Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հյուրընկալվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Դիմավորման արարողությունից հետո երկու երկրների առաջնորդները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

Իր խոսքում Էմանուել Մակրոնը նշել է. «Բարև ձեզ տիկնայք և պարոնայք, շատ ուրախ եմ այսօր Փարիզում հյուրընկալել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար պարոն Նիկոլ Փաշինյանին:

Թանկագին Նիկոլ, ի նպաստ ժողովրդավարության և կոռուպցիայի դեմ պայքարի Ձեր հանձնառությունից ի վեր, մենք վերջին տարիներին շատ ենք աշխատել միասին: Հիշում եմ հատկապես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իմ այցելությունը Երևան և մեր բազմաթիվ քննարկումները: Այս աշխատանքային այցը տեղի է ունենում Հայաստանի համար շատ կարևոր պահին:

Հայաստանն այսօր բախվել է անվտանգության լուրջ ճգնաժամի: Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից ի վեր, որը վերջ դրեց Ղարաբաղում պատերազմական գործողություններին, մենք պարոն Փաշինյանի հետ գնահատելով իրավիճակը` նկատում ենք, որ եթե անգամ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, շատ անելիքներ կան: Եվ Ֆրանսիան պատրաստ է իր օժանդակությունը բերել` ի նպաստ բնակչության: Առաջին հերթին խոսքս վերաբերում է բոլոր գերիներին, այդ թվում` ռազմագերիների և անազատության մեջ գտնվող բոլոր անձանց ազատ արձակմանը:

Ուզում եմ առանձնապես ընդգծել Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը, որն անպայման պետք է պահպանվի: Եվ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր` ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին Ֆրանսիայի պարտքն է ամեն ինչ անել` հասնելու դեէսկալացիայի և հաստատելու երկխոսություն կողմերի միջև:

Ուզում եմ խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին միջադեպերի մասին: Ինչպես արդեն ասել էի պարոն Փաշինյան, սահմանագծման և սահմանազատման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես բանակցությունների միջոցով և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի: Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և ես կոչ եմ անում կողմերին վերադառնալ ելման դիրքեր: Մենք կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում:

Այս դժվար իրավիճակում, որտեղ հայտնվել է Հայաստանը, Ֆրանսիան Հայաստանի կողքին է ինչպես միշտ՝ նախ նաև մարդասիրական ոլորտում: Նախ և առաջ մեր բուժհաստատությունները համագորածակցել են Հայաստանի բուժհաստատությունների հետ, ընտրվել են Հայաստանի բազմաթիվ հիվանդանոցներ, որոնք ունեցել են այդ կարիքը: Մենք նաև բացառիկ աջակցություն ենք ցուցաբերել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության գործունեությանը, որը զբաղվում է Ադրբեջանում պահվող ռազմագերիների և նրանց ընտանիքներին սատարման ու անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներով:

Մենք պարոն Փաշինյանի հետ խոսել ենք նաև տնտեսական գործակցության մասին, հստակեցրել ենք որոշակի բնագավառներում փոխգործակցությունը, որի նպատակն է օգնել Հայաստանին զարգացնել ենթակառուցվածքներն ու շարունակել մեր հանձնառությունը կլիմայի փոփոխությունների բնագավառում: Այս նպատակով է, որ շատ մեծ հաճույքով ընդունում եմ այսօր վարչապետի պաշտոնակատարին:

Թանկագին Նիկոլ, մենք համերաշխ ենք Հայաստանի հետ և կմնանք: Այս դժվարին ժամանակներին Ֆրանսիան հաստատակամ է, որպեսզի տարածաշրջանում, ի վերջո, խաղաղություն հաստատվի:

Շնորհակալություն և ևս մեկ անգամ բարի գալուստ»:

Ինչպես հաղորդում է  news.am-ը Փարիզում ՀՀ դեսպանության առաջ  հունիսի 1-ին, ֆրանսահայերը բողոքի ակցիա են իրականացրել` իրենց դժգոհությունը  հայտնելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցի կապակցությամբ:

Նրանք վանկարկել են «Նիկոլ, դավաճան» եւ իրենց հետ բերել են «Կապիտուլյանտ»,  «դավաճան», «հողատու» գրությամբ պաստառներ:

«Սա վերջն է, վերջին անգամ ես դու բյուջեի հաշվին գալիս  Ֆրանսիա, տականք: 7000 մեր զինվորների դիակները թողած, գալիս ես այստեղ խնջույքներ ես կազմակերպում, վերջին անգամն է, պիտի սատկացնենք քեզ, պիտի սատկես շան նման»,-ասել ակցիայի մասնակից մի կին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին բողոքի ակցիաներով եւ կապիտուլյանտ վանկարկումներով են դիմավորում ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Վառ օրինակը երեկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցածն էր, ինչը Փաշինյանին ստիպել է շրջել ոստիկանական մեծ թվով ուժերի ուղեկցությամբ:

Այնտեղի հայերը Փաշինյանին դիմավորել են «Կապիտուլյանտ» գրությամբ պաստառներով: Սակայն պարզվում է, որ Փաշինյանը մերժվել է նաեւ հայ համայնքի կողմից:

Մասնավորապես, Ֆրանսիայում Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ Փաշինյանը հայ համայնքի անդամների հետ երկու ձեւաչափով հանդիպում է առաջարկել, սակայն ե՛ւ նա, ե՛ւ այլ անձինք հրաժարվել են մասնակցել հանդիպումներին, եւ ավելին՝ աջակցել են բողոքի ակցիաներին: «Նա ցանկանում է ցույց տալ, որ սփյուռքի հետ խնդիր չունի, եւ որ ինքը կարող է հանդիպել Ֆրանսիայի նախագահի հետ։ Նա ցանկանում է այս հանգամանքները ընտրությունից առաջ ի նպաստ իրեն օգտագործել: Մենք չենք ցանկանում, որ լինի վարչապետ, որը մասնատում է սփյուռքը։ Մեր հույսն այն է, որ նա չվերընտրվի։ Լավ կլինի, որ ընտրվի հզոր մեկը, որ կկարողանա ճիշտ մշակել իր կապերը Հայաստանի ռազմավարական գործընկերների, օրինակ՝ Ռուսաստանի հետ»,- նշեց նա։

Ավելին, Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիան կողմ էր, որ ՀՀ վարչապետի հետ հանդիպումը հոկտեմբերին լիներ, սակայն Փաշինյանն այնքան պնդեց, որ Մակրոնը ստիպված ընդունեց։

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-2-ը պաշտոնական այցով գտնվում է եվրոպական քաղաքներում»:

 

Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում:

Վարչապետի պաշտոնակատարը նախ առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանի և hոգաբարձուների խորհրդի անդամ, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանի հետ:

Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների արդյունքներին, արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներին, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման, Սփյուռքի ներուժի լիարժեք իրացման հնարավորություններին: Վերջինիս հետ կապված Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել սփյուռքահայության համախմբվածությունը հատկապես պատերազմի օրերին և հայրենիքին ցուցաբերած անգնահատելի օժանդակությունը։

Վարչապետի պաշտոնակատարը հանգամանալից պատասխանել է ֆրանսահայերին հետաքրքրող բոլոր հարցերին:

Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիայի Հանրապետություն ավարտվել է: ՀՀ պատվիրակությունը ժամանել է Բրյուսել, որտեղ հունիսի 2-ին հանդիպում կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի հետ։

 

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպել է քաղաքապետ Անն Իդալգոյին:

Փարիզի քաղաքապետը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Ֆրանսիա և նշել. «Պարոն վարչապետ, մենք միշտ Հայաստանի կողքին ենք և շարունակելու ենք գտնվել սերտ կապի մեջ: Հայաստանի համար այս դժվարին իրավիճակում մենք հանդես ենք եկել հստակ դիրքորոշումներով: Հավատացած եղեք, մենք Հայաստանին ու հայ ժողովրդին չենք թողնի միայնակ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում իրենց առաջին հանդիպումը և նկատել, որ այն, ինչ նախորդ հանդիպմանը պայմանավորվել են, կյանքի է կոչվել: Վարչապետի պաշտոնակատարը հատկապես ընդգծել է Փարիզում Թումո կենտրոնի բացման փաստը: «Տիկին քաղաքապետ, հոկտեմբերին կսպասենք Ձեզ Երևանում, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա անելիքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Փարիզում Հայաստանի անունով հրապարակ անվանակոչելու նախաձեռնությամբ հանդես գալու համար: Դա շատ կարևոր և մեզ ջերմացնող նախաձեռնություն է: Հույս ունեմ, որ մեր մայրաքաղաքների միջև համագործակցությունը գնալով ավելի կխորանա, մասնավորապես կրթության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության ոլորտներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանն իր բարեկամների աջակցությամբ կհաղթահարի ստեղծված իրավիճակը և ժողովուրդը կվերգտնի լավատեսությունը:

Անն Իդալգոն կարևորել է իր առաջիկա այցը Երևան և վստահություն հայտնել, որ Երևանի քաղաքապետի հետ կկարողանան քննարկել ու կյանքի կոչել նոր նախաձեռնություններ:

Խոսելով Հայաստանում պատերազմից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Փարիզի քաղաքապետը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է աչալուրջ գտնվել Հայաստանի նկատմամբ: «Դա միայն Հայաստանի ճակատագիրը չէ, մեր և Հայաստանի ճակատագրերը փոխկապակցված են: Մենք շարունակելու ենք նաև մեր հետևողական քայլերը` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման ուղղությամբ»,- ասել է Անն Իդալգոն:

 

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սենատի նախագահ Ժերար Լարշեին:

Պարոն Լարշեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ: Սենատի նախագահը կարևորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի այցը Ֆրանսիա, ինչը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ քննարկել երկկողմ օրակարգի հարցերն ու Հայաստանի շուրջ ծավալվող գործընթացներին հակազդելու քայլերը: Ժերար Լարշեն նշել է, որ Սենատը ևս քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ և կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում:

«Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը մենք բարձրացրեցինք Եվրոպական խորհրդարանի նախագահի առաջ, արդյունքում Եվրոպական խորհրդարանը հանդես եկավ բանաձևով, որը դրական քայլ է: Մենք սրանով չենք բավարարվում և մեր քայլերը կրելու են շարունակական բնույթ»,- ասել է պարոն Լարշեն` ընդգծելով, որ Ադրբեջանի վերջին նախահարձակ գործողությունները մտահոգություններ են առաջացնում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի հեղինակներին և բոլոր նրանց, ովքեր պաշտպանել են փաստաթղթի ընդունումը: «Ծանր իրավիճակում դա կարևոր նշանակություն ունեցավ, Ղարաբաղի ժողովուրդը տեսավ, որ միայնակ չէ դժվարին պայքարում: Հույս ունենք, որ Ֆրանսիան կշարունակի կարևոր դերակատարություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի ունեցող գործընթացներին ու ՄԽ-ն առավել կակտիվանա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ այդ հարցը քննարկել են նաև նախագահ Մակրոնի հետ:

Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ քայլերն ու անդրադարձել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին:

 

 

 

 

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանին:

Ազգային ժաղովի նախագահը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Փարիզ, շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Պարոն վարչապետ, Հայաստանը Ֆրանսիայի համար բարեկամ պետություն է, և մենք մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Հայաստանի համար անցած բարդ ժամանակահատվածում մենք եղել ենք մշտական կապի մեջ հայ գործընկերների հետ, մեր պատգամավորները եղել են Հայաստանի կողքին: Մեր քայլերով հետագայում էլ նպաստելու ենք հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»,- ասել է Ռիշար Ֆերանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և արձանագրել, որ Հայաստանը բոլոր դժվարին ժամանակներում զգացել է բարեկամ Ֆրանսիայի, այդ թվում` Սենատի ու Ազգային ժողովի պատգամավորների աջակցությունը: «Խոսքը միայն քաղաքական գործիչների մասին չէ, ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում սոցհարցում էր եղել, և հարցին, թե ո՞ր երկրին եք համարում Հայաստանի բարեկամ` հարցվածների գերակշիռ մասը պատասխանել է` Ֆրանսիան: Բնականաբար մենք շահագրգռված ենք, որպեսզի Ֆրանսիան ավելի մեծ ներկայություն ունենա Հայաստանում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` կարևորելով ֆրանսիական բիզնեսի, ներդրողների ներկայության ընդլայնումը Հայաստանում: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է` երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչը պետք է ավելի ծանրակշիռ լինի:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին և նշել, որ գլխավոր խնդիրը երկրի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն է: Վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի հանգամանքները ու այս պարագայում էլ շեշտել Ֆրանսիայի բարեկամական կեցվածքը: «Այդ կապակցությամբ Ֆրանսիան հստակ, միանշանակ և տարընթերցման տեղիք չտվող դիրքորոշում արտահայտեց»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ փորձում է սահմանային իրավիճակը հանգուցալուծել դիվանագիտական ճանապարհով:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերը այդ գործընթացում: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության անհրաժեշտության մասին, ինչպես նաև հայ ռազմագերիների վերադարձի ապահովման նպատակով ընդունված բանաձևերի կարևոր նշանակությունը:

Ռիշար Ֆերանը հավելել է, որ ուշադրությամբ են հետևում Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին: «Ֆրանսիան Հայաստանի կողքին է, խնդրում եմ մեր ուղերձը փոխանցեք հայ ժողովրդին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանում հաստատվի կայունություն և բարեկեցություն: Դուք միշտ ապավինել եք մեզ և կարող եք ներկայում ու ապագայում ևս ապավինել մեզ»,- ընդգծել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:

Ֆրանսիական կողմը ևս մեկ անգամ շեշտել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձի շուտափույթ ապահովման, Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը և այդ գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը: «Հույս ունենք, որ առաջիկա ընտրություններից հետո Հայաստանը կվերականգնի իր միաբանությունը և կգնա դեպի ապագա»,- ասել է պարոն Ֆերանը:

Միաժամանակ, տեղեկացվել է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովում այժմ մշակվում է հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ նոր բանաձև, ինչպես նաև նախապատրաստվում է Հայաստան-Ֆրանսիա խորհրդարանական բարեկամական խմբի այցը մեր երկիր:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններին, մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը և երկուստեք հետաքրքրություն ունեցող մի շարք այլ հարցեր: