Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 May be an image of outdoors and monument
 
 
 
Ապրիլի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը:

Հուշահամալիրում՝ անմար կրակի մոտ, Վեհափառ Հայրապետի նախագահությամբ կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
May be an image of 4 people, people standing and outdoors
2015 թ. ապրիլի 23-ին, երբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասման արարողությունը, ապրիլի 24-ը հռչակվեց «Յիշատակ Սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս Ցեղասպանութեան Հայոց վասն հաւատոյ եւ վասն Հայրենեաց»:Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս օրը հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
 
Հնթացս Սուրբ և Անմահ Պատարագի ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով:
«Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում և գաղթի անապատներում թողնելով մեկ և կես միլիոն նահատակների։
 
20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսևորումներով։
Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնություններից ու բախումներից և նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրավունքների պաշտպանությանը։ Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է և համախմբումը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։
Մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսավոր ապագան՝ հանուն ազգի ու հայրենյաց», - ասված էր Հայրապետական ուղերձում:
Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:
 
 
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՈՒՐԲ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
 
Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում և գաղթի անապատներում թողնելով մեկ և կես միլիոն նահատակների։
20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսևորումներով։
Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնություններից ու բախումներից և նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրավունքների պաշտպանությանը։ Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է և համախմբումը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։
Մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսավոր ապագան՝ հանուն ազգի ու հայրենյաց: