Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Չնայած համավարակին եւ օպերային ներկայացումների չեղարկմանը, 2020 թվականը հունգարաբնակ հայտնի օպերային երգչուհի  Կարինե Բաբաջանյանի համար նշանավորվեց նոր ձայնասկավառակի թողարկմամբ։ Բեռլինի կոնցերտհաուսում փետրվարի 18-ին ձայնագրվեց  Պետրո Մասկանիի  ,,Իրիս ,,  օպերան, որտեղ գլխավոր դերակատարի՝ Իրիսի դերում հանդես եկավ  Կարինե Բաբաջանյանը։  Ձայնագրությունն արդեն իսկ շատ լավ է ընդունվել երաժշտական քննադատների կողմից, եւ ներկայացվել է  ,,Օպուս կլասիկ,,  մրցույթին։

Արդեն իսկ ավարտին է մոտենում  նաեւ հաջորդ ձայնագրությունը՝ իտալական երգերի շարքը, որը սոպրանո Կարինե Բաբաջանյանը իրականացնում է իր վաղեմի ծանոթ,  հայտնի դաշնակահար Ալեսանդրո Ամորետտիի հետ։ Ծրագրի ձայնագրությունները դեռեւս շարունակվում  են Բուդապեշտի երաժշտական կենտրոնում։ Ինչպես մեզ հետ զրույցում  նշեց երգչուհին, այդ երգերը գրվել են իտալացի հայտնի պոետների ստեղծագործությունների հիման վրա։

Այժմ էլ երգչուհին մայիսի 15-ին մեկնելու է  Հարավային Կորեա, ուր հուլիսի 1-4-ը Սեուլի   Կորեական Ազգային թատրոնում  Մինիի դերակատարմամբ հանդես է գալու  Պուչինիի ,,Աղջիկը Արեւմուտքից,, օպերայում։  Այն համարվում է բարդ ու դրամատիկ դեր, որն առաջին  անգամ  Կարինե Բաբաջանյանը կատարել է Լայպցիգի օպերայում։  Կորեայում  ներկայացվելու է առաջին անգամ՝ իտալացի ռեժիսոր Նիկոլա Բեռլոֆֆայի բեմադրությամբ։

Իսկ արդեն տարեվերջին՝ նոյեմբերին, նախատեսվում են հյուրախաղեր Չինաստանի Շանհայ քաղաքում եւ Շվեյցարիայում։

Հաջորդ տարի ՝ 2022 թվականի մարտին նաեւ հայկական ծրագրով երգչուհին հանդես կգա Մոնտե Կառլոյի ,,Արվեստների գարուն,, միջազգային փառատոնում՝ հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանի հետ։ Ծրագրում կհնչեն հայկական եւ միջազգային հանրահայտ ստեղծագործություններ։

Orer.eu

ՕՐԵՐ-ի կողմից  շնորհավորում ենք սիրելի երգչուհուն նոր ձայնասկավառակի առիթով  եւ մաղթում  արգասաբեր  համերգային տարի։