Մենք՝ 2021թ. ապրիլի 17-ին տեղի ունեցած մայրերի հավաքի ներքոստորագրյալ մասնակիցներս,
Թուրքիայի ամենագործուն աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա պատերազմը համարելով հայության դեմ ցեղասպանության քաղաքականության շարունակություն՝
խստագույնս դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության գործող քաղաքական ղեկավարությանը՝ այս պատերազմը չկանխելու և չարամտորեն այն տանուլ տալու հարցում։
Դատապարտելով միջազգային հանրության ցուցաբերած անտարբերությունը թուրք-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի սանձազերծած պատերազմին համարժեք արձագանք չտալու հարցում,
վկայակոչելով Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների նկատմամբ բացահայտ հավակնություն դրսևորելու, հայության հանդեպ պետական մակարդակով շարունակվող ատելության հանգամանքները,
վկայակոչելով միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ հայ ռազմագերիներին չվերադարձնելու, նրանց արհեստականորեն ռազմական հանցագործներ համարելու և ապօրինաբար անազատության մեջ պահելու, խոշտանգելու և ստորացնելու փաստերը,
Թուրքիայի և Ադրբեջանի վարքագիծը համարելով Հայաստանի նկատմամբ գոյութենական սպառնալիքի դրսևորման քաղաքականություն՝
հայտարարում ենք, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ. Ադրբեջանը պետք է վերադարձնի Արցախի Հանրապետությունից բռնազավթած և Հայաստանի Հանրապետությունից վերջինիս ղեկավարության թողտվությամբ յուրացրած տարածքները:
Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի հետ կոմունիկացիաները բացելու քաղաքական ուղեգիծը, քանի դեռ Արցախի հիմնահարցը չի ստացել իր արդարացի լուծումը՝ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի համատեքստում:
Ադրբեջանի հետ կոմունիկացիաների բացելու, առևտուր անելու, Թուրքիայի հետ հաշտվելու այս պարտվողական օրակարգը, որ սահմանում է ՀՀ գործող քաղաքական ղեկավարությունը՝ կեղծ թեզերով մոլորեցնելով ՀՀ ազգաբնակչությանը, համարում ենք չափազանց վտանգավոր՝ նկատի ունենալով Սիրիայում, Իրաքում, Աջարիայում Թուրքիայի ռազմաքաղաքական և տնտեսական էքսպանսիայի օրինակները և Հայաստանի գլխին ծառացած վտանգը՝ Թուրքիայի ղեկավարության բացահայտ նեոպանթյուրքիստական արտաքին քաղաքականության համատեքստում:
Հայտարարում ենք, որ Թուրքիայի հետ հաշտեցումը կարող է տեղի ունենալ միայն Հայաստանի հզորացման, իր ուժերով սեփական կենսական շահերը պաշտպանելու հնարավորության վերականգնման պարագայում, ինչպես նաև այն դեպքում, երբ Թուրքիայի ղեկավարությունը մի օր անկեղծ զղջում կարտահայտի հայությանը հայրենազրկելու,որպես էթնոմշակութային տեսակ և որպես քաղաքական գործոն վերացնելու՝ մոտ մեկուկես հարյուրամյակ առաջվանից մեկնարկած և մինչ օրս շարունակվող քաղաքականության կապակցությամբ ու կդադարեցնի այն:
orer.eu