Մայիսի 26-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հասարակական, քաղաքական և ռազմական գործիչների կյանքին ու գործունեությանը Ռումինիայում 20-րդ դարի միջպատերազմական (Interbellum) ժամանակահատվածում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը՝ նշելով, որ Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո մի շարք հայ ականավոր քաղաքական ու ռազմական գործիչներ հաստատվել էին Ռումինիայում: Նրանց թվում էր նաև Պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը, ով իր նշանակալի ավանդն ունեցավ նաև ռումինահայ համայնքի կյանքում:
Դեսպանը նաև անդրադարձավ օրվա խորհրդին՝ նշելով. «Ավելի քան 100 տարի առաջ Սարդարապատի և մայիսյան մյուս հաղթանակների, ինչպես նաև Առաջին Հանրապետության հռչակումով վերականգնվցեց մեր պետականությունն և հայ ժողովրդի ազատ ու անկախ ապրելու դարավոր երազանքը: Համոզված եմ, որ այսօր էլ Հայաստանն, Արցախն ու Սփյուռքը միասնաբար հաղթահարելու են ներկա մարտահրավերները»:
Միջոցառման ընթացքում ներկաներն հեղինակի, ռումինահայ դերասաններ Արմինե Ոսկանյանի և Ֆլորին Կևորկյանի ընթերցմամբ ունկնդրեցին Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի՝ «Շշուկների մատյան» վեպի այն հատվածը, որտեղ ներկայացված են Դրաստամատ Կանայանի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև նրա հարաբերությունները ռումինահայ համայնքի հետ:
Միջոցառման ավարտին դեսպան Մինասյանը ռումինահայ համայնքի ականավոր ներկայացուցիչ՝ լրագրող, գրող և թարգմանիչ, Մադլանա Գարագաշյանին հանձնեց ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը:
orer.eu
+2