Հարգելի բարեկամներ,
Այսօր մենք նշում ենք Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում հայերի և այլ ազգերի զանգվածային կոտորածների 106-րդ տարելիցը:
Ես անհամբեր սպասում էի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին, սակայն, ցավոք, համաճարակային իրավիճակն ինձ խանգարեց այն իրականացնել: Բայց ես հավատացած եմ, որ կայցելեմ Հայաստան և, իհարկե, կլինեմ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:
Որպես Չեխիայի խորհրդարանի խոսնակ՝ ես պետք է հիշատակեմ Ֆրանց Վերֆելին՝ գերմանախոս հրեա գրողին, որն անքակտելիորեն կապված էր Պրահայի հետ, որտեղից ես ձեզ ողջունում եմ: Իր «Քառասուն օր» գրքում նա նկարագրում է Մուսա լեռան պաշտպանների դիմադրությունը, որն ուժ էր տալիս նացիզմի դեմ պայքարող հրեական գետտոների դիմադրության մարտիկներին և ապստամբներին:
Պատմությունը պետք է ներկայացնեն պատմաբանները, իսկ մենք՝ քաղաքական գործիչներս ու քաղաքացիները, պետք է այսօր հիշենք պատմությունը, չմոռանանք այն, որպեսզի այն չկրկնվի իր մութ կողմերով:
Չորս տարի առաջ, Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նացիստների կողմից վերահսկվող տարածքներում հրեա, գնչու և սլավոն բնակչության դեմ իրագործված մարդկության դեմ հանցագործությունները դատապարտելիս, հիշատակեց նաև Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը, ինչպես նաև՝ երկրագնդի այլ տարածքներում կատարված ցեղասպանական բռնությունները։
Միևնույն ժամանակ, Պատգամավորների պալատը միջազգային հանրությանը կոչ արեց արդյունավետորեն կանխել աշխարհում մարդու և քաղաքացու իրավունքների ոտնահարումները և վեճերը լուծել խաղաղ ճանապարհով:
Ուստի թույլ տվեք ինձ՝ այս ուղերձով իմ համերաշխությունը հայտնել ողջ հայ ժողովրդին:
Ռադեկ Վոնդրաչեկ
Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ