Ապրիլի 24-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր Տաճարի մոտ տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին: Միջոցառման կազմակերպիչներն էին Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմը, Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը:
Բացման խոսքով հանդես եկավ Բեռլինի Ազատ համալսարանի օսմանագետ պրոֆ. դր. Էլկե Հարթմանը։
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում ընդգծեց հիշողության պահպանման և հաջողրդ սերունդներին փոխանցման կարևորությունը: Դեսպանը նաև անդրադարձավ ավելի քան մեկ դար շարունակվող Թուրքիայի հակահայկական քաղաքականությանը՝ որպես դրա վառ ապացույց նշելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած վերջին պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին համակողմանի սատարումը։
Կոմիտասյան կատարումներով հանդես եկան Բեռլինի պետական օպերայի մեներգչուհի Նարինե Եղյանը, դաշանակահար Ժորա Սարգսյանը, դուդուկահար Հովհաննես Մարգարյանը և երգիչ Արտակ Կիրակոսյանը:
Հիշատակի միջոցառումը եզրափակվեց Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի Բեռլինի հոգևոր հովիվ Եղիշե վարդապետ Ավետիսյանի բարեխոսական աղոթքով:
Հիշատակի միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի, ԱԳՆ, Բեռլին երկրամասի և այլ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև գերմանահայ համայնքային կառույցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
orer.eu