«1915թ․ Օսմանյան կայսրությունում սկսված հայ բնակչության կանխամտածված և ծրագրավորված զանգվածային կոտորածներն ու տեղահանությունը սկիզբ դրեցին նաև մշակութային ցեղասպանությանը, որը տարբեր ուժգնությամբ տևեց տասնամյակներ։
1919թ․ Փարիզի վեհաժողովում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված պաշտոնական տեղեկագրի համաձայն ավերվել էր 1860 եկեղեցի և 229 վանք։ Սա խիստ նախնական և ոչ ամբողջական տվյալներ էին և հաջորդ տարիներին այս թիվը միմիայն աճել է, քանի որ մշակութային ավերածությունները ոչ միայն շարունակվեցին, այլև տարածվեցին 1920թ-ին Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետությունից գրավված տարածքներում, այդ թվում «հազար ու մի եկեղեցիների քաղաք» Անիում։ Ոչնչացված մշակութային ժառանգությունը ներառում է նաև տասնյակ հազարավոր միջնադարյան ձեռագիր մատյաններ, խաչքարեր, աշխարհիկ և կրոնական այլ սեփականություն:
Մեր օրերում հայաթափված տարածքներում Թուրքիայի գործելակերպը շարունակեց Ադրբեջանը։ Մշակութային ցեղասպանության սահմռկեցուցիչ օրինակ է Նախիջևանի հայկական հուշարձանների զանգվածային ոչնչացումը, որը թերևս չունի որևէ զուգահեռ մարդկության պատմության մեջ։ Նախիջևանը, որն իր անվան մեջ կրում է Աստվածաշնչային ավանդության դրոշմը, 1997-2006թթ․ ենթարկվեց պետական մակարդակով կազմակերպված լայնածավալ մշակութային կոտորածի, որի արդյունքում իսպառ ավերվեցին 28 հազար մշակութային օբյեկտներ, որոնցից 89 միջնադարյան եկեղեցիներ և շուրջ 6 հազար միջնադարյան խաչքարներ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի իշխանությունները նախ փորձեցին փոխել հայկական հուշարձանների ծագումնաբանությունը, ապա, իրենք էլ չհավատալով սեփական շահարկումներին, որոշեցին ամբողջովին ոչնչացնել Նախիջևանի հայկական ինքնության անխոս վկաներին։
2020թ-ին՝ Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց, մենք կրկին առերեսվեցինք նույն տրամաբանությամբ և մեթոդներով ծրագրված և իրականացվող արհավիրքի: Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում և դրա հետևանքով հայ ժողովրդի մի հատվածը հայտնվեց բնաջնջման, հայրենազրկման, իսկ նրա մշակութային ժառանգությունը՝ ամբողջական ոչնչացման վտանգի առջև:
Ուստի, այսօր մեզ համար խիստ հրատապ է դարձել Արցախում Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված հազարավոր մշակութային, այդ թվում՝ կրոնական հուշարձանները փրկելու խնդիրը, մանավանդ որ արդեն կան ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորված մշակութային կոթողներ, ինչպես օրինակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին և Կանաչ ժամը։ Վտանգված մշակութային ժառանգությունն ընդգրկում է մոտ 1500 մշակութային օբյեկտներ, այդ թվում 161 եկեղեցիներ, մոտ 600 խաչքարեր, հնագիտական վայրեր, աշխարհիկ ճարտարապետության՝ պալատների, կամուրջների յուրահատուկ նմուշներ, շուրջ 19 հազար թանգարանային առարկա»: