Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության, այս հարցում հետագա կարևոր անելիքների, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախի հիմնահարցի շուրջ զրուցել ենք «5165» շարժման հիմնադիր անդամ, «Հայրենիքի վերականգնման և զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովհաննես Ղազարյանի հետ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ապրիլի 24-ի ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» բառը, ինչը միջազգային քննարկման առիթ դարձավ: Պարոն Ղազարյան, ինչ նպատակ ուներ այս քայլը և ինչ կտա այն մեզ:
Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճամաչման հարցն ընդամենը ժամանակի հարց է։ Նախագահ Բայդենի հայտարարությունը կարևորագույն և սպասված հանգրվան էր այդ ուղղությամբ։
Ցեղասպանության հանցագործությունը դուրս է ազգային սահմաններից, և միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ մարդկության դեմ հանցագործություններն իրականացվում են միջազգային համակարգի ձախողման արդյունքում և առանց արժանի, լիակատար ու հետևողական դատապարտման չկա կանխարգելում։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ ոչ մեկ չի կարող իրեն ապահովագրված զգալ այդ սարսափելի հանցագործությունից, քանի դեռ չկա ճանաչում և դատապարտում։ Նաև դա է պատճառը, որ այսօր՝ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, աշխարհը խոսում է Հայոց ցեղասպանության մասին։
Անշուշտ, Նախագահ Բայդենի հայտարարությունն էապես ավելացնում է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վրա եղած միջազգային ճնշումը։ Սա ևս մեկ կարևոր ազդակ է Թուրքիային, որ հիշողությունը չի հնացել, և Թուրքիան պետք է առերեսվի սեփական անցյալին ու հաշտվի հայ ժողովրդի հետ։ ԱՄՆ առաջադեմ հասարակական-քաղաքական շրջանակները միշտ էլ հայ ժողովրդին աջակցել են այս հարցում։ ԱՄՆ 50 նահանգից 49-ը, այդ թվում՝ մայրաքաղաք Վաշինգտոնը, ինչպես նաև օրենսդիր երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Կարելի է ասել, որ այս գործընթացն այլևս անշրջելի է:
Միաժամանակ, մենք որևէ պարագայում չպետք է կորցնենք մեր զգոնությունը։ Պետք է առաջնորդվենք այն ակնհայտ ճշմարտությամբ, որ Հայոց ցեղասպանությունն ավարտված չէ, քանի դեռ ճանաչված չէ իրականացնողի կողմից։ Ցավոք, վերջին Արցախյան պատերազմում Թուրքիայի ու իր հովանավորյալ ահաբեկչական տարրերի ներգրավումը, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ցեղասպանությունը չճանաչող Թուրքիան չի երկմտնի այն ևս մեկ անգամ իրականացնել։
Ուստի, ցեղասպանության ճանաչման հետ կապված ամեն ինչ չէ, որ հուզականության կամ վրեժխնդրության դաշտում է: Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու հիմնական պատճառը Թուրքիային ի վերջո փոխելն է՝ իր իսկ կողմից ցեղասպանության ճանաչմամբ: Երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ իր բոլոր իրավական հետևանքներով, այն բոլորովին այլ երկիր և հարևան կդառնա, քան այսօրվա ցեղասպանությունը ժխտող Թուրքիան է: Ցեղասպանության ճանաչումը վերաբերում է ոչ այնքան անցյալին, որքան Հայաստանի և հայերի ապագա անվտանգությանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտարարել է, որ կա պատրաստակամություն և հնարավորություն Հայաստանի հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում ռազմատեխնիկական համագործակցության: Ի՞նչ եք կարծում, որքանով է սա իրատեսական և նպատակահարմար:
Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական միջավայրում։ Անկախությունից ի վեր մի քանի պատերազմով ենք անցել։ Հետևաբար անվտանգության և պաշտպանության ոլորտին վերաբերող ցանկացած հարց պահանջում է խորքային, համակողմանի վերլուծություն։ Իհարկե, ողջունելի է, որ ԱՄՆ-ն ձգտում է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հայաստանի անվտանգությանը։ Այդուհանդերձ, պետք է հասկանալ, թե խոսքը մասնավորապես ոլորտի որ ուղղություններում, ինչ բովանդակության և ինչ խորության համագործացության մասին է։ Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր է, և այս կազմակերպության շրջանակներում մենք արդեն իսկ ունենք անվտանգության ոլորտում ձևավորված համագործակցություն, այդ թվում նաև՝ երկկողմ ձևաչափով։ Այս առումով խնդիր չեմ տեսնում ցանկացած հարց քննարկելու և շահերի ընդհանուր շրջանակներ գտնելու առումով։
Միաժամանակ, պետք է հստակ ընդգծենք, որ անկախությունից ի վեր անվտանգության և պաշտպանության ոլորտներում ռազմավարական բնույթի համագործակցություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ։ Այն առանցքային տեղ է զբաղեցնում մեր անվտանգային ճարտարապետության մեջ՝ այդ թվում գոյաբանական սպառնալիքներին հակադարձելու համատեքստում։ Այս հանգամանքը բնականաբար չենք կարող հաշվի չառնել ցանկացած որոշում կայացնելիս։
Ալիևը շարունակում է հավակնություններ ներկայացնել Զանգեզուրի և Սյունիքի նկատմամբ: Ի՞ նչ կասեք այս մասին:
Այս իրականությունը մի քանի կողմ ունի․ նախ պետք է արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների մեծագույն ձախողումն է այն, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցից հասել ենք Սյունիքի հարցին։ Այո՛, անհրաժեշտ է կատարվածին ու դրա հետևանքներին սթափ գնահատական տալ։
Եթե նայենք միջազգային իրավունքի տեսանկյունից, ապա մեր օրերում չտեսնված բան է, որ մի երկիր այսքան ակնհայտորեն հավակնություններ ներկայացնի մյուս՝ անկախ, ինքնիշխան, միջազգային հանրության կողմից ճանաչված պետության հանդեպ։ Ինչևէ, անկախ միջազգային հանրության արձագանքից ու միջազգային իրավունքից, մենք մեկընդմիշտ պետք է գիտակցենք, որ առաջին հերթին մենք ենք մեր անվտանգության ու բարօրության երաշխավորը։ Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ պատմության ընթացքում կարողացել ենք պատվով դուրս գալ սրանից ավելի վատ իրավիճակներից, երբ միասնական ու համերաշխ ենք եղել։
Մեզ համերաշխություն է պետք, պետք է համախմբենք մեր ողջ ներուժը, գործի դնենք մեր ողջ դիվանագիտական զինանոցը, զինվենք իրավական գործիքակազմով ու միջազգային բոլոր հնարավոր հարթակներում ու ատյաններում պայքարենք մեր իրավունքների համար։ Եթե այստեղ էլ նախաձեռնող չեղանք, նորից պարտվելու ենք։ Բայց, ցավով պետք է ասեմ, որ երկրի օրվա իշխանությունը նույնիսկ հայտարարությունների մակարդակով ունակ չէ պատշաճ պատասխանել Ալիևի հայտարարություններին։ Էլ չասեմ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում թուլակամությունը։ Ունենք բոլոր հիմքերը՝ պատերազմական հանցագործություններ, բոլոր հնարավոր մարդասիրական կոնվենցիաների խախտումներ, ռազմագերիներ ու նրանց հանդեպ անմարդկային վերաբերմունք, ակնհայտ ոտնձգություններ ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ, մշակութային հանցագործություններ և այլն։
Թեև կրկնվում եմ, բայց նորից պետք է նշեմ, քանզի շատ կարևոր է՝ ոչ թե Սյունիքը, այլ հայ ժողովրդի, Հայոց պետականության վախճանն է մեր հարևան Թուրքիայի և Ադրբեջանի վերջնանպատակը։
Դա կարելի է կանխել և պատերազմի աղետալի հետևանքները կարելի է շտկել միայն ներքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությամբ, պետք է համերաշխություն հաստատվի, զարգացնենք ազգ-բանակ և երկիր-ամրոց հայեցակարգերը, մեկտեղենք մեր ուժերն ու կարողությունները, պրոֆեսիոնալների կառավարություն ձևավորենք, Հայաստան-Սփյուռք կապերը նորոգենք ու փոխենք դրանց որակն ու բովանդակությունը, ամենօրյա քրտնաջան ու բարդ աշխատանք կատարենք՝ վերականգնելու համար այն, ինչը կորսվեց։
Հեշտ չէ, բայց այլըտրանք չկա։
Այս պահին Արցախի հիմնախնդիրը գտնվում է միջանկյալ վիճակում: նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած 9 կետից բաղկացած կրակի դադարեցման համաձայնության մեջ կան արդյոք իրավունքի խախտումներ, միջազգային իրավունքի տեսակետից իրացվելի՞ են:
Կարծում եմ՝ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի մեկնարկից ի վեր ՀՀ իշխանությունների կողմից ընդունված որոշումները եղել են սպոնտան, չհիմնավորված, չհաշվարկված, ոչ պրոֆեսիոնալ ու չեն բխել ՀՀ ազգային շահերից։ Օրինակ՝ որքանո՞վ էին տարածքների հանձնման ժամկետները բավարար այնտեղ բնակվող հայության տեղափոխումը քիչ թե շատ պատշաճ կազմակերպելու համար։ Որքանո՞վ էին ժամկետները բավարար մեր պատմամշակութային ժառանգությունը հնարավորինս փրկելու տեսանկյունից։ Որքանով է բանակցվել սահմանաբաժանման սկզբունքները մեր գյուղերի բնակչության համար անվտանգության բավարար պայմաններ ապահովելու առումով։ Արդյո՞ք ունենք վերլուծություն, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության համար միանգամից ու առանց նախապայմանների տնտեսական ուղիների ապաշրջափակումը՝ հաշվի առնելով Թուրքիայի տնտեսության ծավալները։ Կարևորագույն հարց՝ ինչպե՞ս կարող ենք խոսել խաղաղության և փոխվստահության մասին, եթե ունենք գերիների խնդիր։
Այդ փաստաթուղթը միանշանակ որակում եմ որպես կապիտուլացիա, որը մեծ բարոյական հարված էր ողջ հայ ժողովրդին։ Կառավարության՝ երկրի սահմաններն ու իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու կարողության հանդեպ հավատի կորուստը, հավանաբար, այս պարտության նույնքան կարևոր հետընթացներից է, որքան կրած նյութական կորուստները:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման ցանկացած լուծում պետք է հարգի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը: Սա չի չեղարկվել, և Մինսկի խմբի համանախագահներն ունեն միջազգային հանրության կողմից ստացած մանդատ, որպեսզի զբաղվեն այս խնդրի կարգավորմամբ։ Այնտեղ ամրագրված է երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում: Ըստ էության, համանախագահ երկրները վերոնշյալ սկզբունքների երաշխավորն են, բայց բանակցող կողմերից մեկը՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտել է առնվազն մեկ սկզբունք՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը: Ադրբեջանը պետք է հստակ պատասխանատվություն կրի այս սկզբունքների խախտման համար: Վաղ թե ուշ Ադրբեջանը ստիպված է լինելու նստել բանակցային սեղանի շուրջ այս սկզբունքների հիման վրա։
Հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարն ինչպիսի՞ն է Ձեր դիտարկմամբ:
Ռուսասատանի հետ մեր հարաբերություններն ունեն դարերի պատմություն և հիմնված են ընդհանուր շահերի վրա՝ առաջին հերթին անվտանգային։ Արցախյան պատերազմի համատեքստում շատ է կարևորվում անվտանգային բաղադրիչը, ինչը բնական է։ Բայց հայ-ռուսական հարաբերությունները շատ ավելի ընդգրկուն են և բազմաչափ։
Հայաստանը ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է կառուցի ոչ թե որպես անվտանգության երաշխիքներ սպառող երկիր, այլ որպես արժեքավոր գործընկեր։ Անհրաժեշտ է համատեղ ծրագրեր մշակել, որտեղ Հայաստանն իր ներդրումը կարող է բերել՝ որպես մտավոր կապիտալ ունեցող երկիր։ Դա կարող է լինել նորարարության, կիբեռանվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում։
Տեսնում եմ մեծ հնարավորություններ Ռուսաստանի հետ հարաբերություններին նոր որակ հաղորդելու տեսանկյունից։ Լիարժեք չենք օգտագործում նաև ռուսաստանահայության ներուժը՝ նախ և առաջ որպես մտավոր կապիտալ։