ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հարցերին պատասխանում է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն, «5165 շարժման» հիմնադիր Կարին Տոնոյանը
-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել «5165 շարժումը», որո՞նք էին հիմնական դրդապատճառները եւ ովքե՞ր են ձեր աջակիցները, անդամները։
-«5165 շարժման» ստեղծումն ունի նախապատմություն. դեռևս 2020թ. նոյեմբերի 10-ից հետո Երևանի պետական համալսարանի մի խումբ դասախոսների հետ ձեռնարկեցինք «Ի գործ» նախաձեռնությունը, որի նպատակն էր վերլուծել ստեղծված ծանր իրավիճակը և փնտրել ելքեր: Երկու ամիս բուռն քննարկումներից հետո ստեղծվեցին ոլորտային հանձնաժողովներ և զուգահեռ սկսվեցին հանդիպումներ նմանատիպ տարբեր նախաձեռննությունների, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հետ: Այս հանդիպումների արդյունքում էլ ձևավորվեց մի ավելի մեծ՝ տարբեր նախաձեռնություններից կազմված խումբ, որի անունը որոշվեց դնել «5165 շարժում», որը խորհրդանշում է մեր սրբազան լեռան՝ Արարատի բարձրությունը և հարազատ ու թանկ է յուրաքանչյուր հայի համար: Մեր աջակիցները դարձան Հայաստանում և արտերկրում ապրող և այդ օրերին նույնքան մտահոգ մի խումբ հայորդիներ, որոնք իրենց ոլորտներում հասել են լուրջ հաջողությունների: «5165 շարժման» խորհրդի անդամներ դարձան իրենց ոլորտներում լուրջ հաջողություներ արձանագրած պրոֆեսիոնալներ, որոնք արդեն ունեին համակարգաստեղծ գործունեության փորձ և կարող են մասնակից դառնալ վաղվա կառավարության ձևավորմանը:
-Ի՞նչ սկզբունքով եք անդամագրում եւ որքանո՞վ եք վստահ նոր անդամագրվածների անկեղծ նվիրվածությանը։ Որո՞նք են անդամության չափանիշները։
-Շարժմանն անդամակցելը միայն ու միայն սեփական ցանկությամբ է՝ էլեկտրոնային հայտագրմամբ, որի միջոցով անդամագրվածները բաժանվում են ըստ իրենց մասնագիտական կամ նախընտրած ոլորտների և հետո նրանց հետ կազմակերպվում են ոլորտային հանդիպումներ, ներկայացվում մեր տվյալ ոլորտի ծրագրային դրույթները, լսում ներկայացված առջարկները: Անդամագրումը կատարվում է ըստ շարժման արժեհամակարգային և գաղափարական սկզբունքների համապատասխանության, որոնք հստակ նշված են շարժման Հռչակագրում: Նվիրվածության վստահության մասին մեր սկզբունքն այս է, համախմբելու համար պետք է վստահես, որպեսզի չկորցնես անգամ մեկ մարդու, իսկ անվստահելի արարքի դեպքում, միշտ էլ կա հեռացնելու, հրաժարվելու տարբերակ:
- Ձեր ելույթներում արդեն նշել եք, որ շարժմանն են միացել նաեւ բազմաթիվ սփյուռքահայեր։ Ինչպե՞ս եք պատկերացնում սփյուռքահայերի մասնակցությունը, եթե նրանք չունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք, եւ չեն կարող անմիջական ազդեցություն ունենալ երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ Ի դեպ, ինչպե՞ս են անդամակցում սփյուռքահայերը։
-Իմ առաջին պատասխանում ես արդեն մասամբ տվել եմ նաև այս հարցի պատասխանը, շեշտելով, որ մեր աջակիցների շարքերում կան շատ սփյուռքահայեր, որոնք մեզ աջակցում են և ֆինանսական, և նյութական, և խորհրդատվական տարբերակներով: Ձեր բարձրացրած հարցը սփյուռքահայերի ընտրելու-չընտրվելու իրավունքի մասով մեր ծրագրի հիմնադրույթներից մեկն է, որը կշրջանառենք խորհրդարանում մաս կազմելուն պես: Սփյուռքից էլ անդամակցում են նույն կարգով:
-Դուք նաեւ պատրաստվում եք ժողովրդի մտածողությունը փոխել, մշակութային հեղափոխություն իրականացնել։ Ծրագրում եք արդյո՞ք մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների վերականգնումը, որոնց վերացումը ներկա իշխանությունների թույլ տված կոպտագույն սխալներից մեկն էր։
-Մենք ծրագրում ենք Մշակույթի և Սփյուռքի և հայրենադարձության նախարարություների տարանջատում, համոզված, որ այդ ոլորտները մեր պետության հիմնասյուններից են:
-Շարժման հիմնական նպատակներից եք համարում հզոր Հայաստանի ստեղծումը եւ հայրենադավ գործարքներից ու ներկա իշխանություններից ազատվելը։ Ինչպե՞ս եք պատկերացնում դա իրականացնել, եթե չունեք բավարար ռեսուրսներ։
-Իշխանության գալով:
-Վերջին հանրահավաքում հայտարարեցիք, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը որեւէ նոր փաստաթուղթ չստորագրի։ Ինչպիսի՞ մեխանիզմներ եք նախատեսել։
-Այդ փաստաթղթի ստորագրման դեմ մենք արդեն սկսել ենք հասարակական իրազեկման և բողոքարկման գործընթաց, բացի դրանից Հայաստանի և սփյուռքից մասնագետների հետ մշակել ենք հակադարձող փաստաթուղթ, որը հետագայում կօգնի ոչ լիգիտիմ ճանաչել այդ ստորագրությունը: «ՀՀ սահմանների աջակցության կոմիտե»-ն արդեն ստեղծված է և, նախաձեռնվել են մի շարք միջոցառումներ՝ այցեր դիրքեր, նյութատեխնիկական աջակցություն զինվորներին, դիրքային կահավորման աշխատանքների աջակցություն: Ինչպես նաև հանրային ճնշում ՊՆ և ԶՈՒ ԳՇ-ի վրա՝ առավել համակարգված և արդյունավետ աշխատանքներ իրականացնելու սահմանների պաշտպանության հարցում:
-Վերոհիշյալ խնդրի հետ կապված, նաեւ որոշել եք ինքնապաշտպանական կոմիտե ստեղծել։ Ի՞նչ ռեսուրսներ ու նյութական միջոցներ են անհրաժեշտ դրա համար, եւ ինչպե՞ս եք համակարգելու նման կոմիետի գործունեությունը ազգային բանակին զուգահեռ, ինչպե՞ս եք պատեկարցնում սահմանների պաշտապանությունը։
-«Զարթոնք» քրիստոնեական կուսակցության հետ մենք միավորվել ենք միայն «ՀՀ սահմանների աջակցության կոմիտեի» ծավալվելիք գործունեության շրջանակներում: Իսկ ընտրություններին կմասնակցենք «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությամբ, ընդ որում նշեմ, որ այս շարժման մեջ միավորվել են 2 կուսակցություն և 7 հասարակական նախաձեռնություն: Ընդհանրապես մենք մեր ընտրարշավի քարոզչության մեջ առաջնորդվելու ենք «նախ գործով, հետո խոսքով» սկզբունքով։ Արդեն կա քաղխորհրդի հստակ որոշում, որ մեր ընտրարշավի համար նախատեսած գումարի ուղիղ կեսը ծախսելու ենք սահմանների կահավորման և զինվորների նյութատեխնիկայով, հանդերձանքով ու սննդով ապահովելու համար: Կնախաձեռնենք նաև մի շարք երիտասարդական և հայրենաճանաչողական միջոցառումներ, որոնք ոչ միայն կներկայացնեն մեզ ու մեր շարժման նպատակները, այլ նաև կընդգծեն մեր արժեհամակարգային նախապատվությունները և ժողովրդի ուշադրությունը կկենտրոնացնեն ազգային մոռացված արժեքների վրա: Մենք չենք շտապում, մեր թիմի մեծ մասն իրենց ոլորտներում հայտնի մարդիկ են, ինձ ժողովուրդը շատ լավ գիտե «Հայ ասպետի» 10 տարվա գործունեությունից, մնացածն էլ կլինի իր ժամանակին, հիմա կարևորը երկրի սահմանների անվտանգությունն է: Հենց այս պատճառով մենք կոչ ենք արել բոլոր քաղաքական ուժերին՝ ընտրարշավն ու քաղմրցակցությունը տեղափոխել սահմանների պաշտպանության տիրույթ և ամբողջ արևելյան սահմանը հավասարապես բաժանելով ընտրությանը մասնակցող քաղաքակն ուժերի միջև, գործով ապացուցել մեր նվիրվածությունը մեր Հայրենիքին.....
-Վերջին օրերին ձեր շարժմանն է միացել նաեւ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը եւ հայտարարել եք, որ պատրաստվում եք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Բայց ոչ ձեր շարժումը, ոչ էլ «Զարթոնք» կուսակցությունը դեռեւս չունեն համաժողովրդաան աջակցություն, եւ լայն զանգվածներին ծանոթ չեն։ Հանրային լրատվամիջոցներով առնվազն չեն լուսաբանում ձեր կազմակերպած ձեռնարկները։ Քարոզչության ինչպիսի՞ քաղաքականություն եք որդեգրելու, որպեսզի քաղաքացիները առավելագույնս ճանաչեն եւ սատարեն ձեր գործունեությանը։
-Ես դեռ հունվար ամսից հանդիպումներ եմ ունեցել ազգային դաշտի շատուշատ ուժերի հետ, ամիսներով փորձել եմ համախմբել, բայց ցավոք շատերի հետ չի հաջողվել, և եկել եմ մի եզրակացության՝ մեր երկիրն այս վիճակում է նաև հենց տղամարդկանց ամբիցիաների պատճառով: Հիմա կփորձենք այսքանով պայքարել, համոզված, որ երբ ունես հստակ նպատակ, անկոտրում կամք և մաքուր ձեռքեր, ապա անգամ բնությունն ու տիեզերքն են քեզ աջակցում. Մեր ուժը հոգևոր դաշտում է՝ Աստծո և մեր 5000 զոհերի երկնային աջակցությամբ:
- Հնարավոր համարում եք նախընտրական արշավի որեւէ փուլում ազգային ուժերի հետ միավորումը, քանզի միայնակ ընտրություններին գնալով, ազգային գաղափարախոսություն ունեցող ուժերը դատապարտված են պարտության։ Որո՞նք են լինելու ձեր նախընտրական հիմնական թեզերը եւ ընտրվելու դեպքում ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել ։
-Նախ ամեն ինչ անելու ենք «Հանուն Հայի և Հայրենիքի»: Երկրորդ՝ «Հայաստանին պետք է սիրել մոր պես», իսկ մոր պես միայն կինը կարող է սիրել: Հետո՝ «Մենք մեր Հայրենիքի ծառան ենք ու տերը». տիրոջ հոգեբանությունն է մեզ առաջնորդելու: Մեր ծրագրերը լիովին միտված են պետական համակարգաշինությանը, իսկ բոլոր ոլորտների ծրագրերը բխում են երկրի անվտանգությունից և վերադառնում են նորից անվտանգությանը. Նշեմ միայն մի քանիսը՝ ռազմարդունաբերություն և բանակաշինություն, որին ծառայելու են կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական, ժողովրդագրական, հայրենադարձության և շատուշատ այլ ծրագրեր:
-Ներկա իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ բազմաթիվ սխալների ու թերացումների շարքում, թույլ տվեց ամենամեծ սխալը՝ անձեռահաս կադրերի ընդգրկումը երկրի կառավարման մեջ։ Ինչպիսի՞ն է լինելու ձեր կադրային քաղաքականությունը, որպեսզի խուսափեք նախկինների թույլ տված սխալներից։
-Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «Հացը հացթուխին տուր....». մենք կհրավիրենք ու կհամախմբենք մեր ազգի բոլոր պրոֆեսիոնալներին՝ անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից կամ գտնվելու վայրից, կապահովենք նրանց գործունեության արդյունավետության համար հնարավոր լավագույն պայմանները և, սահմանելով նաև արդար և նպաստող վերահսկողություն, կհասնենք կառավարման նոր և ամուր համակարգի ստեղծմանը, որը երբևէ կախված չպիտի լինի անձերի փոփոխությունից կամ քմահաճույքներից:
-Եվ վերջում՝ ինչպե՞ս եք գնահատում հանրապետությունում ստեղծված իրավիճակը, եւ արդյո՞ք հավատում եք, որ ներկա պայմաններում հնարավոր է անցկացնել արդար եւ թափանցիկ ընտրություններ։
-Հանրապետությունում այսօր տարվում է հակապետական կառավարում, ավելի շուտ քաոսաստեղծ կառավարում, որի միտումներն ու նպատակները որքան հասկանալի են, նույնքան էլ անհավատալի.... Երբևէ ոչ ոք չէր հավատա, որ մի օր Հայաստանում իշխանության կգան նման դավադիր և թրքամետ քաղաքականություն վարող ուժեր: Այս պայմաններում, իհարկե, խոսել արդար և թափանցիկ ընտրությունների մասին՝ նվազագույնը միամտություն կլինի, բայց բոլորն են հիշում Թումանյանի «Չարի վերջը» հանճարեղ ստեղծագործությունը, չէ՞, մենք էլ ենք հիշում և հավատում, որ այդ վերջը մոտ է: Ամեն:
Զրույցը վարեց Հակոբ Ասատրյանը
ՕՐԵՐ եվրոպական անկախ ամսագիր
Պրահա