2021 թվականի ապրիլի 24-ի նախօրյակին փաստենք, որ 2020 թվականը աղետալի հետևանքներ ունեցավ մեր ժողովրդի համար, որն, անշուշտ, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հետագա զարգացման համար նոր մարտահրավերներ է առաջացրել.
- Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի աննախադեպ անկում և արտաքին քաղաքականության անորոշություն, վատթարագույն հարաբերություններ ստրատեգիական դաշնակից և հարևան պետությունների հետ,
- Հայրենիք-Սփյուռք պետական քաղաքականության, Սփյուռքի համայնքների հետ համակարգված աշխատանքի գրեթե բացակայություն,
- Մարդկային և տարածքային հսկայական կորուստներ, գնալով ահագնացող քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական ճգնաժամ, զանգվածային արտագաղթի մեծ վտանգ և ժողովրդագրական լրջագույն խնդիրներ,
- Արցախի Հանրապետության կարգավիճակի անորոշություն, ազգային բանակին, հայկական պետության անվտանգային համակարգին, պետականությանն ու սուվերենությանն ուղղված լուրջ սպառնալիքներ,
- Հանրության շրջանում բարոյահոգեբանական անկում, ապագայի հանդեպ անվստահություն, համազգային վտանգների գիտակցության, մասնատվածություն, ատելության մթնոլորտ, որոնք իրենց արձագանքն են գտնում նաև Սփյուռքում:
Հայաստանի, Արցախի և ողջ հայության համար պետական և ազգային անվտանգությանը, ազգային գոյապահպանական լուրջ սպառնալիքներով օրհասական այս իրադրության պայմանները օրակարգային են դարձնում նաև Սփյուռքի հետ ունեցած հարաբերությունների, գործակցության, առհասարակ Սփյուռքի՝ համազգային խնդիրների լուծմանը մասնակցության և դերակատարության հայեցակարգային մոտեցումների վերանայումը: Սպասվող ընտրությունների արդյունքում ձևավորվող նոր կառավարության կարգախոսը Հայրենիք-Սփյուռք գործակցության բնագավառում պետք է լինի՝ «Հզոր և զարգացած Հայաստան, ուժեղ և կազմակերպված Սփյուռք», որ խտացումն է մեր համատեղ ձգտումների, ազգային իղձերի։
Այս առումով մեր ազգային-պետական ռազմավարությունը պետք է ունենա հայեցակարգային դրույթներ Հայկական Սփյուռքի հետ պետության հարաբերության, Սփյուռքի հետ գործակցության քաղաքականության վերաբերյալ: Հայրենիք-Սփյուռք համագործակցության համատեքստում գլխավոր շեշտը պետք է դնել պետականակենտրոն մտածողության վրա: Սփյուռքի հետ համակարգված քաղաքականության համատեքստում արդեն ՀՀ-ն դիտվում է ոչ միայն Հայաստանի բնակչության պետություն, այլ՝ համայն հայության: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետություն պետության գոյությունը նաև ազգի գոյատևման երաշխիքն է: Իր հերթին Սփյուռքն իր բազմազանությամբ, աշխարհում տարածվածությամբ պետք է դիտվի որպես Հայաստան պետության շուրջ համախմբված ազգային ուժ, սուբյեկտ՝ կողմ պետականաշինության մեջ, ընդլայնված մասնակցությամբ պետական կառավարման, տնտեսական, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի զարգացման, պետության և հասարակության կենսագործունեությունն ապահովող մյուս բնագավառներում:
Պետք է մշակել Համազգային օրակարգ․ Հայաստանում և Սփյուռքի համայնքներում որդեգրել այն քաղաքականությունը, որ Հայաստանը չպետք է դիտարկել որպես Հայրենիք՝ նրանով հիանալու, այնտեղ հանգստանալու և արհավիրքների ժամանակ օգնելու զգացական պահանջներով, ցանկությամբ կամ պարտավորությամբ: Պետք չէ Սփյուռքն անջատել Հայաստանից՝ պետությունից, Սփյուռքը պետք է համախմբվի հայկական պետության շուրջ: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին Սփյուռքի նկատմամբ ունի պարտավորություններ: Սփյուռքահայը բնակության իր երկրի օրինապահ քաղաքացի լինելու հետ մեկտեղ պետք է ունենա այն գաղափարական համոզմունքը, որ ինքը, լինելով հայ, գիտակցելով իր ազգային պատկանելությունը, Հայաստան պետությունը, իր էթնիկ հայրենիքի անկախությունը, պետականությունն իրենն են, Հայաստան պետության և հայ հասարակության մի մասնիկն է, ինքը Հայաստանում ներկայություն է, նույն հայաստանցիներից մեկն է, կրում է իր վրա իր էթնիկ պետության հոգածությունը, օգտվում է քաղաքացու իրավունքներից և ազատություններից: Եվ, որ շատ կարևոր է, իր ազգային պետության՝ Հայաստանի Հանրապետության, նաև՝ Արցախի հաջողություններում ու խնդիրների լուծման գործում ունի նաև պարտավորություններ, որ կարող է և պարտավոր դրսևորել ամենատարբեր գործողություններով:
Սփյուռքի հետ համազգային օրակարգի խնդիրները, համազգային ռազմավարական ծրագրերը համատեղ լուծելու նպատակով Սփյուռքի հետ հարաբերությունները, Սփյուռքի կազմակերպումը, աշխատանքների համակարգումը պետք է իրականացնի պետությունը: Սփյուռքի համար ծրագրերի իրագործման գլխավոր նախաձեռնողն ու պատասխանատուն նույնպես պետությունը պետք է լինի՝ ամենաբարձր մակարդակով:
Հայաստանն է հայության համախումբ կենտրոնը, աշխարհի հայությունը պետք է համախմբվի հայկական պետության շուրջ, պետք է հասնենք Հայաստանակենտրոն, պետականամետ, Հայաստան-ազգային պետության պետական մտածողության տեր հայության, հայկական աշխարհի ձևավորմանը: Ազգային գաղափարախոսության այս հիմնադրույթի իրականացումը պետք է դառնա ազգային կրթության և հայրենասիրական դաստիարակության հիմնաքարը:
Համահայկական խոշոր կառույցներն, անշուշտ մեծ դերակատարություն ունեն և Սփյուռքում և Հայրենիքում, սակայն նրանք ոչ թե պետք է մրցակցեն պետության հետ, առանձին, շատ հաճախ՝ իրենց նախընտրած ծրագրերն իրականացնեն, այլ պետության հետ համատեղ մասնակցություն ունենան համազգային օրակարգի խնդիրների լուծմանը: Համահայկական, սփյուռքյան մյուս կառույցները միաժամանակ պետք է ունենան նաև վերահսկողության, նյութական, ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագորման հաշվետվություն պահանջելու իրավունք:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակառուցման և կարգավիճակային և կանոնադրական փոփոխությունների կարիք ունի: Կարևոր է Հիմնադրամի բացարձակ անկախության, գումարների մասով՝ անձեռմխելության պայմանների ամրակայումը:
Ազգային անվտանգության ռազմավարության մեջ Հայաստանի Հանրապետությանը, Արցախին և Սփյուռքին ուղղված մարտահրավերները պետք է դիտարկել որպես համազգային՝ պետականության, հայրենիքի, գոյապահպանությանն ու հայապահպանությանն ուղղված մարտահրավերներ և սպառնալիքներ: Հայաստանի և Սփյուռքի խնդիրները համազգային օրակարգում պետք է լինեն հավասարապես, տարանջատում չպետք է լինի, և պետք է լուծվեն համընդհանուր ազգային ռազմավարական ծրագրերի շրջանակներում:
Սփյուռքի համար այդ մարտահրավերներն են՝ ուծացման գործընթացը, արտերկրում գտնվող հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության պահպանումը, արևմտահայերենի պահպանումը, հակամարտությունների գոտիներում գտնվող հայկական համայնքներում կենսապայմանների վատթարացումը և ֆիզիկական գոյության վտանգը:
Շատ կարևոր է, որ ՀՀ-ն պատրաստ լինի ձեռնամուխ լինելու կազմակերպված հայրենադարձության իրականացմանն այն դեպքում, եթե աշխարհաքաղաքական դիմակայության սրացում տեղի կունենա և որևէ տարածաշրջանի հայության ազգային անվտանգության ապահովման նպատակով խնդիրներ կառաջանան:
Պետությունը պետք է հետամուտ լինի նախ՝ համայնքային կազմակերպությունների, համահայկական կառույցների՝ Հայաստանի հետ ուղղահայաց, և երկրորդ՝ միջհամայնքային, այդ թվում՝ տարբեր երկրների, զուգահեռ կապերի, հարաբերությունների մշտական համակարգի ստեղծման և զարգացման հարցում, որը կվերաճի համահայկական ցանցի: Դրան մեծապես կնպաստի ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունների և ռեսուրների օգտագործումը:
Հայաստան - Արցախ - Սփյուռք եռամիասնությունը պետք է դիտարկել հայության գոյապահպանության, պետականության հիմքերի ամրապնդման, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պաշտպանունակության ամրապնդման, տնտեսության վերականգնման, հայ հանրության պառակտվածության վերացման և բարոյահոգեբանական միասնության վերականգնման, Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման, Սփյուռքում ազգային ինքնության պահպանման խնդիրների լուծման կենսական կարևորության ամբողջության մեջ:
Նոր պայմաններում առավել ևս կարևորվում է Հայության ներուժի համախմբումը, Հայաստանի կառավարմանը Սփյուռքի մասնակցության ապահովումը, հարց, որը դարձել է Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովների օրակարգային քննարկումների առարկա: Ազգային կամ այլ անվանումով՝ Համահայկական խորհրդը պետք է լինի Սփյուռքի և Հայրենիքի համատեղ ներկայացուցչական մարմին, կառույց, որը մասնակցում է համապետական, համազգային հարցերի քննարկմանն ու որոշումների կայացմանը: Համահայկական կամ Ազգային խորհրդի ստեղծումը կարող է խթանիչ գործոն լինել սփյուռքահայության ներուժի կիրառմանը Հայաստանի հետպատերազմյան վերականգնման և զարգացման գործում:
Հայրենադարձությունը պետք է դիտարկել որպես Հայաստանի ժողովրդագրական խնդրի լուծման ուղիներից մեկը։ Հայրենադարձության մասին հայեցակարգ, ծրագիր և օրենքի նախագիծ մշակվել էր դեռևս 10 տարի առաջ․ դրանց շուտափույթ ընդունումը պարտադիր է:
Սփյուռքի ազգային կառույցների, լոբբիստական տարբեր ուժերի հետ մեկտեղ միջազգային հարթակներում և տարբեր երկրներում պետք է շարունակել պայքար մղել ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ, շարունակել Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման ու դատապարտման, նոր թափով՝ Արցախի ճանաչման գործընթացը։
Իսկ այս ամենը արդյունավետորեն իրականացնելու համար Հայրենիք – Սփյուռք հարաբերությունները համադրող ու համակարգող ազդեցիկ պետական կառույցի ստեղծումը, կարծում ենք, պիտի լինի սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվող կառավարության առաջին քայլերից մեկը։
Սիրվարդ Համբարյան, Ատոմ Մխիթարյան
«Հայրենիք – Սփյուռք» նախաձեռնություն