Մեր զրուցակիցը ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար,ՀՀ նախագահի նախկին խորհրդական, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանն է.
—Պարոն Երիցյան, նախընտրական այս շրջանում շատ է խոսվում կրթական բարեփոխումների մասին։ Իսկապես, այդ ամենը հրատա՞պ ու արդիակա՞ն է։
— Նախ կուզենայի մի պարզ ճշմարտություն հասկանայինք, որ կրթության ասպարեզում բարեփոխումները անընդհատ են ու շարունակական, քանի շատ արագ չես կարող փոփոխություններ կատարել ու արդյունքների հասնել, մանավանդ եթե այդ զարգացումների ընթացքում տեղապտույտներ ու լուրջ սխալներ են լինում։ Թերևս Հայաստանում կրթական բարեփոխումների արմատական անցկացումը պետք է կապել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ նրա լուրջ աջակցությամբ մեկնարկեց կրթական փոփոխությունների շարքը, որը նախքան այդ ամենատարբեր պատճառներով սպասողական մոտեցումներ ուներ։
— Ի՞նչ է նշանակում սպասողական մոտեցումներ։
— Միշտ էլ բարեփոխումների պատրաստվող համակարգը հստակ նպատակներից ու տեսլականներից բացի, ունենում է ընթացիկ դժվարություններ ու խնդիրներ մեկնարկի հետ կապված։ Իսկ այդ շրջանում ունեինք ցածր աշխատավարձով ուսուցիչներ,որոնց աշխատանքային ծանրաբեռնվածությունը այնքան էլ մեծ չէր։ Չունեինք հստակ կրթական և առարկայական չափորոշիչներ, նոր դասագրքեր, կրթական տարբեր հատվածի բաժանումներ և պետք էր անցում կատարվեր տասներկուամյա կրթությանը։ Բարեփոխումների այս փաթեթը իրականացնելու համար անհրաժեշտ էր ոչ միայն համակարգի պատրաստակամությունը, այլև երկրի ղեկավարի անմիջական աջակցությունը և վճռականությունը:
— Կարելի՞ է ասել, որ համակարգը գնաց ամբողջական փոփոխությունների։Այն ժամանակ օրինակ շատ էին խոսում ուսուցիչների կրճատման կամ տասներկուամյա դպրոցի ոչ անհրաժեշտության և նմանօրինակ խնդիրների մասին։ Ինչպե՞ս կարողացաք այդ ամենը հաղթահարել։
—Բոլորս էինք հասկանում, որ բարեփոխումները միշտ ունենում են նաև դժվարություններ։ Իսկ դրանք պետք էր հաղթահարել։ Դեռ բարեփոխումները չսկսած հասկացանք, որ առաջին հերթին պետք էր լրացնել հանրապետության հեռավոր բնակավայրերում թափուր ուսուցչական տեղերը։ Մենք արտոնություններ առաջարկեցինք, բոլոր նրանց, ովքեր կցանկանային աշխատել այդ հեռավոր համայնքներում։ Շատերը գնացին և հաստատվեցին այդ բնակավարերում։ Մենք հասկացանք, որ նախևառաջ պետք էր ներքին հնարավորությունները ճիշտ օգտագործել։ Օրինակ,այնպես էր ստացվել, որ մի ուսուցիչ փոքր ժամաքանակներով աշխատում էր մի քանի դպրոցում։ Սա էլ պետք էր համակարգել։ Նմանօրինակ խնդիրներ կային նաև կենսաթոշակառու մանկավարժների հետ կապված։ Բարեփոխումները միշտ ունենում են թաքնված և նոր հնարավորություններ, որոնք պետք է օգտագործել միաժամանակ ցանկալի արդյունքի հասնելու համար
Այս ամենին պետք է գումարվեին այն բազմաթիվ քայլերը, որոնք պետք է փոխեին հանրակրթությունը իր բովանդակային և կազմակերպական բաղադրիչներով, կարողանային ձևավորել 12-ամյա հանրակրթություն՝ իր երեք հատվածներով՝ տարրական, հիմնական և ավագ դպրոց։
— Պարոն Երիցյան, շատերի համար դեռ այն տարիներին խնդրահարույց էր ավագ դպրոցը։ Այն համարում էին լիովին չբովանդակավորված։ Կայացե՞լ է ավագ դպրոցը։
—Այդ հարցին միանշանակ չեմ պատասխանի, քանի որ 2003-ից սկսած եղել են բոլոր նախադրյալները ընդհանրապես 12-ամյա դպրոցի կայացման գործում։ Հստակ ռազմավարական ծրագրեր կային, որոնք պետք իրագործեին հետագա տարիներին, որպեսզի ավագ դպրոցը դարձնեին մասնագիտացված գիտելիքների դարբնոց, երբ հնարավորություններ են ստեղծում իրական հոսքային ուսուցում կազմակերպելու համար։ Ես պիտի այս առումով հիշեցնեմ 2003-2008 թվականները, երբ կրթական համակարգը ամբողջությամբ զինվեց հայեցակարգերով,ռազմավարական ծրագրերով ու ամենակարևորը հստակ օրենսդրությամբ։Այդ ժամանակներում նախագահ Քոչարյանի մոտ անց են կացվել քսանից ավելի խորհրդակցություններ,որոնց ժամանակ տրվում էին բոլոր հարցականների պատասխանները։ Ովքեր աշխատել են կամ ճանաչում են Հայաստանի նախագահին, գիտեն, թե նա որքան իրական է գնահատում իրավիճակը,սթափ քննարկումներ կազմակերպում, իրական ու ճիշտ լուծումներ առաջարկում։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազգային ամուր հիմքերով դպրոցի կայացման կողմնակիցն էր, ինչը արտացոլվեց նորաստեղծ կրթական չափորոշիչներում և դասագրքերում։
—Այդ նույն ժամանակներում բարեփոխումները սկսվեցին բուհական համակարգում,Հայաստանը միացավ Բոլոնիայի գործընթացին։ Ինպիսի՞ն էր երկրի ղեկավարի աջակցությունը։
—Ուղղակի, անմիջական։ Արտաքին քաղաքականությամբ, երկրի տնտեսությամբ և հրատապ այլ խնդիրներով զբաղված նախագահը թվում էր,թե քիչ ժամանակ կունենար կրթության հարցերով զբաղվելու։ Բայց այդպես չէր. ամեն ինչ զեկուցվում նրան ու ամեն անգամ նրանից ստացած հանձնարարականները կարևոր խնդիրներ էին լուծում։ Նրա խոսքը մեկ էր, որ մենք չենք կարող հետ մնալ Եվրոպայում կատարվող փոփոխություններից, բայց միշտ իր տեղում պետք է լինի ազգայինը ու հայեցի դաստիարակությունը։ Միաժամանակ կողմ էր, որ մենք մաս կազմենք Բոլոնիայի գործընթացին և ոչ թե պարփակվենք փոքր կրթական տարածքի մեջ։ Ելնելով նաև նման մոտեցումներից մենք անցում կատարեցինք երկաստիճան՝ բակալավրիատ և մագիստրատուրա համակարգին, ապահովեցինք սահուն անցում,մանավանդ մի քանի տարի համակարգը փորձարկվել էր Երևանի պետական համալսարանում և Պոլիտեխնիկական համալսարանում։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարևորում էր բովանդակային առումով ուսումնական հաստատությունների կառավարման գործում ինքնավարության պահպանումը, ինչը բացառում էր գործադիրի կամ որևէ այլ մարմնի կողմից ակադեմիական ազատությունների սահմանափակումը։ Այնուամենայնիվ, հիմնադրված համակարգը կարևոր քննություն բռնեց ՀՀ պետական համալսարանի ինքնավարությանը ներքին կրթական հարցերին գործադիր իշխանության միջամտության ժամանակ և կարելի է պնդել, որ ստեղծված է բուհական կառավարման ամուր համակարգը, ինչը անշուշտ կատարելագործման կարիք ունի՝ կառավարման խորհուրդները առավելապես համալրելով ակադեմիական շրջանակներից։
—Պարոն Երիցյան կայացե՞լ է մեզ մոտ երկաստիճան համակարգը։ Չէ՞ որ Բոլոնիայի գործընթացի շրջանակներում շատ երկրներում ներդրվել է կրթության եռաստիճան համակարգը։Այս առումով ի՞նչ է սպասվում մեզ։
—Գաղտնիք չէ, որ բարեփոխումները կրթության ասպարեզում միանշանակ չեն ընդունվում։ Երկար տարիներ մեզ մոտ քննարկվում է կրթական երրորդ աստիճանին՝ դոկտորանտուրային անցում կատարելու հարցը։Միանշանակ այդ անցումը պետք է կատարել, բայց այստեղ էլ սթափ մոտեցումներ պետք է դրսևորել ու խելամիտ քայլերով անցում կատարել, քանի որ հակառակ պարագայում գիտությամբ զբաղվող երիտասարդներ քիչ կունենանք։Գիտությունը պետք է միշտ երիտասարդ պահել։
— Վերջերս նախագահ Քոչարյանը հանրության հետ հանդիպումների ժամանակ, խոսելով կրթության և գիտության ասպարեզների բարեփոխումների մասին նշեց, որ դրանք ասպարեզներ են, որոնցում փոփոխությունները անընդհատ են լինելու։Կիսու՞մ եք նման մոտեցումները։
—Անկասկած,մի կողմից այս ասպարեզներում բարեփոխումները արագ ու հափշտապ չպետք է անել, մյուս կողմից էլ դրանք անընդհատ ու շարունակական պետք է լինեն։ Կրթության և գիտության նախարարությունը մշտապես զգացել է երկրի ղեկավարի աջակցությունը և աննահանջ ցանկությունը երկրում սկսված լայնածավալ ռեֆորմները արագ տրամաբանական ավարտին հասցնել։
2005 թվականի մայիսի 19-ին Նորվեգիայի Բերգեն քաղաքում Հայաստանի կողմից Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալու արդյունքում մեր փոքր երկրի կրթական տարածքը ընդարձակվեց ևս 46 երկրների հնարավորություններով։ Եվ այս կարևոր իրողությունը երկրի ղեկին կրթությունը հասկացող մարդ-անհատականության դեպքում, կարող է լուրջ առաջընթացի բերել կյանքի բոլոր ոլորտներում՝ ապահովելով երկրի հաստատուն զարգացումը։
Զրույցը վարեց Քրիստինե Պետրոսյան
Երեւան