Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Հիշատակի օրվա կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից հրապարակված նախագահական ամենամյա ուղերձում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված կոտորածը որակվեց ‘’ցեղասպանություն’’:

Այսպիսով Ամերիկայի Միացյալ Նահանգները, պատմության մեջ առաջին անգամը լինելով, նաեւ նախագահի մակարդակով է 1915-1923 թվականների իրադարձությունները ճանաչում որպես ցեղասպանություն:

 Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայն ռադիոկայանը։ 

 Հայաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ 

Ողջունում ենք նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձը, որով ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն: Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից:

Հայոց ցեղասպանության դժվարին օրերին ամերիկյան կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր: ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտությանը և արդարությանը զորավիգ կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները:  

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը համամարդկային խնդիր է: Այսօր ԱՄՆ իշխանություններն աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին: 

Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում:

 

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին.

 
 Ձերդ գերազանցություն,

 

Հայաստանի ժողովուրդը և աշխարհասփյուռ հայությունը մեծ ոգևորությամբ ընդունեցին 1915-23թթ. Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու վերաբերյալ Ձեր ուղերձը։ Բարձր եմ գնահատում Ձեր սկզբունքային դիրքորոշումը, որը հզոր քայլ է ճշմարտության և պատմական արդարության ճանապարհին և անգնահատելի զորակցություն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին։

Ցանկանում եմ հատուկ նշել նաև 2019 թ․ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերը և արձանագրել, որ Ձեր ուղերձով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը Միացյալ Նահանգներում հասավ իր նպատակին։

Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն 1.5 միլիոն անմեղ զոհերին հարգանքի տուրք տալու, այլև նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը կանխարգելելու համար։

 

Հայաստանի Հանրապետության համար ճանաչումն ինչպես ճշմարտության և պատմական արդարության, այնպես էլ անվտանգության հարց է հատկապես անցած տարի մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո։

Լիովին կիսում եմ Ձեր այն միտքը․ «Եթե մենք լիարժեքորեն չենք ճանաչում, ոգեկոչում և ուսուցանում մեր երեխաներին ցեղասպանության մասին, ապա «Այլևս երբեք» բառերն իմաստազրկվում են։

 Վարչապետ Փաշինյանն արդեն շնորհակալ ական նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահին։ 

Մեծարգո պարոն Բայդեն,

 

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միջազգային հանրությանն ուղղված պահանջված ուղերձ է, որը վերահաստատում է միջազգային հարաբերություններում մարդու իրավունքների և արժեքների առաջնայնությունը։ Այդ տեսակետից այն քաջալերող և ոգեշնչող օրինակ է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են միասին կառուցել արդար և հանդուրժող միջազգային հասարակություն։

 

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը։

orer.eu