ԿԱՅԱՑԱՎ «5165» ՇԱՐԺՄԱՆ և «ԶԱՐԹՈՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ
Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ «5165» շարժոման և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից հրավիրված շտապ հանրահավաքը, որի նպատակն էր պարտադրել ժամանակավոր կառավարությանը Հայաստանի Հանրապետության անունից չստորագրել որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված թշնամուն:
Հավաքում հայտարարվեց նաև «Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի» ստեղծման մասին, որն այսօրվանից կլծվի բանակի, Զինված ուժերի առկա կարիքները հոգալու աշխատանքներին։
Շտապ հավաքին ելույթ ունեցան «5165» շարժման համահիմնադիրներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, բժիշկ֊ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, «Իրավական պետություն» կուսակցության նախագահ Վարդան Քալանթարյանը, «Զարթոնք» կուսակցության համահիմնադիրներ Վրեժ Խաչիկյանն ու Կարինե Նալչաջյանը։
Ելույթներում ներկայացվեց ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության ռիսկերը, ռազմական վտանգները և ստեղծված իրավիճակում` իրենց առաջարկները:
«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը բացման խոսքում ասաց.
«Ինչո՞ւ ենք մենք այստեղ և ովքե՞ր ենք մենք: Մենք Ձեզ նման մարդիկ ենք, ես ձեզնից մեկն եմ։ Մարդ, որն իր կյանքով ապացուցել է, որ պատրաստ է ամեն ինչ անել Հայրենիքի համար՝ չհաշտվելով մեր ներկա վիճակի հետ: Անելանելի վիճակներ չկան, կա միայն կամքի բացակայություն: Դեռևս հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը հավաքվել է, և Փաշինյանը ներկայացրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջարկ է ներկայացրել դադարեցնել պատերազմը։ Այդ առաջարկը եղել է հետևյալ պայմաններով. Արցախը մնում է Հադրութով և Շուշիով։ Միայն թե Շուշիում հայերի վերահսկողությամբ ադրբեջանցիները հնարավորություն են ստանում պարզապես վերաբնակեցվելու, հանձնում ենք 5 շրջան, իսկ 2 շրջանի հարցը լուծվելու է հետագայում։ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները համաձայնություն են տվել, սակայն գիշերը վարչապետը գնում է Գլխավոր շտաբ և ասում, որ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ չի ստացվում իրականացնել առաջարկը և հնարավոր չէ դա կազմակերպել։ Մինչդեռ, նոյեմբերի 10-ից հետո Ռուսաստանի նախագահն ասաց, որ իր համար առավել քան զարմանալի էր, որ հոկտեմբերի 19-ի առաջարկը չընդունվեց Հայաստանի կառավարության կողմից: Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն։ Ինչպե՞ս է, որ այդպիսի դավաճանություն գործած մարդն այսօր իրավունք ունի լուծելու մեր անվտանգության խնդիրը։ Մեր զավակների արյամբ թրծված այս հողը չի պատկանում դավաճաններին։ Մենք այստեղ ենք, քանի որ շատ լավ հասկանում ենք. ՀՀ սահմաններին կատարվում է մի բան, ինչը պայմանավորվածություն է։ Մեր երկրի իշխանությունները թշնամի երկրի իշխանությունների հետ գնում են դավադիր գործարքի, հարկադրում են իրենց հետ «խաղաղ ապրելու» վերջին պայմանը: Թույլ չենք տալու: Պարոնա՛յք սպաներ, մենք ձեր կողքին ենք, Հայաստանը ծնկի չի գալու»։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանն իր ելությում առաջին հերթին կարևորեց այն, որ պատերազմից առաջ և հիմա կեղծ օրակարգ ու թեզ է առաջ տարվում՝ նախկին և ներկա, իսկ հիմա մեզ համար բաժանարար գիծը միայն պետք է լինի ապազգայինն ու ազգայինը:
«Մեր իշխանությունը մեզ ադրբեջանասիրություն է քարոզում: Այս ժամանակահատվածում, երբ Փաշինյանը հրաժարական է տվել և չունի լեգիտիմություն, չկա նրա հանդեպ վստահություն, նա փորձում է Հայաստանի կենսական շահերի համար կարևոր որոշում կայացնել մեր անունից, որը հետագայում սերնդեսերունդ մեզ համար հետևանք է առաջացնելու: Նա այս փուլում իրավունք չունի ինչ-որ բան ստորագրելու ՝ այն էլ գաղտնի պայմաններում: Բացի այս, ըստ օրենքի, նրա պաշտոնն այս պահին թափուր է, այսինքն կառավարության անդամներն են շարունակում պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Հավաքի վերջում ներկայացվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի պահանջը, որն ուղղվելու է ՀՀ կառավարություն։
Պահանջն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՀԱՆՋԸ
Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության կողմից Ադրբեջանի Հանրապետության հետ որևէ փաստաթուղթ չստորագրելու վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար հանդես եկող Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի Հանրապետության հետ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ հետևյալ պատճառներով.
1. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, քանի որ չի վայելում Հայաստանի ազգաբնակչության վստահությունը, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության մեծ մասի կորստի հարցում ՀՀ գործող իշխանությունների ունեցած մեղավորությամբ ու պատասխանատվությամբ: Իսկ ազգաբնակչության վստահությունը չվայելող անձը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից կատարել որևէ գործարք, որ կվերաբերի նրա սահմաններին ու տարածքին:
2. Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը ենթադրում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչում՝ որպես Ադրբեջանի անքակտելի տարածք, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան որոշ տարածքների զիջում: Սա դավաճանություն է հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ, ինչպես նաև անարգանք Արցախի ինքնորոշման պայքարի համար իրենց կյանքը զոհած մեր բազմահազար նահատակների հիշատակին:
3. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև կոմունիկացիաների բացման, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա թուրք-ադրբեջանական միջանցք ստեղծելու գործընթացի բաղկացուցիչ մասն է, ինչը կործանարար ազդեցություն կարող է ունենալ հայոց պետականության համար հատկապես արցախյան հարցի չկարգավորվածության, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և Ադրբեջանում բազմաթիվ ռազմագերիների առկայության պայմաններում:
Ելնելով վերոգրյալ հիմնավորումներից՝ Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն պահանջում է Նիկոլ Փաշինյանից հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը (այդ թվում՝ կստեղծի այդպիսի իրավական հիմք)