Ապրիլի 30-ին Չեխիայի արտգործնախարարության կենտրոնական մասնաշենքի դիմացի հրապարակում տեղի ունեցավ Հայ երիտասարդկան միության ակցիան։ Չեխահայերը միացան աշխարհի 13 երկրների 25 քաղաքներում կազմակերպված լռության բողոքի ակցիաներին, որոնց հիմնական նպատակն էր տեղի իշխանություններից պահանջել հնարավոր միջոցներով ազդել Ալիեւի կառավարության վրա, որպեսզի ազատ արձակվեն Ադրբեջանում հինգ ամիս շարունակ պահվող 200-ից ավելի հայ ռազմագերիները։ Ինչպես նշեց ակցիայի կազմակերպիչներից Ալբերտ Ղազարյանը, նման ակցիաներ են տեղի ունենում Հայաստանում, Բելգիայում, Խորվաթիայում, Գերմանիայում, Իսրայելում, Իտալիայում, Լեհաստանում, Ռուսաստտանում, Շվեյցարիայում, Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Չի բացառվում, հետագայում այլ ակցիաներ էլ լինեն։
Ակցիայի մասնակիցները պահել էին տարբեր պաստառներ՝ հայ ռազմագրիներին ազատելու կոչերով։ Հայ երիտասարդների պահանջն ընթերցեց կազմակերպության անդամներից Արփինե Սահակյանը։
Հատկանշական էր, որ ցույցին մասնակցող Վալենտին Փափազյանի փոքրիկ որդին՝ Յոզեֆը շոկոլադե սալիկներ բաժանեց ոչ միայն մասնակիցներին, այլեւ ակցիան վերահսկող ոստիկանության ներկայացուցիչներին։ Ողջ ակցիայի ընթացքում հնչեցին հայկական ազգային ժողովրդական երգեր։
Խաղաղ ցույցը լուսաբանում էին նաեւ չեխական լրատվամիջոցները։
orer.eu