Այսօր լրանում է չեխական ,,Մուզիկա Պոետիկա,, երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էվժեն Կինդլերի ծննդյան 80 ամյակը։ Կիրառական մաթեմատիկայի պրոֆեսորն ու Կարլի համալսարանի բժշկական ֆակուլտետի երբեմնի շրջանավարտը, ով դեռ մանկուց ուներ երաժշտական բացառիկ ունակություններ, անկախ այն հանգամանքից, որ դարձավ Չեխիայում համակարգչային մոդելավորման փնտրված մասնագետներից մեկը, երբեք չհրաժարվեց երաժշտությունից։ Նրա հիմնած ,,Մուզիկա Պոետիկա,, երգչախումբը տասնամյակներ շարունակ կատարեց հոգեւոր երգեր, այդ թվում՝ հայկական։ Վերջին տասը տարիների ընթացքում երգչախումբը ոչ միայն մասնակցում էր Պրահայի հայկական համայնքի կազմակերպած բազմազան ձեռնարկներին, այլեւ Սուրբ Յիլիի եկեղեցում մատուցվող հայկական պատարագների մշտական երգեցիկ կազմն էր։ Էվժեն Կինդլերը նաեւ հայտնի աստվածաբան է, հայ գրականության եւ հատկապես Գրիգոր Նարեկացու գրական ժառանգության գիտակ։ Նա հայտնի դիրիժոր եւ հայագետ Հայկ Ութիջյանի հետ միասին արդեն շուրջ 10 տարի չեխերենի են թարգմանում ,,Մատյան ողբերգության,, ծավալուն պոեմը։