Թշնամու ԶՈՒ զինծառայողներից կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
25.05.2021թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ունեալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝ բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:
Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գ. Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Զինծառայողը տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
ԱՀ ԶՈՒ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, ՀՀ ԶՈՒ զինծառայողի դիտավորյալ սպանություն կատարելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.2-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնին:
Հ.Գ. ՀՀ ՊՆ-ն հայտնել էր այսօր՝ մայիսի 25-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Մ. Հովհաննիսյանի՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերման մասին:
Այս ցավալի դեպքի կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկա փուլում դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, կատարվում են անհետաձգելի բոլոր անհրաժեշտ գործողությունները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հայաստանի ԱԳՆ էլ հանդես է եկել հայտարարությամբ
Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զինված կազմավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է:
Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար:
Հատկանշական է, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր այս ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվության շրջանառմամբ: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
orer.eu