2021թ. ապրիլի 24-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հայկական գերեզմանատանը տեղադրված Հայոց Ցեղասպանությանը նվիրված խաչքարի մոտ, այնուհետև Սոֆիայի «Երևան» պուրակում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցան Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Այս մասին հայտնում է Հայաստանի դեսպանությունը։
Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Եդիգարյանը, դեսպանության անձնակազմի ուղեկցությամբ, հայկական գերազմանատանը և «Երևան» պուրակում ծաղկեպսակներ զետեղեց զույգ խաչքարերի առջև և հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության բյուրավոր Սրբացյալ նահատակներին:
Վառնա քաղաքում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին տեղի ունեցավ ավանդական ջահերով երթ, որին իրենց մասնակցությունը բերեցին մեծ թվով հայ համայնքի ներկայացուցիչներ և բուլղար քաղաքական ու հասարակական գործիչներ և մտավորականներ: Ապրիլի 24-ին տեղի ունեցավ Հիշատակի երթ և Խոնարհումի երեկո, ինչպես նաև ծաղիկների զետեղում: Ելույթներով հանդես եկան հայ և բուլղար հասարակական-քաղաքական գործիչներ:
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Պլովդիվի Սուրբ Գևորգ եկեղեցում Տեր Հրաչ քահանա Մուրադյանը մատուցեց Սուրբ Պատարագ: Այնուհետև կատարվեցին ծաղկեպսակների զետեղման արարողություններ: Նույն օրը, ինչպես ամեն տարի, կազմակերպվել էր նաև կամավոր դոնորական արյան հանձնում՝ ի հիշատակ հայոց միլիոնավոր զոհերի:
Բուրգաս քաղաքի հայկական եկեղեցու բակում տեղադրված հուշաքարի մոտ կայացավ ցեղասպանության զոհերի հիշատակի և մոմավառության արարողություն, ուր իրենց մասնակցությունը բերեցին հայ համայնքի ներկայացուցիչներ և բազմաթիվ բուլղար գործիչներ:
Հիշատակի բազմաբնույթ միջոցառումներ են անցկացվել նաև Բուլղարիայի մի շարք այլ հայաշատ քաղաքներում՝ Սլիվենում, Ռուսեում, Շումենում, Խասկովոյում, Վառնայում և այլ քաղաքներում:
orer.eu