Սերժ Սարգսյանի հրաժարականից երեք տարի անց, հեղափոխության հանդեպ ատելության և անեծքի այս մթնոլորտում հարց է առաջանում, թե արդյո՞ք հեղափոխությունն էր մեղավոր այս աղետալի իրավիճակի համար: Իմ համոզմամբ՝ ոչ: Հեղափոխությունը մեղավոր չէր, այլ նրանք, ովքեր թույլ տվեցին, որ հեղափոխությունը յուրացվի, մսխվի, փոշիացվի, այլակերպվի Նիկոլ Փաշինյանի կողմից:
Հեղափոխությունից երեք տարի անց այդ հեղափոխության դասերը, իմ համոզմամբ, հետևյալն են՝
1. Հայաստանի որևէ ղեկավար չպետք է այնքան կեղեքի հանրությանը, որ նրա հեռանալը դառնա միակ քաղաքական օրակարգը:
2. Հայաստանի որևէ ղեկավար չպետք է այնքան հոգնեցնի հանրությանը, որ նույն հանրությունը չկամենա, չփորձի մտածել, թե ով է ստանձնելու պետության ղեկը հեղափոխությունից հետո:
3. Հայաստանի որևէ ղեկավար չպետք է այնքան զզվեցնի հանրությանը, որ նրա վերադարձի հնարավորությունները տրավմատիկ հիշողություն դառնան հանրության համար:
4. Հայաստանի որևէ ղեկավար չպետք է այնպես կառչի իշխանությունից, որ նրա հեռացումը համահայկական ընդվզում առաջացնի:
5. ՀՀ յուրաքանչյուր ղեկավար պետք է գիտակցի, որ նա երկու ճանապարհ ունի հեռանալու՝ ընտրությունների կամ հեղափոխության արդյունքում:
6. Հայաստանի հանրությունը պետք է գիտակցի, որ միայն մերժմամբ և ատելությամբ պետություն չի կարելի կառուցել, որովհետև երբ կգա կառուցելու ժամանակը, ատելությունից արդեն ուժասպառ կլինեն բոլորը:
7. Հանրությունը պետք է գիտակցի, որ իր այսօրվա հերոսը վաղվա դավաճանը կարող է դառնալ, եթե ինքը քաղաքականության մեջ շարունակի առաջնորդվել պարզամտությամբ:
8. Քաղաքական դաշտը և քաղաքական միտքը չպետք է այնպես հրկիզել, որ ամեն մի բախտախնդիր, երկու շաբաթ քայլելուց հետո, չդառնա պետության ղեկավար:
9. Հեղափոխության նպատակը չի կարող միայն իշխանափոխությունը լինել, այլ հիրավի հեղափոխական մեծ փոփոխություններն ու նվաճումները:
10. Հեղափոխությունը պետք է ավարտել, հակառակ դեպքում այն երբեք չի ավարտվում և հընթացս փոխվում է քաոսի, անիշխանության կամ բռնապետության:
11. Հեղափոխության այս դասերը ո՛չ միայն հանրության, ո՛չ միայն նախկինների, ո՛չ միայն ներկաների, այլ նախևառաջ հեղափոխության երբեմնի առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի համար են, որն այժմ Տարաս Բուլբային է նման է. նա ծնեց հեղափոխությունը, նա էլ սպանեց այն: Բայց եթե Տարաս Բուլբան սպանեց որդիներին դավաճանության համար, ապա Նիկոլը ինքը դավաճանեց հեղափոխոությանը:
Բայց արդյո՞ք միայն հեղափոխությանը:
Նարինե Մկրտչյան