի հովանավորությամբ։ Մշակութային ձեռնարկում ներկայացվել էին Չեխիայի պատգամավորների պալատի նախկին անդամ եւ Հայաստանի հետ բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, ինչպես նաեւ հայ ժողովրդի 14 հայտնի դեմքերին նվիրված պաստառներ։ Հայտնիների շարքում են Մեսրոպ Մաշտոցը, Տիգրան Մեծը, Կոմիտասը, Հովհաննես Այվազովսկին՝ Այվազյանը, Շառլ Ազնավուրը, Լեոնիդ Ենվիբարյանն ու Արամ Խաչատրյանը, Գեւորգ Դեոդատը, Ատոմ Էգոյանը, Աշոտ Մալաքյանն(Անրի Վերնոն), Արտավազդ Փելեշյանն ու Սերգեյ Փարաջանովը, Վիլյամ Սարոյանը, Սայաթ Նովան։
Հայկական օրվա հանդիսավոր երեկոն տեղի ունեցավ Բռնոյի Vila Low Beer թանգարան-առանձնատան տարածքում։ Ներկաներին ողջունեցին Հարավմորավական մարզի մարզպետի տեղակալ, Պիրատի կուսակցության ներկայացուցիչ Լուկաշ Դուբեցը, Լոու Բիիը Վիլայի տնօրեն,Վլադիմիր Բրեզինան, ինչպես նաեւ հայկական երկու խմբերի ղեկավարները՝ չեխական Սլովացկի կրուժեկ ֆոլկլորային անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Վացլավ Շտեպանեկը եւ «Կիլիկիա» հայկական պարախմբի ղեկավար Ալեքսանդր Սարգսյանը։ Նրանք ներկայացրեցին չեխական մորավական ազգային երգ ու պար, ինչպես նաեւ հայկական ժողովրդական պարեր։
Իսկ ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը երեք լեզուներով ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնելով, որ Հայաստանի համար ծանր օրերին նման մակարդակով ուշադրություն է դարձվում Հայաստանին ու հայ մշակույթին։ Հայաստանի դեսպանը նաեւ շնորհակալություն հայտնեց Բռնոյի հայերին ՝ այս նախագծին ցույց տված աջակցության համար, եւ ներկաներին տեղեկացրեց, որ հոկտեմբեր ամսին Բռնոյում սպասվում են հայկական երաժշտության օրեր։ Բռնոյում հանդես կգա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ։
Համերգային բաժնում ելույթ ունեցավ նաեւ սլոավակաբնակ երգչուհի Կարին Սարգսյանը՝ ներկայացնելով հայկական ժողովրդական երգեր։ Մշակութային ծրագրին զուգահեռ նաեւ Բռնոյի հայերի ուժերով ներկայացվեց հայկական խոհանոցը, ներկաները ճաշակեցին հայկական լավաշ ու խորոված, նաեւ հայկական գինու տեսակներ։ Վերջում հանդիսատեսը միացավ հայկական պարախմբին եւ միասին պարցեին Քոչարի։
Նախագծով նախատեսվում է չեխական կարեւոր մոտ 10 քաղաքներում կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գտնվող հայկական եկեղեցիների ու հուշարձանների ցուցահանդեսներ, ինչպես նաեւ ներկայացնել Չեխիայի հետ երբեւէ որեւէ կապ ունեցող կամ աշխարհին հայտնի հայ պատմական ու մշակութային գործիչներին։ Սի շարք քաղաքներում ցուցահանդեսներին զուգահեռ կկազմակերպվեն նաեւ հայկական երեկոներ, դասախոսություններ կամ հանդիպումներ։ Կներկայացվեն 14 մշակութային գործիչների եւ 43 հուշարձանների նկարներ՝ Յիհլավա, Բռնո, Ուհերսկի բրոդ, Օլոմոուց, Պրահա, Կարլովի Վարի, Լիբերեց, Օստրավա, Հոդոնին քաղաքներում։
Հունիսի 12-ին հայկական մշակութային օրերը շարունակվեցին Ուհերսկի Բրոդ քաղաքի տոնին նվիրված փառատոնի շրջանակներում, ուր կրկին ելույթներ ունեցան Կիլիկիա պարախումբը եւ Կարին Սարգսյանը։
Հայկական մշակութային օրերի ինֆորմացիոն հովանավորներից է նաեւ ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը։
orer.eu